Հիշողության ամնեստիկ խանգարում է` ըստ դինամիկայի: Այս ամնեզիան բնութագրվում է հիշողության աստիճանական, անվերադարձ և խորացող կորուստով։ Այս խանգարումը բնորոշ է տարբեր թուլամտությունների, մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությանը, անոթային թուլամտությանը և այլն։ Այս խանգարման նորմալ դրսևորումներից են ծերունիների մոտ հաճախ դիտվող հիշողության առանձնահատկությունները՝ անցյալը լավ են հիշում, ավելի գունեղ, իսկ ներկան՝ վատ և մռայլ։ Հիշողության կորուստն ընթանում է ըստ «Ռիբոյի օրինաչափության»։ Ֆրանսիացի գիտնական Ռիբոն հաստատել է, որ սկզբնական շրջանում թուլամտությամբ տառապող մարդկանց հիշողությունը թուլանում է կյանքի վերջին շրջանի դեպքերի հանդեպ։ Ավելի վաղ շրջանի փորձը մոռացվում է ավելի ուշ։

Պրոգրեսիվ ամնեզիան ընթանում է փուլերով։ Առաջին ախտանիշներից է մոռացկոտությունը՝ անէքվորիայի նշաններով։ Հետագայում ի հայտ է գալիս ֆիքսացիոն հիպոմնեզիա, որը միտված է աստիճանական աճի։ Սրա արդյունքում հիշողությունից սկսում են վրիպել ավելի շատ ընթացիկ փաստեր և իրադարձություններ։ Այնուհետև պրոցեսը աստիճանաբար տարածվում է նաև անցյալի հիշողությունների վրա, սկզբում ընդգրկելով վերջին շրջանի իրադարձությունները, հետո՝ ավելի ու ավելի վաղ ժամանակահատվածներ։ Առաջին հերթին հիվանդները մոռանում են «ժամանակը», իսկ հետո բովանդակությունը, այն է՝ հիշելով իրադարձություններն ու փաստերը, նրանք դժվարանում են «տեղավորել» դրանք ժամանակի մեջ և ըստ հերթականության։ Պրոգրեսիվ ամնեզիայի հաջորդ փուլում սկսում է «խամրել» նաև «բովանդակությունը», վերջին և ոչ հեռավոր շրջանի իրադարձությունների մոռանալու հետ մեկտեղ հիշողության մեջ «փայլատակում են» ավելի վաղ շրջանի (մանկության և պատանեկության) իրադարձությունները, որոնք էլ կազմում են նրանց գիտակցության բովանդակությունը։

Պրոգրեսիվ ամնեզիայի հետագա զարգացումը ավելի շատ և ավելի հիմնովին ու խորն է սպառում հիշողության ծավալը։ Այն, ինչ «ձեռք է բերվել երիտասարդ տարիներին», բազմիցս կրկնվել է տարիների ընթացքում և դարձել ավելի ամուր և ավտոմատիզացված։ Դա էլ հիշողությունից ջնջվում է ամենավերջում։ Կարող է ձևավորվել փաստերի և իրադարձությունների խորը ամնեզիա, սակայն պահպանվել այսպես կոչված «աֆեկտիվ կամ հուզական հիշողությունը», որն արմատավորվում է ամենավաղ մանկական տարիքում։ Աստիճանաբար հիշողությունից ջնջվում է նաև «հուզականը» և մնում է «պարզագույն հմտությունների հիշողությունները»՝ պրաքսիսը, որի խանգարումներն արտահայտվում են ապրաքսիայի ձևով։ Հիշողության այս տիպի խանգարումները դիտվում են հիմնականում գլխուղեղի օրգանական ախտահարումների ժամանակ, որոնք ընթանում են թուլամտությամբ, անձի օրգանական խանգարումներով, հետէնցեֆալիկ և հետկոմային համախտանիշներով, ինչպես նաև գիտակցության մթնշաղային խանգարումների ժամանակ, ծանր դելիրիումների (տենդերի) և երազանման խանգարումների (օնեյրոիդների) ժամանակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին