Հիվանդը հեշտությամբ ճանաչում և բնութագրում է առարկաները, սակայն չի հիշում դրանց անունները։ Նույնը վերաբերվում է անձնական անուններին։ Օրինակ, երբ ցույց են տալիս գրիչը, հիվանդն այն բնութագրում է այսպես. ‚Դա այն է, որի օգնությամբ գրում ենե։ Երբ հետազոտողը հուշում է առաջին վանկը, հիվանդն անմիջապես տալիս է ճիշտ անվանումը։ Առարկան անմիջապես անվանելու փոխարեն հիվանդը ցուցադրաբար ընդգծում է առարկայի հատկանիշների և օգտագործման ձևի վերաբերյալ իր գիտելիքները։

Հիվանդը դժվար է արտաբերում այնպիսի նախադասություններ, որտեղ կան մեծ թվով առարկաների կամ մարդկանց անուններ, մանավանդ արագ կարդալիս։ Հիվանդի խոսքում գերակշռում են բայերը։ Ամնեստիկ աֆազիայի ժամանակ պահպանվում է բանավոր խոսքը, ուրիշի խոսքի ըմբռնումը, բառերի կրկնողությունը, կարդալը և գրելը։ Ամնեստիկ աֆազիան պայմանավորված է ձախ կիսագնդի այն զուգորդական թելերի վնասմամբ, որոնք Վեռնիկեի կենտրոնը կապում են ծովաձիու գալարի` հիշողության մեխանիզմների հետ կապ ունեցող լիմբիկ համակարգի կարևորագույն գոյացության հետ։ Ախտահարման օջախը (ուռուցք, ականջածին թարախակույտ) սովորաբար տեղակայվում է քունքային բլթի հետին մասի խորանիստ շերտերում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Նեյրոֆարմակոլոգիա

Հ.Մ. Մանվելյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին