Հղիության ընթացքում կնոջ մարմինն անընդհատ փոփոխության է ենթարկվում, ինչը որոշակի անհարմարություններ է առաջացնում: Որոշ անհարմարություններ կարող են առաջանալ հղիության առաջին շաբաթների ընթացքում, իսկ որոշներն՝ այն ժամանակ, երբ ծննդաբերությունն արդեն մոտ է: 

Ցավ որովայնում  

Որովայնի երկու կողմերում սուր, ծակող ցավն առաջանում է աճող արգանդը պահող հյուսվածքի ձգման հետևանքով: Այդ ցավերը կարող են տարածվել ներքև՝ ընդգրկելով նաև ազդրերը և ոտքերը:

Շրջանաձև կապանի ցավ

Շրջանաձև կապանի ցավը հիմնականում առաջանում է հղիության երկրորդ եռամսյակում: Ազդրերի և որովայնի երկու կողմերում առաջացող սուր ցավը տարածվում է նաև աճուկի շրջանում: Շրջանաձև կապանում առաջացող ցավերը համարվում են հղիության բնականոն ընթացք:

Մկանների ձգվածություն

Արգանդի մկանները սկսում են ձգվել հղիության 4-րդ ամսում: 

Խորհուրդներ

  • Փորձեք մերսումներ անել,
  • Համոզվեք, որ օրգանիզմում հեղուկի բավարար քանակություն կա,
  • Փոխեք ձեր դիրքը կամ ակտիվությունը, մինչև որ ձեզ ավելի հարմարավետ կզգաք,
  • Խուսափեք կտրուկ շարժումներից,
  • Եթե որովայնում հանկարծակի ցավ եք զգում, ապա թեքվեք դեպի ցավող կետը, որպեսզի մկանների լարվածությունն անցնի և հյուսվածքները թուլանան,
  • Փորձեք հանգստանալ:
  • Եթե ցավը շատ ուժեղ է և երկարատև, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Մեջքի ցավ

Մեջքի ցավը հաճախ առաջանում է մեջքի մկանների  լարվածության, հորմոնալ փոփոությունների և կեցվածքի փոփոխության հետևանքով:

Խորհուրդներ

  • Խուսափեք բարձրակրունկ կոշիկներից. կրեք ոչ տափակ, մի փոքր բարձրություն ունեցող կոշիկներ,
  • Խուսափեք ծանրություն բարձրացնելուց,
  • Պետք չէ երկար ժամանակ ոտքի վրա մնալ, եթե, այնուամենայնիվ, երկար կանգած մնալու անհրաժեշտություն կա, ապա մի ոտքը ոտքը դրեք աթոռին կամ որևէ փոքր արկղի հենեք,
  • Նստելիս մեջքի հետևում բարձր դրեք, ոտքերն էլ հենեք աթոռին,
  • Երբ քնելիս աջ կամ ձախ եք թեքվում, ապա ոտքերի արանքում բարձ դրեք,
  • Կատարեք բժշկի առաջարկած մարզանքները, որպեսզի մեջքի մկանները ուժեղանան և ցավը մեղմանա,
  • Եթե ցավը մեջքից իջնում է ավելի ներքև, այնուհետև տարածվում է որովայնում և 1 ժամից ավել է տևում, ապա անհապաղ դիմեք բժշկի,  դա կարող է ժամանակից շուտ սկսվող նախածննդաբերական ցավեր լինել:

Արյունահոսություն և լնդերի այտուցվածություն

Արյան շրջանառության և համապատասխան հորմոնների մատակարարման ծավալի մեծացումը  կարող է հանգեցնել լնդերի արյունահոսության և այտուցվածության:

Խորհուրդներ

  • Խնամեք ատամները և լնդերը, մի՛ մոռացեք ատամները կանոնավոր մաքրելու և ատամների մաքրման թել օգտագորեծելու մասին,
  • Հղիություն պլանավորելիս ստուգվեք ստոմատոլոգի մոտ՝ համոզվելու համար, որ ատամներն ու լնդերն առողջ են:

Փորկապություն

Հորմոններն, ինչպես նաև՝ վիտամինային ու երկաթի հավելումները կարող են փորկապության պատճառ դառնալ: Փորկապություն է առաջանում նաև այն ժամանակ, երբ արգանդը ճնշում է գործադրում ուղիղ աղիքի վրա:

Խորհուրդներ

  • Սննդակարգում ավելի շատ մանրաթելեր ավելացրեք (թարմ միրգ ու բանջարեղեն օգտագործեք),
  • Շատ հեղուկ օգտագործեք,
  • Առավոտյան տաք հեղուկ օգտագործեք,
  • Ամեն օր ֆիզիկական վարժություններ կատարեք:

Քնի խանգարում

Հատկապես հղիության ուշ շրջանում քնելու հարմար դիրք գտնելը ավելի է դժվարանում:

Խորհուրդներ

  • Մի՛ օգտագործեք քնաբեր միջոցներ,
  • Քնելուց առաջ տաք կաթ խմեք,
  • Քնելուց առաջ տաք ցնցուղ կամ վաննա ընդունեք,
  • Երբ քնելիս թեքվում եք, ապա ոտքերի արանքում բարձ դրեք, ձախ կողմի վրա թեքված քնելը հղի կանանց համար առավել հարմար է, բացի այդ՝ լավացնում է արյան շրջանառությունն ամբողջ մարմնում:

Գլխապտույտ

Խորհուրդներ

  • Երկար ժամանակ ոտքի վրա մնալիս՝ անպայման քայլեք,
  • Պառկած կամ նստած  տեղից կտրուկ մի՛ բարձրացեք:

Հոգնածություն

Օրեցօր աճող երեխան լրացուցիչ էներգիա է պահանջում, ինչի արդյունքում հնարավոր է, որ անընդհատ հոգնածություն զգաք: Երբեմն հոգնածությունը կարող է պայմանավորված լինել արյան մեջ երկաթի ցածր պարունակությամբ, ինչը հղիության ընթացքում հաճախ է պատահում:

Խորհուրդներ

  • Շատ հանգստացեք: Աշխատեք գիշերը վաղ քնել և փորձեք մի քանի ժամ քնել նաև օրվա ընթացքում.
  • Ամեն օր մարզվեք՝  էներգիայի մակարդակն ավելացնելու համար,
  • Եթե կարծում եք, որ արյան մեջ երկաթի պակասը շատ է անհանգստացնում ձեզ, ապա դիմեք բժշկի և արյան անալիզ հանձնեք:

Հաճախամիզություն

Առաջին եռամսյակում աճող արգանդը և երեխան ճնշում են միզապարկը, որը հաճախ միզելու անհրաժեշտություն է առաջացնում: Հաճախամիզություն կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ երեխայի գլուխը ծնվելուց առաջ ներքև է իջնում:

Խորհուրդներ

  • Խուսափեք ձգող ներքնազգեստ և տաբատ կրելուց,
  • Եթե միզապարկում այրոցի զգացում կամ ցավ ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի, դա կարող է վարակի նշան լինել:

Գլխացավ

Գլխացավերի առաջացման հաճախականությունը և ցավի աստիճանը կարող են հղիության ընթացքում անընդհատ փոփոխվել:

Խորհուրդներ

  • Ճակատին և պարանոցի հետևում սառցե պարկ դրեք,
  • Պառկեք թույլ լուսավորված սենյակում, փակեք աչքերը, փորձեք հանել մեջքի, մկանների, ուսերի լարվածությունը,
  • Եթե գլխացավերը ուղեկցվում են սրտխառնոցով, տեսողության աղոտացմամբ, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Արյոց կամ մարսողության խանգարում

Այրոցը այրման զգացողություն է, որն առաջանում է որովայնում և թվում է, թե կոկորդ է բարձրանում: Հղիության ընթացքում այրոց է առաջանում, որովհետև կնոջ մարսողական համակարգը հորմոնների մակարդակի փոփոխման արդյունքում դանդաղ է աշխատում: Բացի այդ, մեծացած արգանդը կարող է հրել ստամոքսը՝ ստամոքսաթթուները բարձրացնելով վերև:

Խորհուրդներ

  • Օրվա ընթացքում սնվեք փոքր չափաբաժնով և հաճախ,
  • Կերեք դանդաղ,
  • Խմեք տաք հեղուկներ, օրինակ՝ խոտաբույսերով թեյ,
  • Խուսափեք տապակած սննդից և այնպիսի ուտելիքներից, որոնք կարծում եք, որ դժվար եք մարսում,
  • Ուտելուց անմիջապես հետո մի՛ պառկեք,
  • Երբ պառկում եք, ապա հետևեք, որ գլուխը ավելի բարձր դրված լինի, քան ոտքերը կամ բարձը դրեք ուսերի տակ, որպեսզի թույլ չտաք, որ ստամոքսաթթուները բարձրանան կրծքավանդակ:

Թութք

Հղիության ընթացքում փոքր կոնքի անոթների ճնշվածության արդյունքում հնարավոր է, որ հետանցքի շրջանի և ուղիղ աղիքի երակները լայնանան և թութք առաջանա:

Խորհուրդներ

  • Փորձեք խուսափել փորկապությունից: Փորկապությունը կարող է թութք առաջացնել կամ թութքն ավելի ցավոտ դարձնել,
  • Երկար ժամանակ կանգնած կամ նստած մի՛ մնացեք, հաճախ փոխեք ձեր դիրքը,
  • Ջանք գործադրեք, որպեսզի աղիքի շարժի ընթացքում չլարվեք,
  • Օրվա ընթացքում մի քանի անգամ տաք վաննա ընդունեք,
  • Խուսափեք ձգող ներքնազգեստ, տաբատ կրելուց,
  • Մշտապես խորհրդակցեք բժշկի հետ:

Ոտքերի ջղաձգում և ցավ

Աճող արգանդի ճնշումը կարող է առաջացնել ոտքերի ջղաձում և սուր ցավեր:

Խորհուրդներ

  • Անպայման օգտագործեք այնպիսի սնունդ և ըմպելիքներ, որոնք հարուստ են կալցիումով,
  • Հարմար կոշիկ կրեք,
  • Փորձեք ձգող գուլպաներ կրել, բայց ոտքերի վրա շատ ճնշում չգործադրել,
  • Խուսափեք մեջքի վրա պառկելուց, քանի որ ձեր քաշը և աճող արգանդի ճնշումը կարող են ոտքերի արյան շրջանառությունը դանդաղեցնել, ինչը հնարավոր է, որ ջղաձգումներ առաջացնի:

Սրտխառնոց և փսխում

Սրտխառնոց կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին, սակայն ամենից հաճախ դա լինում է առավոտյան, երբ ստամոքսը դեռ դատարկ է: Սրտխառնոցը հորմոնալ փոփոխությունների արդյունք է և առաջանում է հատկապես հղիության առաջին ամիսներին, քանի որ օրգանիզմը դեռ նոր է հարմարվում արտադրվող հորմոններին:

Խորհուրդներ

  • Եթե սրտխառնոցն առաջանում էառավոտյան, ապա չոր սնունդ կերեք: Օգտագործեք սպիտակուցով հարուստ սնունդ:
  • Ամբողջ օրվա ընթացքում հեղուկ օգտագործեք: Հեղուկը միանգամից կուլ մի տվեք՝ խմեք կում-կում,
  • Խուսափեք յուղոտ և տապակած սննդից,
  • Անհապաղ դիմեք բժշկի, եթե փսխումները շատ հաճախակի են:

    Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland clinic  

    Աղբյուրը՝ Doctors.am