ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 7 իրավունքը

«Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ստանալ անհրաժեշտ բուժումը սեղմ և նախօրոք որոշված ժամկետում: Այս իրավունքը գործում է բուժման յուրաքանչյուր փուլում»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

Հայաստանի Հանրապետությունում նշված իրավունքին վերաբերող որևէ ուղղակի կարգավորում գոյություն չունի:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատվել է բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը: Մասնավորապես նշվում է, որ ամսական կտրվածքով բժշկական հաստատության բյուջեի սպառման դեպքում (խոսքը պետական պատվերի շրջանակներում կնքված պայմանագրի ամսական բյուջեի մասին է), բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացիան իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով: Միևնույն ժամանակ նույն կարգով սահմանվում են այն դեպքերը, երբ չի թույլատրվում կազմակերպել հերթագրման կարգով բուժումը: Այդ դեպքերն են`

• սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունները, 
• շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները, 
• ծննդօգնություն, 
• 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն, 
• անհետաձգելի վիճակների բուժօգնություն:

Նշվածից հետևում է, որ անհետաձգելի դեպքերում ապահովված է անձի` բուժօգնություն ստանալու հասանելիությունը և իրավունքը: Բացի դրանից`կարգի 4-րդ կետով ամրագրված է, որ

«4. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ»:

Կարգի 5-րդ կետի համաձայն.

«Հիվանդները մինչև հերթագրմամբ բուժօգնություն ստանալու ժամկետը անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական պատվեր իրականացնող այլ հիվանդանոցային բուժհաստատություններում և տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում»:

Սրանով ամրագրվում է Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայում ամրագրված, այլ բուժհաստատություն դիմելու հնարավորության ապահովման իրավունքը:

Կարգի 8-րդ կետի համաձայն`

«Հիվանդների հոսպիտալացման նպատակով հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով հերթագրման թերթիկ և կատարվում է գրառում անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում»:

Նշվածով երաշխավորվում է Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայում ամրագրված անհապաղ հաշվառման իրավունքը: Կարգի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան` հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել, և ելնելով միայն հիվանդի վիճակից` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում հիվանդը կարող է արտահերթ հոսպիտալացվել:

Կարգի 10-րդ կետի համաձայն`

«Ելնելով հիվանդի վիճակից` արտահերթ հոսպիտալացման որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների մասնակցությամբ: Հանձնաժողովի որոշումը վավերացվում է առնվազն 3 բժիշկ-մասնագետի ստորագրությամբ` համապատասխան նշում կատարելով հերթագրման մատյանում»:

Կարգի 11-րդ կետի համաձայն`

հերթագրված հիվանդների հոսպիտալացումը կատարվում է հիվանդանոցի հրավերի (գրավոր կամ հեռախոսակապով) հիման վրա: Կարգի նշված դրույթը երաշխավորում է հերթագրման դեպքում հիվանդի` բուժօգնություն ստանալու իրավունքը:

Կարգի 12-րդ կետի համաձայն`

բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հոսպիտալացման հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` փակցնելով դրանք բժշկական կազմակերպության ընդունարանում` տեսանելի վայրում:

Կարգի 13-րդ կետի համաձայն`

«Եռամսյակային բյուջեի սպառման ժամկետի մասին բնակչության իրազեկումը պարտադիր է, որի վերաբերյալ հայտարարությունը ստորագրվում և կնքվում է բուժհաստատության ղեկավարի կողմից և փակցվում բժշկական կազմակերպության ընդունարանում` դիմողների համար տեսանելի տեղում»:

Կարգի նշված կետերը երաշխավորում են հիվանդի` հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Կարգի 14-րդ կետի համաձայն`

«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս արտահերթ բուժօգնությունն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում հաստատված ընդհանուր հիմունքներով»:

Սա նշանակում է, որ հերթագրման կարգից դուրս բուժում ստանալու ցանկություն ունեցող անձը կարող է բուժում ստանալ վճարովի հիմունքներով:

• Պետք է ընդգծել, որ պացիենտի ժամանակը հարգելու իրավունքը պատշաճ և ամբողջական ձևով չի ամրագրվել ՀՀ օրենսդրության մեջ, քանի որ այն ամրագրված է միայն պետական պատվերի շրջանակներում բուժվող հիվանդների համար:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքը սահմանում է, որ բժիշկները պետք է իրենց պացիենտների նկատմամբ պահպանեն ամբողջական չեզոքություն և օգտագործեն նրանց նկատմամբ կիրառելի բոլոր գիտական միջոցները: Եթե հետազոտությունը կամ բուժումը բժշկի գիտելիքներից դուրս են, նա պետք է այլ բժշկի հետ կամ դիմի այլ բժշկի, ով ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև պետք է հարգի պացիենտի ժամանակը:

ե) Գործնական օրինակներ


 

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Քաղաքացի Ա-ն դիմել է բժշկական հաստատություն` վերականգնողական բուժում ստանալու նպատակով: Վերջինիս հետազոտել են և հայտնել, որ իր բուժումն անհետաձգելի չէ, և որ տվյալ եռամսյակում չեն կարող իրեն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն տրամադրել, քանի որ սպառվել են տվյալ եռամսյակի համար նախատեսված պետական միջոցները: Առաջարկել են հերթագրվել կամ բուժօգնությունը ստանալ վճարովի հիմունքներով: Քաղաքացին ընտրել է հերթագրվելու տարբերակը: Վերջինիս հերթագրել են բուժհաստատությունում, տվել հերթագրման կտրոն: 1,5 ամիս անց քաղաքացուն զանգահարել են բժշկական հաստատությունից, և քաղաքացին ստացել է վերականգնողական բուժօգնության անվճար ծառայություններ (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Քաղաքացի Բ-ն, դիմելով ՀՀ առողջապահության նախարարին, հայտնել է, որ հերթագրվել է բժշկական կենտրոնում` աչքի վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար: Իրեն հերթագրել են, քանի որ դեպքն անհետաձգելի չի եղել: Մեկ ամիս անց զանգահարել է, սակայն բժշկական կենտրոնից նրան ասել են, որ պետք է սպասի մինչև իրենք կզանգահարեն և կկանչեն նրան: Ութ ամիս անց հիվանդը զանգահարել է բժշկական հաստատություն, և նրան ասել են, որ իր հերթն անցել է: Առողջապահության նախարարին դիմելուց հետո նրա խնդիրը վեր է հանվել և իրավունքները վերականգնվել են` Առողջապահության նախարարին բողոք ներկայացնելու հատուկ ընթացակարգի շնորհիվ (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Անհրաժեշտ է ներկայացնել ապացույցներ, որ կոնկրետ բուժման համար սպասելու ժամանակը եղել է չափազանց երկար, որի համար պետք է դիմել բժշկական փորձագիտական եզրակացության:

• Անհրաժեշտ է գնահատել չափից դուրս երկար սպասելաժամանակի ազդեցությունը` ինչպիսի վնաս (ժամանակավոր, թե մշտական) է հասցվել:

• Անհրաժեշտ է կենտրոնանալ հետևյալ հարցերի վրա. արդյոք ուշացումը եղել է պետության դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների կամ էլ սահմանափակ միջոցների արդյունք, արդյոք պետությունն արել է այն ամենը, ինչ ողջամտորեն կարող էր անել կոնկրետ իրավիճակում (հստակ հավասարակշռությունը փոփոխության կենթարկվի` կախված իրավիճակի լրջությունից):

• Երբ պացիենտի իրավունքները խախտվեն` կապված սպասելու ժամանակի հետ, նրան պետք է ի սկզբանե խորհուրդ տրվի անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` իրավունքները վերականգնելու խնդրանքով, քանի որ պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիրը կնքվում է ՀՀ առողջապահության նախարարության և բուժհաստատության միջև, և նախարարությունը` որպես պատվիրատու, իրավասու է բուժհաստատությունից` Կատարողից, պահանջել պատշաճ ձևով կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները:Կառավարության կողմից հաստատված կարգով սահմանվում են այն դեպքերը, որոնք հերթագրման կարգով բուժում չեն թույլատրում: Բացի այդ, գրանցված լինելու դեպքում հերթագրման փաստը հավաստող հիմք` պետք է պարտադիր պահանջել և պահել բժշկական կազմակերպության կնիքով հաստատված հերթագրման թերթիկը:

է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ

Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա - Պացիենտի ժամանակը հարգելու իրավունք

Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում -Առողջության իրավունք

Աղբյուրը` healthrights.am կայք