Շաքարային դիաբետը տարածված է աշխարհի բոլոր երկրներում: Առողջության համաշխարային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում հաշվվում է ավելի քան 382 մլն դիաբետով հիվանդ, 2030 թվականին այդ թիվը կլինի 435 մլն ավել։ Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում շաքարային դիաբետը կազմում է 6-7% և ունի հետագա աճի միտում, հատկապես 40 տարեկանից բարձր տարիքային խմբերում։
Շաքարային դիաբետը՝ բացարձակ կամ հարաբերական ինսուլինային անբավարարությամբ պայմանավորված, խրոնիկական հիպերգլիկեմիայի և գլյուկոզուրիայի կլինիկական համախտանիշ է, որը հանգեցնում է նյութափոխության խանգարման, անոթների ախտահարման, նեյրոպաթիաների, տարբեր օրգանների և հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների։ Էնդոկրին հիվանդությունների շարքում՝ ամենատարածված հիվանդւթյան շաքարային դիաբետի մասին Doctors.am-ը զրուցեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանի հետ: 
Գրետա Մուրադյանի խոսքով՝ տարբերում են երկու հիմնական տիպի շաքարային դիաբետ՝ տիպ 1 ՇԴ՝ ինսուլինկախյալ շաքարային դիաբետ ու տիպ 2 ՇԴ՝ ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետ։
Առաջին դեպքում՝ բացարձակ ինսուլինային անբավարարություն, հիվանդները կարիք ունեն մշտական, ցմահ ինսուլինային բուժման։ Երկրորդ դեպքում՝ առաջին տեղում է ինսուլինի ազդեցության անբավարարությունը, երբ առաջանում  է ծայրամասային հյուսվածքների կայունություն ինսուլինի նկատմամբ՝ հարաբերական ինսուլինային անբավարարություն: «Ինսուլինկախյալ շաքարային դիաբետն աուտոիմուն հիվանդություն է, որը զարգանում է ժառանգական նախատրամադրվածության առկայության դեպքում: Հիվանդության զարգացմանը կորող են նպաստել արտաքին միջավայրի գործոնների՝ վիրուսային ինֆեկցիաները, ցիտոտոքսիկ նյութեր։ Հիվանդությունը հանդիպում է երեխաների, երիտասարդների շրջանում մինչև 35-40 տարեկան։

Հիվանդություն առաջացման հավանականությունը մեծացնում են հետևյալ ռիսկի գործոնները՝

  • շաքարային դիաբետի նկատմամբ ծանրացած ժառանգականությունը,
  • աուտոիմուն հանկապես էնդոկրին հիվանդությունները՝ աուտոիմուն թիրեոիդիտ, մակերիկամների կեղևի խրոնիկական անբավարարություն,
  • լանգենհանսի կղզյակների բորբոքումը և բետտա բջիջներին ախտահարող վիրուսային ինֆեկցիաները:

Էնդոկրինոլոգն նշեց, որ վերջին տարիներին ցույց է տրվել ևս մեկ ձևի՝ դանդաղ պրոգրեսիվող առաջին տիպի ՇԴ առկայությունը (LADA–դիաբետ), որը բնորոշվում է ինսուլինի անբավարարության դանդաղ զարգացմամբ։ Այս ձևով տառապողները 1-3 տարվա ընթացքում կարող են սննդակարգ պահպանել, ընդունել per oral շաքար իջեցնող պրեպարատներ, որը հնարավորություն է տալիս հակակշռելու ՇԴ դրսևորումները։ Սակայն վերջիվերջո առաջանում է կայունություն այդ պրեպարատների նկատմամբ և հիվանդները անցնում են ինսուլինոթերապիայի։ Ամբողջ հիվանդության ընթացքում այդպիսի հիվանդների արյան շիճուկում հայտնաբերվում են հակամարմիններ ենթաստամոքսային գեղձը կղզյակային ապարատի անտիգենների նկատմամբ և դիտվում է ինսուլինի մնացորդային սեկրեցիայի պրոգրեսիվող անկում։
Բժշկի խոսքով՝ MODY-դիաբետը ( maturity-onset type diabetes) ժառանգվում է աուտոսոմ–դոմինանտ տիպով, դա թայլ չի տալիս այն դասել 2 տիպ ՇԴ շարքին։ Ի տարբերություն 2 տիպ ՇԴ–ի, այս դեպքում ճարպակալում խիստ հազվադեպ է հանդիպում, նաև չեն հայտնաբերվում 2 տիպ ՇԴ–ին բնորոշ HLA- ասացիացիաներ ու աուտոիմուն ցուցանիշներ։ Միկրոանգիոպատիաները այս հիվանդների մոտ զարգանում են ավելի հազվադեպ և ավելի ուշ։ Հաստատված է, որ MODY-դիաբետը կապակցված է գլյուկոկինազի գենի մուտացիայի հետ: MODY-դիաբետ ախտորոշումը կարող է դրվել մինչև 25 տարեկան, մարմնի նորմալ զանգվածով մարդու մոտ ՇԴ–ի առաջացման դեպքում, որն ունի տիպ 2ՇԴ–ի նկատմամբ ծանրաբեռնված ժառանգականություն նվազագույնը 2-3 սերունդներում։ MODY-դիաբետը հաստատվում է նաև հիվանդությունը պերօրալ հիպոգլիկեմիկ միջոցներով նվազագույնը 5 տարով կոմպենսացնելու հնարավորությամբ, ինչպես նաև կղզյակային բաղադրիչների և ինսուլինի նկատմամբ հակամարմինների բացակայությամբ։
Անդրադառնալով  տիպ 2 շաքարային դիաբետին՝ Մուրադյանը նշեց, որ ներկայումս այն դիտվում է ինսուլինի արտազատման խանգարումով ու նրա նկատմամբ ծայրամասային հյուսվածքների զգայունության անկումով՝ ինսուլինոռեզիստենտականությամբ, բնութագրվող հետերոգեն հիվանդություն։ 

Առաջացման ռիսկի գործոն են հանդիսանում՝

  • առանգական նախատրամադրվածությունը։ Տիպ 2ՇԴ–ի ռիսկը աճում է 2-6 անգամ ծնողների կամ մոտիկ հարազատների մոտ ՇԴ-ի առկայության դեպքում,
  • Ճարպակալումը։ Տիպ 2ՇԴ–ի առաջացման ռիսկը 1-ին աստիճանի ճարպակալման դեպքում մեծամում է երկու անգամ, 2-րդ աստիճանի դեպքում՝ 5 անգամ, 3–րդ՝ ավելի քան 10անգամ։ Տիպ 2ՇԴ–ի առաջացումը ունի ուղիղ կոռելյացիոն կապ ճամպակալման աբդոմինալ ձևի հետ։

Դիաբետոգեն են համարվում մեծ քանակությամբ, հեշտությամբ նրծծվող ածխաջրերով հարուստ, բարձր կալորիականությամբ սննդի, քաղցրավենիքի, ալկոհոլի կիրառումն ու բուսական թաղանթների դեֆիցիտը սննդակարգում։ Այդպիսի սնուցման դերը հատկապես աճում է քիչ շարժուն կենսակերպի դեպքում։ Սնուցման նշված բնույթն ու ճարպակալումը սերտորեն փոխկապակղված են ու նպաստում են ինսուլինի արտազատման խանգարմանը և ինսուլինոռեզիստենտության զարգացմանը։


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
16 հունվար, 2018