Սիգարետի երկրորդային ծուխը, որը ներշնչվում է պասիվ ծխելու ընթացքում, պարունակում է մոտ 4000 վնասակար նյութ, որից 70-ը առաջացնում է քաղցկեղ։ Պասիվ ծխելը լուրջ վտանգ է մարդու առողջության համար և աշխարհի շատ երկրներ աշխատանքներ են տանում այս խնդիրը լուծելու և վնասը նվազեցնելու համար։ Այս մասին այսօր խոսել ենք դեղագետ, ԵՊԲՀ դասախոս, Մարթա Սիմոնյանի հետ։

Ինչպե՞ս է պասիվ ծխելը ազդում մարդկանց առողջության վրա, ո՞վքեր են ռիսկային գոտում։

Սիգարետ ծխող մարդիկ վնասում են ոչ միայն իրենց այլ նաև շրջապատի այն մարդկանց, ովքեր ներշնչում են այրման արդյունքում առաջացած ծուխը։ Պասիվ ծխելը կարող է մեծացնել տարբեր հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, ասթմա, շնչառական հիվանդություններ, շաքարային դիաբետ) և վաղաժամ մահվան ռիսկը նորածինների, երեխաների և մեծահասակների մոտ:

Մոտ 700 միլիոն երեխաներ ամբողջ աշխարհում, պրակտիկորեն աշխարհի երեխաների կեսը, ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը և համարվում են պասիվ ծխող։ Եվ ամեն տարի մոտ 50 միլիոն հղի ենթարկվում է ծխախոտի ծխի ազդեցությանը։

Հետաքրքիր փաստ կա, եթե չծխողը գտնվում է նույն տարածքում ծխողի հետ առնվազն 8 ժամ և ներշնչում է ծխախոտի ծուխը՝ լինելով պասիվ ծխող, ապա դա համարժեք է, եթե նա անձամբ ծխի օրական 5 սիգարետ։

Ի՞նչ եք կարծում ծխելն արգելող օրենքները կօգնեն հաղթահարել այս խնդիրը։

Միանշանակ պատասխան չեմ կարող տալ։ Իհարկե ինչ-որ չափով օրենքը կօգնի, բայց ինչպես ցույց է տալիս ամբողջ աշխարհի փորձը և ստատիստիկան, ծխողների թիվը կտրուկ փոփոխության չի ենթարկվում։ Մենք պետք է կարողանանք փոխել մարդկանց մտածելակերպը, և ակտիվ ծխողինը և պասիվ ծխողինը։ Երկուսի դեպքում էլ մտածելակերպի խնդիր կա։

Այդ դեպքում ի՞նչ տարբերակներով կարելի է նվազեցնել ռիսկը պասիվ ծխողների համար։

Առաջին հերթին պետք գոնե կարողանալ հասնել նրան, որ ծխող մարդ չծխի երեխայի կամ հղիի ներկայությամբ, հետո նաև մնացած չծխող մարդկանց շրջապատում։

Կան նաև այլ տարբերակներ այն մարդկանց համար, ովքեր այդպես էլ չեն կարողանում հրաժարվել ծխելուց։ Գոնե կարելի է սիգարետը փոխարինել նիկոտինային մաստակներով, սպեղանիներով, կամ ծխախոտի տաքացման համակարգերով։ Այս այլընտրանքների օգտագործման ժամանակ ծուխ չի առաջանում՝ նիկոտինային մաստակներն ու սպեղանիները նիկոտինը օրգանիզմ են հասցնում մարսողական համակարգի և մաշկի միջոցով, իսկ ծխախոտի տաքացման համակարգերը արտազատում են ոչ թե ծուխ այլ աերոզոլ, որի մեջ վնասակար նյութերի քանակը համեմատաբար ավելի քիչ է։

Ամեն դեպքում կարծում եմ պարտադիր են հանրային առողջապահական և կրթական ծրագրերը, որոնք կբարձրացնեն հասարակության տեղեկացվածության մակարդակը և հույս ունեմ, որ կազդեն նաև վարքագծի վրա։