Անկախ նրանից` դեռահասը ամուսնացած կապի մեջ է գտնվում, թե ոչ, նա կարող է հանդիպել անպաշտպան սեռական հարաբերությունների` հնարավոր ֆիզիկական, սոցիալական և տնտեսական հետևանքների:
Սեռավարակներ համարվում են այն հիվանդությունները, որոնք մեկ մարդուց մյուսին են փոխանցվում հիմնականում սեռական ճանապարհով: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է ինֆեկցված արյան հետ շփումից կամ ուղղահայաց ճանապարհով մորից պտղին:
Սեռավարակները հանդիսանում են հասարակական առողջապահության համար շատ կարևոր խնդիր: Բուժաշխատողները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սեռավարակներին դեռահասների մոտ, որովհետև.
1. դեռահասները բախվում են սեռավարակներով վարակման առավել բարձր վտանգի, իսկ դեռահասային տարիքի աղջիկները դասվում են առավել խոցելի խմբերին,
2. դեռահասների մոտ հետևանքներն ավելի լուրջ են, քան մեծահասակների մոտ,
3. դեռահասների մոտ սեռավարակների ախտորոշումը կարող է ավելի դժվար լինել:

Չորս ամենատարածված սեռավարակներն են` խլամիդիոզ, հոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնոզ: Սեռավարակների նշաններից են.

- հեշտոցային արտադրություն կանանց մոտ,
- արտադրություն միզուկից տղամարդկանց մոտ,
- սեռական օրգանների խոցեր կանանց և տղամարդկանց մոտ,
- փոշտի այտուց տղամարդկանց մոտ,
- ցավեր որովայնի ստորին մասում կանանց մոտ,
- աճուկային ավշային հանգույցների մեծացում:

Նշված սեռավարակներն արդյունավետ ենթարկվում են կանխարգելման և բուժման` անհրաժեշտ հակաբիոտիկների և ստանդարտացված բուժման ուղեցույցների օգտագործման դեպքում:
Սեռական հարաբերությունների սկզբում հաճախ չեն բավարարում անհրաժեշտ գիտելիքներ վերարտադրողական և սեռական առողջության հարցերի վերաբերյալ: Իրականում, առաջին սեռական պորձը դեռահասների համար հաճախ փորձարկում է, և որպես կանոն, դեռահասները սրան չեն պատրաստվում նախապես, չեն օգտագործում պահպանակներ և հակաբեղմնավորիչ միջոցներ:
Եթե հակաբեղմնավորիչները մատչելի չեն կամ չեն օգտագործվում, երկու սեռերն էլ վտանգվում են սեռավարակների ձեռքբերման առումով, իսկ աղջիկները` նաև հղիանալու:
Արգանդի վզիկի նորագոյացությունները, արգանդի վզիկի քաղցկեղը, արտահայտվում է ավելի մեծ տարիքում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ հիվանդության զարգացման վտանգը երկու անգամ մեծանում է, եթե կինը սեռական կյանքով սկսել է ապրել վաղ դեռահասային շրջանում և ունեցել է երկուսից ավել թվով զուգընկերներ:

Դեռահասների և երիտասարդների շրջանումսեռավարակների վերաբերյալ գլոբալ տվյալները հետևյալն են.

- յուրաքանչյուր տարի 20 դեռահասներից մեկը հիվանդանում է բուժելի սեռավարակով, չհաշված վիրուսային վարակները,
- երիտասարդները սեռավարակներով վարակվում են ավելի վաղ տարիքում,
- տարեկան 330 միլիոն գրանցվող սեռական վարակներից առնվազն 1/3-ն ընկնում է մինչև 25 տարեկան երիտասարդներին,
- աշխարհում ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի ավելի քան կեսը նկատվում է 10-24 տարեկան երիտասարդների շրջանում:

Դեռահասների շրջանում սեռավարակների բարձր տարածվածությունը դժվար խնդիր է հանդիսանում բուժաշխատողների համար, որոնցից շատերը չգիտեն, ինչպես պետք է բավարարվեն դեռահասների սեռական կյանքի հետ կապված կարիքները: Դեռահասային շրջանում սեռական հարաբերությունները կրում են չպլանավորված բնույթ, և դեռահասները, իհարկե, հաճախ լավ տեղեկացված չեն լինում սեռավարակների կանխարգելման և հակաբեղմնավորման մեթոդների մասին:
Բացի սեռավարակներով վարակվելու բարձր վտանգից, որպես անպաշտպան սեռական հարաբերությունների արդյունք, աճում է վերարտադրողական առողջության այլ խնդիրների ռիսկը, այդ թվում անցանկալի հղիությունը և վաղ տարիքում անապահով արհեստական վիժումները:

Դեռահասային շրջանում տարած սեռավարակները թողնում են ավելի լուրջ հետևանքներ, քան ավելի մեծ տարիքում: Դեռահասների մոտ սեռավարակների հետևանքները հետևյալն են.
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ (ՓԿՕԲՀ) և չբերություն,
- արգանդի վզիկի դիսպլազիա կամ քաղցկեղ, դեռահասային տարիքում վարակումը մարդու պապիլոմայի վիրուսով, որը հաճախացնում է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը,
- երրորդային սիֆիլիս, երկարատև չբուժված դեպքերում ախտահարվում են սիրտը և գլխուղեղը,
- սեռավարակների հետ կապված ամոթի և նվաստացած լինելու զգացումը կարող են բացասաբար անդրադառնալ դեռահասի հոգեբանական զարգացման և հետագայում սեռական կյանքի վրա:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ