Այսօր ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Սեռական և վերարտադրողական առողջություն» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված էր ԵՊԲՀ  Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 15 ամյակին: 
 
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյան.
 
Ի՞նչ առաջընթաց և ձեռքբերումներ է ունեցել սեքսոպաթոլոգիայի ամբիոնն այս 15 տարիների ընթացքում:
 
- Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում այժմ վերապատրաստվում և մասնագիտություն են ձեռք բերում նոր սերնդի սեքսոպաթոլոգներ, ինչը, կարծում եմ՝ շատ ուրախալի է: Սակայն, պրոֆեսիոնալ սեքսոպաթոլոգների թիվն այնքան էլ մեծ չէ, և կարիք կա համալրելու մեր շարքերը երիտասարդ, բանիմաց մասնագետներով:
 
Ո՞րը կլինի Ձեր մաղթանքն այս մասնագիտությունը ընտրած ուսանողներին:
 
- Այս մասնագիտության ընտրության համար անհատը ներքին պատնեշներ պետք է հաղթահարի, ունենա բազմակողմանի զարգացվածություն՝ գիտելիքներ հարակից բոլոր բժժշկական ուղղություններից: 
Այսօր սեքսոլոգիայի դասընթացը պարտադիր ուսուցման է ընդհանուր և ռազմական բժշկության ուսանողների համար, սակայն ցանկալի է, որ դասընթացը ներառված լինի նաև ստոմատոլոգների և դեղագետների կրթական ծրագրում:
Մեր ամբիոնին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, որպեսզի մեր աշխատանքը լինի էլ ավելի հանրամատչելի և օգտակար հասարակության համար,- ասում է Սևադա Հակոբյանը:
 
Գիտաժողովի պատվավոր հյուրն էր վրացի բժիշկ-սեքսոլոգ Զուրաբ Մարշանիան, ով ներկայացրեց զեկույց վագինիզմի առաջացման պատճառները, դրա տարածվածության վերաբերյալ:
 
- Հիվանդությունը, ցավոք, աճ է գրանցում: Որպես դրա առաջացման հիմնական պատճառ կարող եմ նշել սոցիալ-մշակութային գործոնը: Մեր կլինիկայում (Վրաստանում) անցկացված հետազոտությունը 102 կանանց շրջանում ցույց տվեց, որ նրանց 58%-ի մոտ առկա է վագինիզմ: Ցավոք, նկատում եմ, որ վրացի կանայք դիմում են բժշկի միայն խիստ ծայրահեզ պարագայում, նկատեցի, որ ձեզ մոտ այս խնդիրը ևս առկա է: Սոցիալ մշակութային մտածողության նմանություններ շատ կան, օրինակ՝ մեր հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ վրացի հարցվածների 79%-ը կտրուկ դեմ է մինչամուսնական սեռական կյանքին, իսկ հարցված տղամարդկանց 61%-ը երբեք չէր ամուսնանա ոչ կույս աղջկա հետ,- ասում է բժիշկ Մարշանիան:
 
Նշենք, որ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայում ևս իրականացվում են ուսումնասիրություններ՝ սեռական պաթոլոգիաների, հաճախ հանդիպող հիվանդացությունների վիճակագրության ստեղծման նպատակով: Սեքսոպաթոլոգ Ռուզաննա Ազատյանի խոսքով՝ կլինիկա դիմածների 20%-ը կանայք են, 25%-ը ամուսնական զույգեր, 55%-ը՝ տղամարդիկ: Կանանց մեծամասնությունը դիմում է սեռական հաճույքի բացակայության, սեռական ֆոբիաների, ամուսնական զույգերը՝ վագինիզմի, սեռական աններդաշնակության, իսկ տղամարդիկ՝ էրեկտիլ դիսֆունկցիայի և սերմնաժայթքման հետ կապված խնդիրներով:
 
 
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան.
 
Doctors.am-ը շնորհավորում է ամբիոնի տարեդարձի առիթով: Ինչ կմաղթեք ապագա և ներկայիս սեքսոպաթոլոգներին:
 
- Առաջին հերթին մաղթում եմ աշխատասիրություն, նվիրվածություն, քանի որ սեքսոպաթոլոգ դառնալու համար ապագա մասնագետը պետք է գիտակցի պահանջվելիք համբերատարությունը, այս մասնագիտությունը պահանջում է նաև յուրահատուկ մոտեցում:
Ողջունում եմ, որ այսօր սեքսոլոգի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը աճել է թե՛ հասարակության, թե բժշկական հանրության կողմից:
 
Դուք ինքներդ, ինչպե՞ս կայացրեցիք սեքսոլոգի մասնագիտությունն ընտրելու որոշումը:
 
- Մասնագիտությունս ընտրել եմ շատ պատահաբար: Համառորեն տրամադրված էի ընտրել ինվազիվ սրտաբանի մասնագիտությունը: Դիմումների ընդունման վերջին օրն անսպասելիորեն ընտրեցի սեքսոպաթոլոգի մասնագիտությունը: Ոլորտը՝ որպես գիտական ուղղություն մշտապես հետաքրքրել է ինձ, սակայն այն ստվերում էր և քիչ էր ուսումնասիրվում: Շուտով արդեն կլրանա 10 տարին, որ սեքսոլոգիայի ոլորտում եմ, և շատ ուրախ եմ, որ կայացրել եմ նման որոշում:
 

Զեկույց ներկայացվեց վագինիզմի, դրա առաջացման պատճառների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ինչու՞ է այս խնդիրը տարածված նաև մեր երկրում:

-Վագինիզմի առաջացման հիմնական պատճառն, իհարկե, ընտանեկան գործոնն է, սեռական դաստիարակության բացթողումները, սխալ դրվածքը, մոր կողմից դստեր հետ անառողջ օրիակների պարբերաբար քննարկումը, հոր պասիվ դերակատարությունը… Այս գործոնները ժամանակի ընթացքում հանգեցնում են նրան, որ աղջկա մոտ ստեղծվում է սխալ պատկերացում սեռական կյանքի մասին:
 
Ո՞րն է պատճառը, որ սեռական դաստիարակության մշակույթը թույլ է զարգացած մեզ մոտ: Իրականում, որտեղի՞ց է պետք սկսել:
 
Սա բավական կնճռոտ հարց է: Սկսել, իհարկե, պետք է դպրոցից: Այն , ինչ կատարվում է այսօր մեր երկրում, մտահոգիչ է. ֆիզկուլտուրայի ուսուցիչը չպետք է դասավանդի սեռական դաստիարակության առարկա, խոսքն այստեղ առողջ ապրելակերպի մասին չէ, - ասում է Վ. Շահրամանյանը:
 
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան և կլինիկական դեպքերի քննարկում՝ մասնագետների միջև:
Հիշեցնենք, որ գիտաժողովը շարունակվելու է նոյեմբերի 29-ին՝ Աղվերանում:
 
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
28 նոյեմբերի 2014թ.