Ի տարբերություն ստամոքսաղիքային ուղու այլ բաժինների, սննդի ընդունումն աղիքային հյութազատության վրա էական ռեֆլեքսային ազդեցություն չի թողնում: Դա կարևոր հարմարանք է.հակառակ դեպքում արտադրված հյութը անօգուտ կլցվեր աղիքի դատարկ խոռոչը և կհանգեցներ աղիքի լորձաթաղանթի անարդյունավետ աշխատանքի: Կապված այդ հանգամանքի հետ`էվոլյուցիայի ընթացքում մշակվել է կարգավորման այլ մեխանիզմ, որը աղիքային հյութի արտադրությունը ապահովում է այն դեպքում, երբ խյուսը անմիջական շփման մեջ է մտնում աղիքի լորձաթաղանթի հետ: Այդ մեխանիզմի իրականացումը պայմանավորված է ծայրամասային ռեֆլեքսներով, որոնք իրագործվում են աղիքի պատում տեղադրված աուերբախյան և մեյսներյան նյարդային հյուսակների մասնակցությամբ:

Հյութազատությունը տեղի է ունենում խյուսի գտնվելու հատվածում, մեխանիկական և քիմիական գրգռիչների ազդեցությամբ: Աղիքային հյութազատության քիմիական խթանիչներ են հանդիսանում սպիտակուցների, ճարպերի մարսման արգասիքները, ենթաստամոքսային հյութը, աղաթթուն և այլ թթուներ, կաթնաշաքարը և այլն: Բացի ծայրամասային ռեֆլեքսներից որոշ դեր են խաղում նաև կենտրոնական ռեֆլեքսները, որոնք իրագործվում են պարասիմպաթիկ և սիմպաթիկ ազդեցությունների միջոցով: Աղիքների մեխանա- և քիմիաընկալիչների դրդմամբ առաջացած գրգիռները զգացող նյարդաթելերով ընթանում են կենտրոնական նյարդային համակարգ, որտեղից աղիքների գեղձային բջիջները սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդերով ստանում են կարգավորող ազդակներ: Պարասիմպաթիկ ազդեցություններն ուժեղացնում, իսկ սիմպաթիկ ազդեցությունները արգելակում են աղիքային հյութազատությունը: Աղիքային հյութազատության կարգավորման մեջ ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն նաև հումորալ գործոնները: Հյութազատությունը գրգռում են աղիքային ԱԱՊ և ՍԱՊ հորմոնները, մոթիլինը, էնտերոկրինինն ու դուոկրինինը, իսկ սոմատոստատինն այն արգելակում է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին