Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ: Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում … պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով, մասնավորապես սեռավարակներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը:

Տվյալները վկայում են, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին` պատահական սեռական հարաբերության հետևանքով: Հանգստյան աչքի ընկնող վայրերում ձևավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր պառնիկներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերութան մեջ:

Պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է առաջին հերթին մարդկանց սեռական ճիշտ վարքագծով: Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին ″բարոյախրատական դասախոսությունը″, որքան ուղղամիտ, լրջմիտ սեռական մտածելակերպի մշակումը: Անհատը, ով ունի սեռական ոչ ճիշտ պատկերացում, հետևաբար վարում է նմանատիպ կենսակերպ: Սեռավարակներով չվարակվելու և սեռական առողջության առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:

Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն:

1. որքան հնարավոր է շուտ օճառով լվանալ սեռական օրգանները և գնալ զուգարան` միզելու,

2. սեռական օրգանները մշակել հակասեպտիկ նյութով (օր.` միրամիստին, գեկսիկոն կամ բետադին),

3. անցնել բժշկական հետազոտություն.

Սակայն ամենակարևորը` վարել պաշտպանված և կանոնավոր սեռական կենսակերպ:

Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ