Տեսողական երկրորդային զուգորդական գոտիների երկկողմանի ախտահարումն առաջ է բերում ալեքսիա։ Համարվում է տեսողական ագնոզիայի ձևերից մեկը։ Ալեքսիան որպես աոանձին համախտանիշ հնարավոր է այն դեպքում, երբ ախտաբանական օջախը տեղակայվում է ձախ ծոծրակային բլթի խորքում` ընդհատելով երկու կիսագնդերից տեսողական ինֆորմացիայի հոսքը դեպի 39-րդ և 40-րդ դաշտերը։ Ծանր դեպքերում հիվանդը չի կարողանում կարդալ ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքում; Թեթև ախտահարման ժամանակ հիվանդը կարդում է, սակայն բաց է թողնում առանձին տառեր կամ մի տառը փոխարինում է մյուսով (տառային պարալեքսիա)։ Նույնը կատարվում է բառերի հետ (բառային պարալեքսիա), կամ հիվանդը հասկանում է կարդացածի միայն մի մասը։ Տեսողական ալեքսիայի ժամանակ ձախ կիսագնդի մյուս կենտրոնները, որոնք կապված են խոսքի գործառնության հետ, մնում են անվնաս։ Պահպանվում է բանավոր խոսքը և գրելու ունակությունը; Ստեղծվում է այնպիսի մի վիճակ, երբ հիվանդը նամակ է գրում, սակայն հենց նոր գրվածից ոչ մի տող չի կարողանում կարդալ։

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հ.Մ. Մանվելյան

Նեյրոֆարմակոլոգիա

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին