Զգայական աֆազիայի հիմքում ընկած է ձախ վերին քունքային գալարի հետին մասի (Վեռնիկեի կենտրոն) ախտահարումը, որի ժամանակ խանգարվում է լսողական գնոզիսը (բառային ագնոզիա), այսինքն` հիվանդը լսում է, սակայն չի հասկանում ինչպես ուրիշի, այնպես էլ սեփական խոսքը։ Քանի որ լսողական պրոյեկցիոն գոտին մնում է անվնաս, տարրական լսողությունը չի տուժում, մինչդեռ հնչութաբանականը խանգարվում է։ Հիվանդը խոսքն ընկալում է որպես աղմուկ կամ խոսակցություն օտար լեզվով։ Լսողական հսկողության բացակայության պատճառով խանգարվում է նաև շարժողական խոսքը։

Հիվանդը խոսում է արագ և շատ (լոգոռեա), բառերն օգտագործում է աղավաղված կամ ոչ ճիշտ (տառային և վանկային պարաֆազիա), տրված տարբեր հարցերին պատասխանում է նույն բառերով (պերսևերացիա)։ Երբեմն հիվանդի խոսքը բաղկացած է լինում անկապ, անհոդաբաշխ և աղավաղված բազմաթիվ բառերից և հնչյունակապակցություններից` հիշեցնելով ‚բառային շփոթե։ Սահուն և արտահայտիչ լինելու փոխարեն խոսքը դառնում է կցկտուր, անհասկանալի, որը հիվանդը չի գիտակցում։ Անհնար է դառնում հետազոտողի առաջարկած վանկերի և բառերի կրկնումը, խանգարվում է կարդալը (ալեքսիա) և գրելը (ագրաֆիա)։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին