Դեռահասությունը կյանքի շրջան է, որը բնորոշվում է ֆիզիոլոգիական և ֆիզիկական յուրահատուկ փոփոխություններով, սեռական հասունացմամբ, հոգեբանսոցիոլոգիական զարգացման առանձնհատկություններով: Սեռական հասունության շրջան հասկացությունը ներառում է վաղ դեռահասային տարիքում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք բերում են սեռական և վերարտադրողական ունակությունների զարգացմանը:

Սեռական հասունացման առաջին նշանները երկրորդական կոչվող հատկանիշնների առաջացումն է: Աղջիկների մոտ դրանք ի հայտ են գալիս 11-12 տարեկան հասակում, մեծանում են կրծքագեղձերը, արտաքին սեռական օրգաններին և անութային փոսերում մազածածկույթ է հայտնվում, մարմնաձևերը կանացի գծագրություն են ստանում, ձայնն ավելի հնչեղ է դառնում: Այդ շրջանում խոշորանում և հասնունանում են նաև ներքին սեռական օրգանները, որոնք գտնվում են որովայնի խոռոչի ներքևի մասում: Առաջին դաշտանի` սեռական օրգաններից արնահոսության հայտնվելը վկայում է, որ աղջկա սեռական համակարգը հիմնականում արդեն ձևավորվել է:

Տղաների սեռական հասունացման սկզբում (12-13 տարեկանում) նկատվում է առնանադամի չափերի մեծացում, դեմքին, ցայլքային և անութային փոսերում` մազերի աճ: Ամորձիները մեծանում են և սկսում սեռական հասուն բջիջներ` սպերմատոզոիդներ արտադրել: 13-14 տարեկանում սեռական օրգանից (առնանդամ) ունենում յուրահատուկ հոտով, սպիտակ, մածուցիկ հեղուկի` սերմնահեղուկի ակամա պարբերական արտազատում: Այդ երևույթը կոչվում է երազախաբություն (պոլուցիա) և հաճախ ուղեկցվում է օրգազմով` հաճույքի զգացումով: Պոլուցիան սովորաբար տեղի է ունենում քնած ժամանակ և ուղեկցվում է առնանդամի մեծացմամբ և պնդացմամբ: Այդ վիճակը կոչվում է էրեկցիա: Էրեկցիան կարող է առաջանալ սեռական տարբեր գործոնների ազդեցությունից, օրինակ` հպումներից, սեռական երևակայությունից, էրոտիկ ֆիլմերից կամ երազներից և այլն: Բնական է նաև էրեկցիայի առաջացումը առավոտյան:

Բացի այդ, սեռական հասունացման ընթացքում սկսում է արագ զարգանալ հենաշարժողական համակարգը, հատկապես` ոսկորները ու մկանները, ձայնը դառնում է թավ: Այս շրջանում պատանիների մեջ սեռական հակումներից առավել վառ դրսևորվում է զգացմունքայնությունը: Կանանց և տղամարդկանց սեռականության զարգացումը ինքնատիպ է և տարբերվում է մի շարք առանձնահատկություններով: Աղջիկներին հատուկ է ավելի վաղ սեռական հասունացումը, սակայն նրանց սեռական զգացմունքային ցանկություններն ավելի ուշ են դրսևորվում, քան պատանիներինը: Սիրախաղին, գգվանքներին սովորաբար նախորդում է սեռային հակումը` լիբիդոն, որը զգալիորեն պայմանավորված է հորմոնների արտազատմամբ: Լիբիդոն յուրատեսակ հակվածության զգացում է հակառակ կան նույն սեռի նկատմամբ: Բանական մարդու սեռական հակվածությունը հարուստ է զգացմունքներով և բնորոշում է մարդկանց փոխհարաբերությունների բնույթը:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ