Համընդհանուր աֆազիայի հիմքում ընկած է գերակշռող կիսագնդի տարածուն ախտահարումը, որն ընդգրկում է խոսքի և զգայական, և շարժողական կենտրոնները։ Խանգարվում է ինչպես զգայական, այնպես էլ շարժողական խոսքը։ Հիվանդը չի կարողանում կարդալ, գրել, կրկնել բառերը և անվանել առարկաները։ Խոսքի նման ծանր խանգարման պատճառը ձախակողմյան միջին ուղեղային զարկերակի հիմնական ցողունի կամ կարոտիսային ներքին զարկերակի խցանումն է, որի ավազանից սնվում են ճակատային, քունքային և կողմնային բլթերի` սիլվյան ճեղքին հարակից հատվածները։ Խոսքի խանգարումներին միանում են հեմիպլեգիան, հեմիանեսթեզիան և հոմոնիմ հեմիանոպսիան։ Գլխուղեղի կեղևի ախտահարմանը բնորոշ են խոսքի գործառնության հետ կապված ևս երկու համախտանիշներ` ալեքսիա և ագրաֆիա, որոնք հաճախ զուգակցվում են աֆազիայի հետ կամ հանդես են գալիս որպես առանձին խանգարումներ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին