2013թ. Ապրիլի 8-ին ժամը 22:10 կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածքով 3-րդ կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Արսեն Բարսեղյանը` 18 տարեկան, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող:
Ճնշումը չի որոշվել, պուլսը չի որոշվել, սրտի զարկերը չեն որոշվել: Վերքը տեղավորված է եղել սրտի պրոյեկցիայով, հիվանդը վիրահատվել է անմիջապես, որի ժամանակ պարզվել է, որ կա սրտի կանգ` տամպոնադայի հետևանքով: Կատարվել է սրտի ուղղակի մերսում: Սրտի գործունեությունը վերականգնվել է, և պարզվել է, որ կա սրտի թափանցող վնասվածք:
Վերքը սկսվում է ձախ փորոքից ու անցնում ամբողջ սրտի միջով , դուրս գալիս աջ նախասրտից: Կարվել է նախասրտի վերքը: Կատարվել է արյան ռեինֆուզիա, հայտնաբերվել է և կարվել է ձախ թոքի վերքը:
Հրավիրվել է սրտային վիրաբույժ Նորք Մարաշ բժշկական կենտրոնից: Վիրահատությունից հետո հիվանդը երկու օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո տեղափոխվել է Նորք Մարաշ սրտային վիրաբուժության կենտրոն` ներսրտային վնասումները ճշտելու համար: Պարզվել է, որ կա երկփեղկ փականի մասնակի վնասում, որը վիրաբուժական շտկման կարիք չունի: Երկու շաբաթ հետո հիվանդը դուրս է գրվել: Այժմ նա իրեն լավ է զգում: Տղան գտնվում է սրտային վիրաբույժների հսկողության տակ:
Նշենք, որ սրտի միջանցիկ վնասումներ գրեթե չեն հանդիպում: Փրկվելու հիմնական պատճառը տուժածին արագ հիվանդանոց հասցնելն է և վիրաբուժական անձնակազմի արագ կանոնակարգված գործողությունները:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը շնորհակալագիր է հանձնել բժշկին` Ժամանակակից վիրաբուժության կլինիկա CMS-ի ընդհանուր վիրաբուժական ծառայության ավագ վիրաբույժ Աշոտ Հրանտի Կիրակոսյանին:
Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին