Քնի բժշկությունը, լինելով առողջապահական համակարգի կարևորագուն մասերից մեկը, Հայաստանում դեռևս զարգացման փուլում է։ Ոլորտի նպատակները և խնդիրները բարձրաձայնում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը։ Նրա նպատակն է քնի բժշկության և գիտության զարգացման խթանումը Հայաստանում՝ բարձրացնելով բնակչության, բժշկության ոլորտի ներկայացուցիչների, կառավարման մարմինների իրազեկման մակարդակը քնի առողջության և խնդիրների առկայության շուրջ։

Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսին կայացան միջոցառումներ, որոնց մասնակիցներն էին Քնի ազգային միությունների եվրոպական ասամբլեայի գործադիր կոմիտեի անդամները՝ կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ և Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հրավերով։
Հոկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում հանրային առողջապահության մարմինների և ապահովագրական ընկերությունների հետ համատեղ տեղի ունեցավ, իր տեսակով աննախադեպ, կլոր սեղան քննարկում։ Քննարկմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, նույն կառույցի մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը,  Քնի ազգային միությունների եվրոպական ասամբլեայի գործադիր կոմիտեի անդամները՝ Բարբարա Ստրաժիսար (նախագահ), Օանա Դելեանու, Իսբրանդ վան դեր Վերֆ, Յոհան Ֆերբրեքեն, Լյուսմիլա Կորոստովցեվա, Դեղորայքի վերահսկողության տեսչության ներկայացուցիչ Նարեկ Բաղդասարյանը։ 


Միջոցառման ներկաներին ողջունեցին ԱԱԻ տնօրեն Ալեքսանդ Բազարչյանը, ՔԽՀԱ նախագահ Սամսոն Խաչատրյանը և ՔԱՄԱ նախագահ Բարբարա Ստրաժիսարը։
Կլոր-սեղան քննարկման ընթացքում Սամսոն Խաչատրյանը խոսեց Հայաստանում քնի խանգարումների տարածվածության վերաբերյալ և ներկայացրեց քնի բժշկության զարգացմանն ուղղված հաջողությունները։ Քնի ազգային միությունների եվրոպական ասամբլեայի նախագահ Բարբարա Ստրաժիսարը ներկայացրեց Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության ծրագիրը, որը քնի բժշկության դեռևս զարգացման փուլում գտնվող երկրներում զարգացման խթանման պիլոտային նախագծի մի մասն է կազմում։ Իրենց երկրներում քնի բժշկության զարգացման փորձով կիսվեցին Օանա Դելեանուն և Լյուդմիլա Կորոստովցեվան՝ ներկայացնելով համապատասխանաբար Ռումինիայի և Ռուսաստանի անցած ուղին։  
Հանդիպման արդյունքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները և առաջարկվեցին  դրանց լուծման ուղիները։ Առաջարկվեց ուժեղացնել քնի բժշկության հանդեպ հետաքրքրությունը մասնագետների շրջանում, հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրեր մշակել, հաստատել քնաբանությունը՝ սոմնոլոգիան որպես մասնագիտություն կամ ենթամասնագիտություն, լիցենզավորում շնորհել քնի կենտրոններին և լաբորատորիաներին, առողջապահության նախարարության կողմից հաստատել քնի ապնոէի ոչ դեղորայքային բուժման եղանակները, Հայաստանի հիվանդությունների ռեգիստրում ներառել քնի խանգարումները՝ ընգրկելով առանձին բաժինում։
Ալեքսանդր Բազարչյանի առաջարկությամբ որոշվեց համաձայնագիր ստորագրել Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև, որը կամփոփի քննարկման ընթացքում հնչած հարցերը և առաջարկները։


Քնի բժշկության մարաթոնը շարունակվեց հոկտեմբերի 15-ին «Քնի գիտություն և քնի բժշկություն» միջդիսցիպլինար սեմինարի ձևաչափով որպես խոշոր գիտական հանդիպում քնի բժշկության ոլորտի և հարակից ուղղությունների մասնագետների միջև։ 
Քնի ազգային միությունների ասամբլեայի անդամները հայաստանյան քնի բժշկության առաջատար մասնագետների հետ միասին Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի հովանու ներքո ներկայացրեցին բազմաբովանդակ ծրագիր, որը արդիական է հայկական բնակչության քնի խանգարումների հայտնաբերման և հետագա վարման հարցերում։ Միջոցառմանը մասնակցեցին նյարդաբաններ, սրտաբաններ, թոքաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկաբույժներ, կլինիկական հոգեբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներից կլինիկական օրդինատորներ։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել լսարանին քունը գիտական տեսանկյունից, քնի գիտության նորագույն ձեռքբերումները, հետագա աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև ծանոթացնել քնի առողջությանը, քնի ամենատարածված խանգարումների կլինիկական դրսևորումներին, ախտորոշմանը և վարմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր օրգան համակարգերի վրա ազդեցությանը՝ օրինակ, նյարդային և սրտանոթային համակարգերի պարագայում։ 
Միջոցառման կարևոր կետերից էր անդրադարձը Հայաստանում քնի խանգարումների հիմնախնդրին։ Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանն իր ելույթում խոսեց արտերկրում քնի խանգարումների տարածվածության մասին և մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում անցկացված քնի խանգարումների համաճարակաբանական հետազոտության արդյունքները: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին քնի խանգարումների տարածվածության վերաբերյալ Հայաստանում առաջին անգամ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքները: Հատկապես նշանակալի էին Հայաստանում՝ վարորդների ղեկին քնելու հետևանքով տեղի ունեցած ՃՏՊ պատահարների վերաբերյալ ուսումնասիրությունները: Հանդիպման ընթացքում առաջին անգամ ներկայացվեցին քնի խանգարումների գնահատման հարցարանների վալիդացված հայերեն տարբերակները, որոնց միջոցով ցանկացած բժիշկ մասնագետ կարող է իրականացնել քնի օբստրուկտիվ ապնոէի սկրինինգ, արտահայտված ցերեկային քնկոտության որոշում, քնի որակի գնահատում:

Ըստ ստացված արդյունքների, անքնությամբ տառապում են հարցվածների 52.5%-ը, քնկոտությամբ՝ 39%-ը:  Ղեկին քնելու հետևանքով ավտովթարի են ենթարկվել հարցվածների 13,55%-ը:


Կարևորելով լսարանի կազմը՝ ներկայացվեցին դասախոսություններ քնի շնչառական խանգարումների վերաբերյալ։ Վերջիններս նշանակալիորեն տարածված են հայկական բնակչության շրջանում և կարիք ունեն առանձնահատուկ ուշադրության։ Խոսվեց քնի օբստրուկտիվ և կենտրոնական ապնոէի մասին, ներկայացվեց Հայստանում քնի օբստրուկտիվ ապնոէի կլինիկական պատկերը իր դինամիկայով։ Շեշտը դրվեց նյարդային և սրտանոթային համակարգերի գործունեության վրա նշված խանգարումների ազդեցությանը։ 
Երկրագնդի բնակչության գրեթե կեսը տառապում է անքնությունից։ Միջոցառմանը հրավիրված էր առանձին նիստ քնի նյարդահոգեկան խանգարումների հիմնախնդրին՝ ներկայացվեցին անքնության առանձնահատկությունները, վարման և բուժան եղանակները՝ դեղորայքային և ոչ դեղորայքային – առավել մասնրամասն ներկայացնելով կոգնիտիվ վարքային թերապիան։ Դասախոսությունների թեմաներից էին նաև քնի շարժողական խանգարումները՝ անհանգիստ ոտքերի համախտանիշը, պարասոմնիաները և գիշերային էպիլեպսիան։
Սեմինարի մասնակիցները մեծ ուշադրությամբ էին ունկնդրում դասախոսներին և ակտիվ մասնակցում քննարկմանը։ Նոր ձեռք բերված տեսական գիտելիքները ամրագրվեցին Առողջապահության նախարարության կողմից շնորհվող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներով և վկայականներով։


Պատրաստեց Արմինե Սարգսյանը