Աչքի օժանդակ տարրերԱչքի օժանդակ տարրերն են՝ աչքի մկանները, կոպերը, թարթիչները և արցունքային ապարատը:
Աչքի մկաններ: Ունեն նույն կառուցվածքային առանձնահատկությունները, ինչ կմախքային մկանները:

Կոպեր և թարթիչներ: Կազմված են մաշկային ծածկույթից և հետին շաղկապենուց, որը շարունակվում է որպես աչքի շաղկապենի՝ ծածկված բազմաշերտ էպիթելով: Կոպի ներսում՝ նրա հետին երեսին, գտնվում է տարզալ թիթեղիկը՝ կազմված խիտ թելակազմ շարակցական հյուսվածքից: Առջևի մակերեսին մոտ՝ կոպերի հաստության միջև, ընկած է օղակաձև մկանը: 

Մկանախրձերի միջև կա փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի շերտ: Վերին կոպը բարձրացնող մկանի ջլային թելերի մի մասը այստեղ վերջանում է, իսկ մյուս մասը ամրանում է տազալ (շարակցահյուսվածքային) թիթեղի մոտակա եզրին: Կոպի արտաքին երեսը ծածկված է բարակ մաշկով, նուրբ մազերով և ճարպագեղձերով, իսկ ծայրին՝ 2–3 շարքով, դասավորված են թարթիչները: Թարթիչի արմատի ձագարում բացվում են թարթիչային գեղձերի, մի քանի ճարպագեղձերի արտատար ծորաններ: Վերջիններս ձևափոխված քրտնագեղձեր են, որոնք ունեն ուղիղ ծայրային բաժիններ: Կոպաճառային թիթեղի հաստության մեջ տեղադրված են կոպի եզրով բացվող ճարպային (մեյբոմյան) ճյուղավորված գեղձերը: Աչքի միջային անկյունում գտնվող ռուդիմենտ երրորդ կոպը ծածկված է բազմաշերտ տափակ էպիթելով, որը պարունակում է լորձային բջիջներ: Կոպի անոթները կազմում են երկու ցանց՝ մաշկային և շաղկապենային: Ավշային անոթները ձևավորում են երրորդ՝ կոպաճառային հավելյալ հյուսակը: 

Աչքի արցունքային ապարատ: Կազմված է արցունքագեղձերից, արցունքապարկից և արցունքաքթային ծորանից: Արցունքագեղձերը կազմված են շճային բնույթի մի խումբ բարդ ալվեոլա–խողովակակազմ գեղձերից: Արցունքագեղձերի արտադրուկը պարունակում է շուրջ 1,5 % նատրիումի քլորիդ, քիչ քանակով ալբումին՝ 0,5 % և լորձ: Արցունքահեղուկը պարունակում է բակտերիցիդ ազդեցությամբ օժտված լիզոցիմ: Փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի վրա գտնվող արցունքապարկի և արցունքաքթային ծորանի պատերը ծածկված են երկու կամ բազմաշարք էպիթելով: Արցունքապարկում բացվում են թույլ ճյուղավորված խողովակավոր գեղձեր:

Տարիքային փոփոխություններ: Տարիքին զուգընթաց թուլանում են աչքի բոլոր տարրերի ֆունկցիաները: Օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության հետ կապված՝ ոսպնյակում ու եղջերաթաղանթում հաճախ տեղի է ունենում միջբջջային նյութի խտացում և մթագնում, որը գործնականում անդարձելի է: Ոսպնյակը կորցնում է առաձգականությունը, և սահմանափակվում են նրա ակոմոդացիոն հատկությունները: Սկլերոտիկ գործընթացները աչքի անոթային համակարգի (հատկապես ցանցենու) սնուցման խանգարումներ են առաջացնում: Դրա հետևանքով փոխվում է ընկալիչ (ռեցեպտոր) ապարատի կառուցվածքը ու ֆունկցիան: 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին