Արյունատար համակարգի անատոմիական բաժանումը հաջորդաբար միացված զարկերակային և երակային անոթների՝ ներկայումս լրացված է նրանց ֆունկցիոնալ դասակարգումով։ Դա բխում է համակարգի գործունեության ֆիզիոլոգիական օրինաչափություններն ուսումնասիրելու անհրաժեշտությունից։ Գոյություն ունեն մի շարք ֆունկցիոնալ դասակարգումներ, որոնցից լայն ճանաչում է ստացել անոթային համակարգի բաժանումը հետևյալ ֆունկցիոնալ խմբերի՝ մեղմիչ (ամորտիզացնող), դիմադրունակ (ռեզիստիվ) անոթներ, անոթ-սեղմաններ, փոխանակային, տարողունակ, զուգահոսքի (շունտավորող) անոթներ։

Մեղմիչ անոթներ։ Մեղմիչ անոթներին են պատկանում աորտան, թոքային և այլ խոշոր զարկերակները։ Դրանք առաձգական զարկերակներ են, որոնք իրենց պատերում պարունակում են համեմատաբար մեծ քանակությամբ առաձգական թելեր։ Շնորհիվ դրա նրանք պայմանավորում են մեղմացնող ազդեցությունը, այսինքն՝ հարթեցնում են արյան հոսքի պարբերական սիստոլային տատանումները։

Դիմադրունակ անոթներ։ Սրանց թվին են պատկանում ծայրամասային զարկերակները, զարկերակիկները և փոքր չափով մազանոթներն ու երակիկները։ Ծայրամասային զարկերակները և զարկերակիկները ունեն համեմատաբար փոքր տրամագիծ, մեծ երկարություն, պատերում պարունակում են հարթ մկանունքի հաստ շերտ։ Նրանց տրամագիծը կախված է այդ մկանունքի կծկման աստիճանից:Նախամազանոթային այս անոթների հարթ մկանունքի կծկումները մեծ դիմադրություն են հանդիսանում և զգալիորեն ազդում են զարկերակային արյան ճնշման և օրգանների արյունամատակարարման վրա։

Անոթ-սեղմաններ։ Դրանք նախամազանոթային զարկերակիկների ծայրամասային հատվածներն են, որոնք ինչպես դիմադրունակ անոթները, կարող են փոխել իրենց տրամագիծը։ Մազանոթների լուսանցքի մեծությունը, ինչպես նաև գործող մազանոթների քանակը կախված է նրանց նեղացումից կամ լայնացումից։

Փոխանակային անոթներ։ Սրանց են պատկանում մազանոթները, որտեղ հիմնականում տեղի են ունենում փոխանակության պրոցեսները։ Մազանոթները ընդունակ չեն կծկվելու, և նրանց տրամագիծը փոխվում է կախված նախա– և հետմազանոթային դիմադրունակ անոթներում և անոթներ-սեղմաններում տեղի ունեցող արյան ճնշման փոփոխություններից։

Տարողունակ անոթներ։ Դրանք հիմնականում երակներն են։ Շնորհիվ պատերի ձգվելու բարձր ունակության դրանք կարող են տեղավորել արյան մեծ քանակություն, կատարելով արյան պահեստի (դեպոի) դեր։ Հատկապես մեծ տարողությամբ են օժտված լյարդի երակները, ընդերքի շրջանի խոշոր երակները, մաշկի ենթապտկիկային հյուսակի երակները։ Արյան կարճատև պահեստավորում տեղի է ունենում նաև թոքային երակներում։

Զուգահոսքի անոթներ։ Սրանք զարկերակ-երակային բերանակցումներ են։ Հանգստի պայմաններում նրանք փակ են և արյունը հոսում է մազանոթներով։ Այդ բերանակցումները բացվելիս արյան մազանոթային հոսքը կամ փոքրանում, կամ էլ ամբողջովին դադարում է։

Սիրտանոթային համակարգի ֆունկցիոնալ սխեմայում առանձնացվում են երեք շրջաններ՝ բարձր ճնշման, անդրմազանոթային փոխանակության և մեծ ծավալի։ Ներանոթային ճնշումն ու արյան հոսքի արագությունը դեպի ծայրամաս փոքրանում են, իսկ արյունատար անոթները գնալով մանրանում ու շատանում։ Մազանոթներում արյան հոսքի արագության նշանակալի նվազումը նպաստում է անդրմազանոթային փոխանակությանը։ Ներանոթային ճնշումն աորտայից մինչև սիներակներ կտրուկ ընկնում է, իսկ արյան ծավալը երակային հունում, ընդհակառակը՝ աճում։ Հետնաբար զարկերակային հունը բնութագրվում է բարձր ճնշմամբ և համեմատաբար արյան փոքր ծավալով, իսկ երակայինը՝ արյան մեծ ծավալով և ցածր ճնշմամբ։ Երակային հունում գտնվում է արյան 75-80%-ը, զարկերակայինում՝ 15-17 %-ը, իսկ մազանոթներում՝3-10 %-ը։

Սիրտանոթային համակարգի կողմից իրականացվող պրոցեսներում առանձնացնում են երեք մակարդակներ.
ա) համակարգային հեմոդինամիկա՝ ապահովում է համակարգի արյան շրջանառության պրոցեսները։
բ) օրգանային արյան շրջանառություն՝ ապահովում է օրգանների և հյուսվածքների արյունամատակարարումը՝ կախված նրանց ֆունկցիոնալ պահանջներից։
գ) միկրոհեմոդինամիկա (միկրոցիրկուլյացիա)՝ ապահովում է անդրմազանոթային փոխանակությունը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին