Ամենցիան արտահայտվում է գիտակցության ավելի խորը խանգարմամբ (շփոթ վիճակ), որին բնորոշ են և աուտոպսիխիկ, և ալլոպսիխիկ օրիենտացիայի խանգարումը։ Հիվանդները հարցերը չեն հասկանում և չեն պատասխանում։ Բնորոշ է մտածողության անկապությունը՝ ինկոհերենցիան, երբ արտահայտում են քերականորեն և տրամաբանորեն չկապակցված առանձին բառեր, միաժամանակ դեմքի մոլորված ու անօգնական հայացքով շուրջն են նայում չհասկանալով թե ինչ է կատարվում իրենց հետ և շրջապատում։ Հուզական ոլորտը խիստ անկայուն է։ Հիվանդները կարող են անհիմն ծիծաղել, ապա լաց լինել, կամ բացարձակ անտարբեր դառնալ։

Հոգեշարժական գրգռվածությունը ընթանում է անկողնու սահմաններում՝ հիվանդները, անկողնու մեջ պառկած, ձեռքերով և ոտքերով միատեսակ շարժումներ են կատարում, թափահարում, վեր ու վար են նետվում, ձգվում, ծռմռվում՝ կորցնելով մեծ քանակով էներգիա, ինչը առաջացնում է հյուծում։ Երեկոյան ժամերին երբեմն հնարավոր է առանձին, կտրտված, հատուկենտ տեսողական ցնորքների և կտրտված զառանցական մտքերի առաջացում։ Ամենցիայի ժամանակ լուսավոր շրջաններ չեն լինում։ Տևողությունը երկար է՝ շաբաթներ, ամիսներ։ Ավարտվում է լրիվ ամնեզիայով և տևական ասթենիայով։ Ամենցիան զարգանում է ծանր սոմատիկ, ինֆեկցիոն հիվանդությունների, հետծննդյան սեպսիսի ժամանակ։ Ընդ որում ամենցիայի զարգացումը վկայում է հիվանդության ծանր ընթացքի և կանխատեսման մասին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին