Երակների վարիկոզ լայնացումն այսօր վերարտադրողական շրջանում գտնվող 19-40 տարեկան կանանց մոտ մեծ տարածում ունեցող ու հիվանդացության մեծացման միտումով խնդիրներից է, որը հիմնականում պայմանավորված է  նստակյաց կենսակերպի, ֆիզիկական ակտիվության նվազման, ճարպակալման և այլ գործոններով:
Doctors.am-ը ներկայացնում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ռադիոլոգ Մարիամ Օհանյանի տրամադրած հետազոտությունը՝ «Ֆիզիկական ակտիվության դերը երակների վարիկոզ հիվանդությամբ երիտասարդ կանանց ֆիզոլոգիական ցուցանիշների բարելավման հարցում» թեմայով: Հետազոտությունների հիմնական նպատակն է` ուսումնասիրել ֆիզիկական ակտիվության, մասնավորապես քայլքի ազդեցությունը,  վերարտադրողական շրջանում գտնվող և երակների վարիկոզ լայնացում ունեցող կանաց ստորին վերջույթների սրունքի մակերեսային և խորանիստ երակների արյան շրջանառության ցուցանիշների բարելավման հարցում:
Այն առավել կարևոր է ուսանողության շրջանում, քանի որ ոչ առողջ կենսակերպը՝ նստակյաց կյանքը, սակավաշարժությունը, սնունդը և այլն, հաճախ պատճառ են դառնում տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների զարգացման համար:
Քանի որ երակներով արյան շրջանառությանը իրականացվում է կմախքային մկանների գործունեությամբ, միանգամայն պարզ է դառնում տարբեր ֆիզիկական վարժությունների դերը՝ մկանների  աշխատանքի և երակային արյան շրջանառության ցուցանիշների կարգավորման գործում:
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ աշխարհի տարբեր երկրներում երակների վարիկոզ լայնացման կանխորոշման ու բարդությունների զարգացման գործընթացների կանխարգելման նպատակով առաջարկվում է բուժման արդյունավետ համալիր միջոցներ (ֆարմակոթերապիա, ֆիզիոթերապիա,  կոմպրեսոթերապիա) և բուժական ու ադապտիվ  ֆիզիկական կուլտուրայի տարբեր միջոցներ:
Հայտնի է, որ վազքը, այդ թվում հեծանվավազքն ու լողը ամրացնում են ոտքերի մկանները՝ ապահովելով երակների նորմալ ֆիզիոլոգիական ակտիվությունը: Թեև ժամանակակից բժշկությունն առաջարկում է տարբեր ֆիզիկական վարժություններ, համապատասխան անոթների գործունեության մեխանիզմների բացահայտման ուղղությամբ կատարվող  նպատակասլաց հետազոտությունները շատ սակավ են: 

Այդ նպատակի իրականացման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝

1. հիմք ունդունելով արդի գրականության տվյալները՝ ուսումնասիրել 19-40 տարեկան կանանց մոտ հիվանդության տարածվածության աստիճանը։
2. Բացահայտել ու գնահատել ռիսկային դեպքերը՝ ապրելակերպի ու ֆիզիոլոգիական վիճակի գնահատման ճանապարհով:
3. Երիտասարդ կանանց բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն:
4. Շարժողական ակտիվության ու հիվանդության տարածվածության փոխկախվածության բացահայտում։
5. Ստացված արդյունքների վիճակագրական հավաստիության գնահատում ու վերլուծություն։

Հետազոտության մեթոդները

Հետազոտվողների` առողջական վիճակի գնահատման համար, մեր կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները՝

-ստորին վերջույթների սրունքի մակերեսային ու խորանիստ երակների երակային ճնշման մեծության գնահատում՝ կանգնած դիրքում,
- հարցման մեթոդով հիվանդության ժառանգական գործոնի բացահայտում,
- գերձայնային հետազոտության մեթոդով երակային արյան հոսքի արագության չափում,
-կենսակերպում ֆիզիկական ակտիվության գնահատում՝ հարցման մեթոդով,
- BMI ցուցիչի որոշմամբ՝ ճարպակալման առկայության փաստարկում։
Մեր հետազոտություններում երակային արյան շրջանառության գնահատումն իրականացվել է  գունավոր դուպլեքս սկանավորման միջոցով։
Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է T-թեստավորման մեթոդով։

Հայտնի է, որ Ֆիզիկական ակտիվության ամենամատչելի միջոցը քայլքն է, որը նկատելի նվազեցնում է լիմֆոստազը:

Հետազոտությունների մեջ ընդգրկվել են վերարտադրողական տարիքում գտնվող 35 կանայք և աղջիկներ։ Փորձարարական խումբը կազմել են առաջնային երակային անբավարարություն ունեցեղ 16 հետազոտվողներ, որոնք նախապես անցել են բժշկական անատոմիական  զննում ու  ստորին վերջույթների երակների գերձայնային հետազոտություն։ Հսկիչ խումբը ներառել է պատահականության սկբունքով ընտրված 17 երիտասարդ կանայք։ Երկու խմբերում էլ նախապես կատարվել է բժշկական փաստաթղթերի ստուգում՝ ստորին վերջույթների երակային արյան հոսքի արագությունը սրունքի մակերեսային ու խորանիստ երակներում ստոգելու, կանգնած դիրքում երակային արյան ճնշման մեծությունը չափելու, վերջույթների մաշկի ջերմաստիճանը որոշելու, ինչպես նաև կենսակերպի հարցման միջոցով։

Հետազոտությունների արդյունքներն ու դրանց քննարկումը 

Հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ հիվանդության զարգացման  ռիսկային գործոններից են՝ հետազոտվողների քաշը, սեռը, հղիությունը, բարձր հասակը, երկարատև ուղղահայաց դիրքը, քրոնիկական երակային հիվանդությունները, որը ընդհանուր արմամբ համընկնում է արդի գրականության տվյալների հետ։ Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների սրունքները։  Դրա հետ կապված հիվանդության զարգացման առաջնային ախտանշաններ են համարվում ստորին վերջույթներում ծանրության և այրոցի առկայությունը, այտուցը, ցավը, մաշկի ջերմաստիճանի և երակային արյան ճնշման բարձրացումը։
Հիվանդությունն առավել բնորոշ է բարձր BMI ցուցիչով կանանց, որոնք ունեն ցածր ֆիզիկական ակտիվություն և ժառանգական նախատրամադրվածություն։  Տղամարդկանց շրջանում առավել խոցելի խումբ են կազմում ծխողները։
Գերձայնային հետազոտությունների ճանապարհով հետազոտվողների կանգնած դիրքում գնահատվել է ստորին վերջույթների արյան ճնշումը սրունքի մկանների հանգիստ վիճակում, կծկման ընթացքում ու թուլացման ժամանակ։ Հաստատվել է, որ երկու խմբում էլ վարժության ընթացքում երակային արյան ճնշումը իջնում է և աստիճանաբար  վերականգնվում  մինչև նախնական արժեքը (վարժության դադարի 1 րոպեի ընթացքում)։ Փորձարարական խմբում երակային արյան ճնշման իջեցումը թույլ է արտահայտված և այն առավել ավելի արագ է վերականգնվում (աղյուսակ 1 և 2)։
Գերձայնային հետազոտության միջոցով՝ երկու խմբերում գնահատվել է նաև երակային արյան հոսքի արագությունը։ Ըստ ստացված տվյալների՝ երակային արյան հոսքի արագությունը զգալիորեն բարձր է փորձարարական խմբում (35-40 սմ/վրկ(, հսկվող խմբի հետազոտվողների տվյալների համեմատ (18-20 սմ/վրկ)։
Հետազոտությունը կրկնվել է 4 շաբաթյա քայլքի ծրագրի իրականացումից հետո: Հատկանշական է, որ ծրագրի ավարտից հետո փորձարարական խմբում  սրունքի մակերեսային ու խորանիստ երակներում երակային արյան հոսքի արագությունը  տատանվում է 25-30 սմ/վրկ-ներում։
Վերոհիշյալից հետևում է, որ քալքը նպաստում է երակային փականների ֆունկցիային, ստորին վերջույթի սրունքի մակերեսային և խորանիստ երակներում երակային արյան ճնշման նվազմանը, ինչպես նաև խթանում է զարկերակային արյան շրջանառությունը:  

Աղյուսակ 1
Հսկիչ խմբում ներգրավված կանանց ստորին վերջույթների արյան ճնշման ցուցանիշները կանգնած դիրքում ֆիզիկական վարժությունների ընթացքում՝ գերձայնային հետազոտության մեթոդով:
 
Աղյուսակ 2
Փորձարարական խմբում ներգրավված կանանց ստորին վերջույթների արյան ճնշման ցուցանիշները կանգնած դիրքում ֆիզիկական վարժությունների ընթացքում՝ գերձայնային հետազոտության մեթոդով:
 
Եզրակացություն։

Արդի գիտամեթոդական գրականության տվյալների վերլուծությունն ու մեր կողմից կատարված հետազոտությունների արդյունքների ամփոփումը թույլ է տալիս եզրակացնել, որ քայլքը, լինելով ֆիզիկական պարզագույն վարժություն, զգալիորեն լավացնում է  սրունքի մակերեսային և խորանիստ երակների ֆիզիոլոգիական ցուցանիշները։
Մեր կողմից ստացված հետազոտությունների արդյունքներն ապացույց են, որ տարբեր մկանային խմբերի աշխատանքի խթանմանն ուղղված ֆիզիկական վարժությունների ընտրությունն ու նրանց համապատասխան մշակումը միանշանակ հիմք կծառայեն երիտասարդ մարդկանց կենսակերպի առավել ճիշտ ինքնակառավարման գործընթացում, ինչպես նաև ուսանողների ֆիզկուլտուրայի դասերին վերաբերվող ուսումնական ծրագրերի արդյունավետ պլանավորման առումով:

Աղբյուր՝ Doctors.am
5Դեկտեմբերի, 2017