Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, ի՞նչ ախտանշաններով է դրսևորվում, որո՞նք են առաջացման պատճառները։

Այս կարևոր հարցերի պատասխանները ներկայացրել է նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը։

 

Բժշկուհու մասնագիտական հետաքրքրություններն են՝

1) Պարկինսոնի հիվանդություն, պարկինսոնիզմ
2) Դեմենցիա
3) Հիպերկինեզներ`տիկ, միոկլոնիա, խորեա
4) Տարբեր տրեմորներ, ներառյալ Էսենցիալ տրեմոր
5) Քայլքի և բալանսի խանգարումներ
6) Ֆունկցիոնալ շարժողական խանգարումներ
7) Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, ատաքսիաներ
9) Պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարում
10) Առաջնային գլխացավեր
11) Կլինիկական հետաքրքրություն ներկայացնող, բարդ, չախտորոշված խանգարումներ

Բժիշկի մոտ կարող եք գրանցվել ինչպես offline, այնպես էլ առցանց՝ online տարբերակով։
Կապվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 043595587 (viber):

Նշենք նաև, որ Սոֆիյա Խաչատուրյանը անցել և հաջողությամբ ավարտել է դրամաշնորհային ծրագիր Պարկինսոնի ազգային հիմնադրամում (King's College Hospital NHS Foundation Trust in London, United Kingdom):

Պարկինսոնի հիվանդությունը քրոնիկ, պրոգրեսիվող , նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։

Սիմպտոմները սովորաբար սկսվում են աստիճանաբար և ծանրանում են ժամանակի ընթացքում։

Այս հիվանդության կլինիկական դրսևորումները, սկիզբը, պրոգրեսիան տարբեր հիվանդների մոտ տարբեր են։ Սկզբնական շրջանում ախտանիշները կարող են լինել թույլ արտահայտված և աննկատ շատերի համար։

Ախտանիշները

  1. Դող կամ տրեմոր: Իրենից ներկայացնում է ռիթմիկ շարժում, որը սկսվում է վերջույթներից, հիմնականում ձեռքի մատներից։ Առավել արտահայտված է լինում հանգստի ժամանակ, կարող է անհետանալ կամ նվազել գործողություն կատարելիս։
  2. Շարժումների դանդաղում կամ բրադիկինեզիա, ծանր դեպքերում անինեզիա՝ շարժումների բացակայություն։ Հիվանդության պրոգրեսիային զուգընթաց շարժումները դառնում են դանդաղ, անգամ ամենահասարակ գործողությունները դառնում են դժվար հաղթահարելի և ժամանակատար։ Օրինակ՝ քայլքը դառնում է դանդաղ, կարճ, քարշ տալով, անհնարին է դառնում ինքնուրույն աթոռից կամ անկողնուց վեր կենալը։
  3. Մկանային կարկամածություն կամ ռիգիդություն։ Ռիգիդություն կարող է առաջանալ ցանկացած մկանային խմբում՝ առաջացնելով արտահայտված ցավ և շարժումների ծավալի սահմանափակում։ Կարող է ի հայտ գալ կեցվածքի փոփոխություն, որը հանգեցնում է հաճախակի վայրընկնումների և հավասարակշռության խանգարման առաջացմանը։
  4. Ակամաշարժումների կորուստ՝դրանք են աչքերը թարթելը, ժպտալը, ձեռքերի ճոճը քայլելիս։
  5. Խոսքի փոփոխություն։ Խոսքր դառնում է դանդաղ, ցածր, միատոն և անհասկանալի։
  6. Ձեռագրի փոփոխություն։ Գիրը դառնում է մանր և անընթեռնելի։

 

Պատճառները

Պարկինսոնի հիվանդության նշանները և սիմպտոմները սկսում են արտահայտվել, երբ գլխուղեղի բազալ հանգույցներում գտնվող դոֆամինային նեյրոնների 80 տոկոսը վնասված կամ մահացած են լինում։ Այս նեյրոնները արտադրում են կարևոր նեյրոմեդիատոր՝ դոֆամին։

ՊՀ առաջացման պատճառները անհայտ են, սակայն կան գործոններ, որոնք կարող են մեծ դեր ունենալ հիվանդության առաջացման և պրոգրեսիայի մեջ։

Տարիք։ Երիտասարդների մոտ այն հանդիպում է հազվադեպ, սովորաբար սկսվում է 60-ից բարձր տարիքում։

Ժառանգական նախատրամադրվածություն։ Մերձավոր ազգականի մոտ ՊՀ մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։

Սեռ։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ՊՀ,  քան կանայք։

Տոքսինների ազդեցություն։ Թունաքիմիկատների, պեստիցիդների շարունակական ազդեցությունը մեծացնում է ՊՀ հավանականությունը։

Շատ հաճախ մոտոր դրսևորումներին նախորդում են ոչ մոտոր ախտանիշները, որոնք մնում են անտեսված թե՛ հիվանդի, թե՛ հարազատների կողմից։

  1. Կոգնիտիվ խանգարումներ։ Հիշողության, ուշադրության, կենտրոնացման, առաջադրանքները պլանավորելու և կատարելու ունակության խանգարումներ։ Սթրեսը, դեպրեսիան, որոշ դեղորայքի օգտագործումը, նույնպես կարող են նպաստել վերը նշված ախտանիշների զարգացմանը։
  2. Դեպրեսիա, էմոցիոնալ լաբիլություն։ Առավել արտահայտված է լինում հիվանդության վաղ շրջանում, կարող է ուղեկցվել վախի, տագնապի, մոտիվացիայի պակասի զգացումով։
  3. Կուլ տալու դժվարացում։ Հիվանդության պրոգրեսիան կարող է արտահայտվել կլման ակտի դժվարացմամբ, ինչն էլ իր հերթին նպաստում է առատ թքահոսության առաջացմանը։
  4. Ուտելու և ծամելու խնդրիներ։ Առավել հաճախ հանդիպում է հիվանդության վերջին փուլում, ծամիչ մկանների կարկամածության հետևանքով։ Առաջանում է թերսնուցում, քաշի կորուստ, ասթենիզացիա։
  5. Քնի խանգարումներ։ Դիտվում են գիշերային վերթռումներ, ցերեկային քնկոտություն։
  6. Միզարձակման հետ կապված խնդիրներ։ Արտահայտվում է նեյրոգեն միզապարկի համախտանիշով։
  7. Փորկապություն։ ՊՀ ունեցողների մեծ մասի մոտ հանդիպող սիմպտոմ է , որը պայմանավորված է պերիստալտիկայի դանդաղումով։
  8. Լաբիլ զարկերակային ճնշում։ Ուղղահայաց դիրքում զարկերակային ճնշման հանկարծակի անկում՝ օրթոստատիկ հիպոթենզիա։
  9. Հոտառության աղավաղում կամ կորուստ։
  10. Հոգնածություն։ Հոգնածություն , էներգիայի պակասի զգացողություն օրվա ընթացքում։
  11. Ցավ։ Ցավը կարող է արտահայտված լինել ախտահարված վերջույթում կամ ամբողջ մարմնով։
  12. Սեռական դիսֆունկցիա։

 

Ինչպես ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը։

Ներկայումս գոյություն չունի ոչ մի լաբորատոր կամ գործիքային հետազոտություն , որը վերջնական կօգնի ախտորոշել Պարկինսոնի հիվանդության ոչ գենետիկական ձևերը։

Ախտորոշումը դրվում է հիվադության պատմության, հիվանդի դինամիկ հսկողության, նյարդաբանական քննության հիման վրա։

Կան մի շարք հիվանդություններ, որոնք իրենց կլինիկական ընթացքով շատ նման են։  Պարկինսոնի հիվանդությունը անվանում են Պարկինսոն պլյուս հիվանդություններ կամ պարկինսոնիզմ։

Բացի այս կա նաև երկրորդային պարկինսոնիզմ, որը կարող է առաջանալ նեյրոլոպտիկների , թմրանյութերի օգտագործումից, ինդուստրիալ տոկսիններով, պեստրցիդներով, ծանր մետաղներով թունավորման դեպքում, գլխուղեղի տրավմայից, հիպոքսիայից,ինսուլտներից հետո։ 

Այս խանգարումները շատ հաճախ կարող են ախտորոշվել որպես Պարկինսոնի հիվանդություն։ Այս հիվանդությունները, չնայած ունեն նմանատիպ սիմպտոմներ , սակայն ունեն տարբեր բուժման մոտեցում, ինչի հետ կապված շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկին և ունենալ ճշգրիտ ախտորոշում։