Թելակազմ թաղանթ (tunica fibrosa bulbi): Այս թաղանթը ձևավորում է կարծրենին, որը պատում է աչքի արտաքին մասը և ծածկում մակերեսի մեծ մասը: Առջևում փոխվում է եղջերաթաղանթի: 

Կարծրենին (sclera) խիտ շարակցահյուսվածքային թաղանթ է՝ ակնագնդի հետին մասում նրա հաստությունը 0,3–0,4 մմ է, իսկ առջևում՝ եղջրաթաղանթի մոտ՝ 0,6 մմ: Կազմված է աչքի մակերևույթին զուգահեռ դասավորված շարակցահյուսվածքային թիթեղներից, որոնք ունեն սոսնձատու թելեր: Նրանց միջև գտնվում են ֆիբրոբլաստներ և առանձին առաձգական (էլաստիկ) թելեր: Կոլագենային թելերի խրձերը աստիճանաբար բարակում ու անցնում են եղջերաթաղանթի սեփական նյութ: Շրջերիզի շրջանում թափանցիկ եղջերաթաղանթը բավական կտրուկ փոխվում է ոչ թափանցիկ կարծրենու: Կարծրենու արտաքին շերտը այստեղ մասնակիորեն ծածկում է եղջերաթաղանթի եզրը: Եղջերաթաղանթի էպիթելը նրա սահմանային գոտում աստիճանաբար փոխվում է աչքի շաղկապենու էպիթելի: Կարծրենու հյուսվածքում՝ եղջրաթաղանթի հետ նրա միացման տեղում, կան ոչ մեծ, անկանոն ճյուղավորված խոռոչներ, որոնք, իրար հետ հաղորդակցվելով, կազմում են կարծրենու երակածոցը (շլեմյան խողովակ): Կարծրենու ներքին մակերեսը հաղորդակցվում է ծիածանաթաղանթի հետ և կազմում այսպես կոչված ծիածանաեղջերաթաղանթային անկյուն, որում տեղադրված է սանրաձև կապանը: Այստեղ տեղի է ունենում ակնային հեղուկի հոսք՝ աչքի առաջնային խցից դեպի երակածոց: Կարծրենու արտաքին մակերեսին գտնվում են շաղկապենին (եղջերաթաղանթի անցման շրջանում) և ակնաշարժ մկանները:

Անոթաթաղանթ (tunica vasculosa bulbi): Ունի սեփական անոթային թաղանթ, թարթիչային մարմին, ծիածանաթաղանթ: 

Բուն անոթաթաղանթը (choroidea) սնուցում է ցանցաթաղանթը հետևյալ թիթեղներով՝ վերանոթային, անոթային, անոթամազանոթային թիթեղներ և հիմային համալիր: 

Վերանոթային թիթեղ (lamina suprachoroidea): Անոթաթաղանթի արտաքին շերտն է՝ ընկած նրա ու կարծրենու սահմանում: Այն կազմված է փուխր թելակազմ շարակցական հյուսվածքից և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր, ֆիբրոբլաստներ, պիգմենտային բջիջներ (մելանոցիտներ):

Անոթային թիթեղ (lamina vasculosa): Կազմված է իրար միահյուսված զարկերակներից ու երակներից, որոնց միջև տեղավորված է փուխր թելակազմ շարակցական հյուսվածք և պարունակում է մեծ քանակությամբ պիգմենտային բջիջներ: Այստեղ գտնվում են նաև հարթ միոցիտների առանձին խրձեր:

Անոթամազանոթային թիթեղ (lamina choriopillaris): Պարունակում է հեմոմազանոթներ, որոնք տարբերվում են անհավասար տրամագծերով: Նրանց մի մասը սինուսոիդալ մազանոթներ են: Մազանոթների միջև դասավորված են ֆիբրոբլաստներ:

Հիմային համալիր (complexus basalis): Շատ բարակ շերտ է (1–4 մմ)՝ տեղադրված անոթային թաղանթի ու ցանցաթաղանթի պիգմենտային շերտի միջև: Ունի երեք շերտ: Արտաքին շերտը պարունակում է բարակ առաձգական թելեր, որոնք անոթամազանոթային թիթեղի թելերի շարունակությունն են: Ներքինը՝ ավելի լայն, կազմված է թելավոր (ֆիբրոզ) շերտից: Երրորդ շերտը կազմում է հիմայնի թաղանթը: Աչքի դիոպտրիկ (լուսաբեկող) ապարատ: Աչքի դիոպտրիկ ապարատը կազմված է լույսը բեկող թափանցիկ կառուցվածքների և միջավայրերի համակարգից:

Եղջերաթաղանթի (cornea) հաստությունը կենտրոնում տատանվում է 0,8–0,9 մմ, իսկ ծայրային մասում՝ 1,1 մմ: Եղջերաթաղանթի յուրահատուկ կառուցվածքը և քիմիական բաղադրությունը նրան դարձնում են թափանցիկ: Եղջերաթաղանթի կորության շառավիղը շուրջ 7,8 մմ է, բեկման ցուցիչը՝ 1,37 մմ: Ունի 5 շերտ՝ առաջային էպիթել, առաջային սահմանային թիթեղ, եղջերաթաղանթի սեփական նյութ, հետին սահմանային թիթեղ, հետին էպիթել: Առաջային էպիթելը (epithelium anterius) բազմաշերտ է, տափակ և չեղջրացող, ընդհանուր հաստությունը մինչև 50 մկմ է՝ կազմված 5–6 շերտից: Եղջերաթաղանթի էպիթելում կան բազմաթիվ նյարդային վերջույթներ, որոնցով են պայմանավորված շոշափելիքի բարձր զգայունությունը և եղջերաթաղանթի ռեֆլեքսների ձևավորումը: Եղջերաթաղանթի մակերեսը խոնավանում է արցունքային և շաղկապենու գեղձերի սեկրետով: Եղջերաթաղանթի էպիթելին բնորոշ է վերականգնողական հատկությունը և տարաբնույթ հեղուկ ու գազային նյութերի նկատմամբ մեծ թափանցելիությունը: Վերջինս օգտագործվում է գործնական բժշկության մեջ դեղամիջոցներ ներմուծելիս: Եղջերաթաղանթի առաջային էպիթելը ձևափոխվում է շաղկապենու բազմաշերտ, տափակ էպիթելի: Առաջային էպիթելի հիմային թաղանթը ունի էլեկտրոնաբաց և էլեկտրոնամուգ շերտեր: Առաջային սահմանային թիթեղն (lamina limitans anterior) ընկած է հիմային թաղանթի տակ, ունի թելային կառուցվածք: Թիթեղի հաստությունը տատանվում է 6–9 մկմ–ի միջև:

Եղջերաթաղանթի սեփական նյութը (substantia propria corneae) կազմված է կանոնավոր իրար հաջորդող, փոխադարձ անկյան տակ հատվող բարակ շարակցահյուսվածքային թիթեղներից: Յուրաքանչյուր թիթեղ կազմված է տարբեր հաստության, զուգահեռ դասավորված կոլագենային թելերի խրձերից: Թիթեղներում ու նրանց միջև կան ելուստավոր տափակ բջիջներ, որոնք ֆիբրոբլաստների տարատեսակներ են: Բջիջները և թիթեղիկները սուզված են անձև նյութի մեջ՝ հարուստ գլյուկոզամինագլիկաններով (հիմնականում կերատինսուլֆատներով), որոնք պայմանավորում են եղջերաթաղանթի սեփական նյութի թափանցելիությունը: Եղջերաթաղանթի սեփական նյութը չունի արյունատար անոթներ: Ծիածանաեղջերաթաղանթային անկյան շրջանում այն միանում է աչքի ոչ թափանցիկ թաղանթին՝ կարծրենուն: Հետին սահմանային թիթեղն (lamina limitans posterior) ունի 5–10 մկմ հաստություն: Այն կազմված է 10 նմ շառավիղով կոլագենային թելերից՝ սեղմված անձև (ամորֆ) նյութի մեջ: Հետին էպիթելը (epithelium posterius) կազմված է տափակ, բազմանկյուն բջիջներից, որոնց կորիզները բազմաձև են: 

Եղջերթաղանթի սնուցումը կատարվում է աչքի առաջային խցից սննդանյութերի դիֆուզիայի (սփռման) և լիմբի (շրջերիզի) արյունատար անոթների հաշվին: Եղջերաթաղանթում արյունատար անոթներ չկան: Ավշային համակարգը ձևավորվում է նեղ ավշային ճեղքերից, որոնք հաղորդակցված են թարթիչային– երակային հյուսակի հետ: Բորբոքման դեպքում արյունատար մազանոթները բջիջների (լեյկոցիտներ, մակրոֆագեր և այլն) հետ շրջեզրի շրջանից թափանցում են եղջերաթաղանթի սեփական նյութի մեջ, մթագնում և եղջերացնում այն: Եղջերաթաղանթի թափանցիկության վերականգնման համար հեռացնում են աչքի բբի վրայի սպիտակ հատը և կատարում դոնորական եղջերաթաղանթի փոխպատվաստում:

Ոսպնյակ (lens): Թափանցիկ, երկուռուցիկ մարմին է, որի ձևը փոխվում է աչքի ակոմոդացիայի ժամանակ՝ հեռու և մոտիկ օբյեկտներ տեսնելու համար: Եղջերաթաղանթի և ապակենման մարմնի հետ ոսպնյակը կազմում է հիմնական լուսաբեկիչ միջավայր: Ոսպնյակի կորության շառավիղը տատանվում է 6–10մմ: Բեկման ցուցիչը 1,42 մմ է: Ոսպնյակը ծածկված է 11–18 մկմ հաստությամբ թափանցիկ պատիճով: Նրա առաջային պատը, որը հպվում է պատիճին, կազմված է ոսպնյակի միաշերտ տափակ էպիթելից (epithelium lentis): Էպիթելոցիտները հասարակածի ուղղությամբ դառնում են ավելի բարձր և առաջացնում են ոսպնյակի աճման գոտի: Այդ գոտին ողջ կյանքի ընթացքում նոր բջիջներ է առաջացնում ոսպնյակի առաջային և հետին մակերեսին: Նոր էպիթելոցիտները վերափոխվում են ոսպնյակային թելերի (fibrae lentis): Յուրաքանչյուր թել թափանցիկ վեցանկյուն պրիզմա է: Ոսպնյակային թելերի ցիտոպլազման ունի թափանցիկ սպիտակուց՝ կրիստալին: Թելերը միմյանց սոսնձվում են հատուկ նյութով, որն ունի բեկման նույն ցուցիչը, ինչ որ նրանք: Կենտրոնում դասավորված թելերը կորցնում են իրենց կորիզները, կարճանում և կուտակվելով իրար վրա՝ առաջացնում ոսպնյակի կորիզը: Ոսպնյակը պահվում է աչքի թարթիչային գոտու (zonula ciliaris) թելերի օգնությամբ, որն առաջանում է ճառագայթաձև ձգվող թելերի (կապանների) խրձերով: Դրանք մի կողմից միացած են թարթիչային մարմնին, մյուս կողմից՝ ոսպնյակի պատիճին: Դրա շնորհիվ թարթիչային մարմնի մկանների կծկումը հաղորդվում է ոսպնյակին: Ներկայումս մշակվել են արհեստական ոսպնյակների ստացման մեթոդներ, և կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվել է նրանց փոխպատվաստումը, որն էլ հնարավոր դարձրեց ոսպնյակի մթագնումով (կատարակտա) հիվանդների բուժումը:

Ապակենման մարմին (corpus vitreum): Դոնդողանման նյութի թափանցիկ զանգված է, որը լցնում է ոսպնյակի ու ցանցաթաղանթի միջև ընկած խոռոչը: Ֆիքսված պատրաստուկում ապակենման մարմինն ունի ցանցավոր կառուցվածք: Ծայրամասում այն ավելի խիտ է, քան կենտրոնում: Ապակենման մարմնով անցնում է խողովակ՝ (աչքի սաղմնային անոթային համակարգի մնացորդ) ցանցաթաղանթի պտկիկից մինչև ոսպնյակի հետին երեսը: Ապակենման մարմինը պարունակում է վիտրեին սպիտակուց և հիալուրոնաթթու: Ապակենման մարմնի բեկման ցուցիչը 1,33 է: 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին