Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:
Կառուցվածքը
Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնային ալիքները և արտաքին լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա:
Թմբկաթաղանթի տատանումները հաղորդվում են նրան միացած լսողական 3 փոքրիկ ոսկրիկներին (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք սկսում են թրթռալ: Թրթռումների շնորհիվ ներքին ականջի մաս կազմող ականջախխունջում պարունակվող հեղուկը շարժման մեջ է դրվում: Խխունջի մեջ կան մազիկներով պատված զգացող բջիջներ, որոնք գլխուղեղ են ուղարկում ձայնային ազդակներ: Երեվույթների այսպիսի հաջորդականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդ կարողանում է լսել տարբեր ձայներ, այդ թվում՝ խոսքը և երաժշտությունը, տարբերել նրանց ուժգնությունը: Կենդանիների մեծամասնությունն ունի 2 ականջ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե որտեղից է գալիս ձայնը: Ձայնի աղբյուրից հեռու գտնվող ականջում ձայնի ազդեցությունը համեմատաբար թույլ է լսվում: Ամենացածր ձայները, որոնք կարող է մարդը ընկալել, առաջանում են վայրկյանում 20 տատանումից, ամենաբարձրը՝ 20 հզ. տատանումից: Ներքին ականջը (կոչվում է նաև լաբիրինթոս), բացի լսողությունից, կարևոր դեր է կատարում նաև հավասարակշռության զգացողության մեջ. գլխի դիրքի նույնիսկ չնչին փոփոխության դեպքում ներքին ականջում գտնվող 3 կիսաբոլոր խողովակներում պարունակվող հեղուկում առաջացած շարժումներն ընկալվում են նյարդային բջիջների կողմից, որոնք տեղեկություն են ուղարկում գլխուղեղ: Առանց այդ տեղեկությունն ընկալելու մարդը չի կարող քայլել: Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի նուրբ մազեր և դեղնադարչնագույն ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Վերջիններիս արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն. այն իր վրա է հավաքում ականջն ընկած մանրէներն ու տարատեսակ կեղտը: Բնական պայմաններում այն չորանալով՝ աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս: Սակայն ավելցուկը կարող է առաջացնել ականջի ծծմբախցան և փակել լսողական անցուղին: Լսողական վերլուծչի միջին ականջը կազմված է թմբկային խոռոչից,նրա մեջ գտնվող գոյացությունից,պտկանման ելուստից և Եվստախյան փողից:
Թմբկաթաղանթը,որն անջատում է միջին ականջն արտաքինից,ներսից ծածկված է էպիթելային բջիջներով կազմված լորձաթաղանթից:Թմբկային թաղանթն ունի շատ փոքր ծավալ և կազմված է 6 պատից`վերին,որը հաղորդակցվում է միջին գանգուղեղային փոսիկի հետ:Դեպի առջև,խոռոջը նեղանալով անցնում է լսողական խողովակին,իսկ թմբկային խոռոչի արտաքին պատը`թմբկաթաղանթն է:Թմբկաթաղանթի շառավիղը 9մմ է,իսկ հաստությունը`0.1մմ:Այն կիսաթափանցիկ է և կազմված է 3 շերտից:
Թմբկային խոռոչի ներքին ոսկրային պատում գտնվում են 2 պատուհաններ` նախադռան և խխունջի:Խխունջի պատուհանը ծածկված է երկրորդային թմբկաթաղանթով,որն անջատում է ներքին ականջի թմբկային աստիճանը միջին ականջի թմբկային խոռոչից:Նախադռան պատուհանը փակված է միջին ականջի ոսկրիկներից մեկի`ասպանդակի հիմքով,որն անջատում է թմբկային խոռոչը լաբիրինթոսի նախադռնից:
Լսողություն
Բարձրության կտրուկ փոփոխությունների ժամանակ զգացվում է թեթևակի խլություն: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լսողական անցուղում և թմբկաթաղանթի հետևում օդի ճնշումները հավասարվում են: Նման դեպքերում ասում են` ականջները «խցվում» են: Լսողության ժամանակավոր թուլացում տեղի է ունենում նաև հարբուխի և այլ հիվանդությունների դեպքերում, երբ խանգարվում է թմբկախոռոչի և մթնոլորտային ճնշումների տարբերությունը: Այդ խլությունը կարելի է վերացնել կլման շարժումներ կատարելով և հորանջելով: 120 դեցիբելից ավելի բարձր ձայնը կարող է վայրկենապես վնասել լսողությունը: Երբ դուք տեղում պտտվում եք, ապա կտրուկ կանգ եք առնում, ձեզ թվում է, թե շրջապատի առարկաները շարունակվում են պտտվել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր ներքին ականջի կիսաբոլոր խողովակներում հեղուկը դեռ շարունակում է պտտվել:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին