Անոթաթրոմբոցիտար արյունականգԱնկախ հյուսվածքի վնասման աստիճանից առաջին հերթին և անպայման վնասվում են մազանոթների և մանր անոթների պատերը։ Հետևաբար արյունականգը անխուսափելիորեն սկսվում է անոթաթրոմբոցիտային հեմոստազի մեխանիզմով։ Այն զարգանում է հաջորդաբար իրար պայմանավորող 5 փուլերով.
1. Վնասված անոթների ռեֆլեքսային կծկանք (սպազմ)։ Այս ռեֆլեքսն իրականանում է ի պատասխան ցավային գրգռի։ Դրան միանում է նաև թրոմբոցիտներից անջատված անոթասեղմիչ նյութերի (ադրենալին, նորադրենալին, սերոտնին) ազդեցությունը, որը որոշակի չափով նպաստում է արյունականգին։
2. Թրոմբոցիտների կպչում (ադհեգիա)։ Թրոմբոցիտներն արագությամբ (3-10վրկ) կպչում են էնդոթելի հիմնային թաղանթի կոլագեն թելերին։ Դա պայմանավորված է թրոմբոցիտների բացասական և վնասված անոթի պատի դրական լիցքերի ձգումով։
3. Թրոմբոցիտների դարձելի միացքավորում (ագրեգացիա)։ Թրոմբոցիտները կուտակվում են անոթի վնասված մակերեսին։ Դա տեղի է ունենում անոթի վնասված ջիջներից, թրոմբոցիտներից ու էրիթրոցիտներից անջատված ԱԿՖ-ի ազդեցությամբ։ Առաջանում է թրոմբոցիտային խցան, որը դեռևս փուխր է և թափանցելի արյան պլազմայի համար։
4. Թրոմբոցիտների անդարձելի միացքավորում (ագրեգացիա)։ Սա միացքավորման երկրորդ ալիքն է, որը տեղի է ունենում թրոմբինի և թրոմբոցիտներից առաջացած հզոր միացքավորված նյութի՝ թրոմբոքսան A2-ի ներգործությամբ։ Թրոմբոցիտներն ամուր կպչում են միմյանց (թրոմբոցիտների «մածուցիկ փոխակերպում») և արյան պլազմայի նկատմամբ թրոմբոցիտային խցանը դառնում է անթափանց։ Թրոմբին առաջանում է միայն հյուսվածքային պրոթրոմբինազայի ազդեցությամբ և քանակով շատ չնչին է։ Այն արագացնում է միացքավորումը և նպաստում թրոմբոցիտների թաղանթի քայքայմանը, որի շնորհիվ նրանց բաղադրությունը մղվում է միջավայրի մեջ (այս պահից սկսվում է արյունային պրոթրոմբինազայի առաջացումը)։ Թրոմբոքսան A2-ն առաջանում է թաղանթի պրոստագլանդիններից և արագացնում հոսող արյան թրոմբոցիտների ագրեգացիան։ Թրոմբինի ազդեցությամբ գոյանում է նաև փոքր քանակով ֆիբրին, որի ցանցի մեջ ընդզրկվում են հոսող արյան էրիթրոցիտներն ու լեյկոցիտները և ձևավորվում է թրոմբոցիտային խցան։
5. Թրոմբոցիտային խցանի կրճատում (ռետրակցիա)։ Ձևավորված խցանը թրոմբոցիտներից արձակված թրոմբոստենինի ազդեցությամբ սեղմվում է, ամրանում
և փակում վնասված մանր անոթների լուսանցքը։ Մի որոշ ժամանակ վնասվածքի շրջանում միկրոցիրկուլյացիան տեղի է ունենում զուգահոսքի անոթներով: Անոթաթրոմբոցիտային արյունականգը կյանքում և կենցաղում հաճախակի հանդիպող երևույթ է։ Այն տեղի է ունենում քերծվածքների, մաշկի կտրվածքների ժամանակ և մի քանի րոպեում դադարեցնում է արյունահոսությունը։ Փուլերի զարգացման ընթացքից հետևում է, որ այս արյունականգը որոշակիորեն նախապատրաստում է նաև իրենից հետո սկսվելիք մակարդման արյունականգը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին