Դրանք կյանքին սուր վտանգ սպառնացող իրավիճակներում առաջացող կարճատև պսիխոտիկ վիճակներ են։ Բնորոշվում են աֆեկտիվ նեղացած գիտակցության ֆոնի վրա առաջացող սարսափի, հուսահատության զգացումով, շարժողական և վեգետատիվ խանգարումներով։ Տարբերում են աֆեկտիվ շոկային ռեակցիաների երկու տարբերակ՝ հիպոկինետիկ և հիպերկինետիկ։

Հիպերկինետիկ տարբերակ։ Հիվանդի վարքը կորցնում է նպատակասլացությունը։ Արագ աճող վախի, սարսափի ֆոնի վրա զարգանում է քաոսային հոգեշարժական գրգռվածություն՝ անկանոն և աննպատակ շարժումներով և ինչ-որ տեղ փախչելու ձգտումով։ Հիվանդի դեմքը արտահայտում է սարսափ։ Նրանք հաճախ գոռում են, հեծկլտում, կամ արտասանում ոչ հոդաբաշխ ձայներ։ Այս ամենը ուղեկցվում է վեգետատիվ ռեակցիաներով, տախիկարդիա, մաշկի գունատություն կամ հիպերեմիա, քրտնարտադրություն և այլն։ Կողմնորոշումը շրջապատում և իր անձի նկատմամբ խանգարվում է։ Տևողությունը 15-20 րոպե է։

Հիպոկինետիկ տարբերակ։ Բնորոշ է կտրուկ շարժողական արգելակումը՝ ընդհուպ մինչև լրիվ անշարժացում և մուտիզմ (աֆեկտոգեն ստուպոր)։ Հիվանդները սովորաբար մնում են այն տեղում, որտեղ ծագել է վախի աֆեկտը, չեն կարողանում որևէ շարժում կատարել, որպեսզի պաշտպանվեն, չեն կարողանում որևէ բառ արտասանել։ Զարգանում է «էմոցիոնալ պարալիզ», անելանելի հուսահատություն կամ անտարբերություն շուրջը տեղի ունեցածի նկատմամբ։ Հայացքը կամ անորոշ է, կամ արտահայտում է վախ, սարսափ, աչքերը լայն բացված են, մաշկային ծածկույթները գունատ պատված սառը քրտինքով։ Տևողությունը րոպեներից մինչև մեկ ժամ է։ Ապրումները, որոնք առաջանում են նշված սուր պսիխոտիկ վիճակներում, սովորաբար մոռացվում են (զարգանում է ամնեզիա)։ Սուր պսիխոզից դուրս գալուց հետո զարգանում է արտահայտված ասթենիա, որը տևում է մինչև 2-3 շաբաթ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին