Գրքի շնորհանդեսին մասնակցել են Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, ԱԺ առողջապահական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Althealth առողջապահական հիմնադրամի և Վարդանանց բժշկական կենտրոնի ներկայացուցիչները, ՀԱՀ-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:

 «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները: Newmag -ն այս գրքի վրա աշխատել է մեկուկես տարի:
Գիրքը պատմում է Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում պատվաստանյութերի ստեղծման, դրանց դեմ պայքարի և այդ պայքարն առաջնորդողների մասին: «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն ու ինչքան կարևոր են մարդկանց համար:
Հայերեն հրատարակությունը պահպանել է Փոլ Օֆիթի բոլոր ծանոթագրությունները: Եթե որևէ միտք կամ հետազոտության տվյալ է պետք, դրանց սկզբնաղբյուրները գրքի վերջում են: Սա գիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի գիրք է:

       
Գրքի նախաբանը գրել է Հայաստանի առողջապահության նախկին նախարարը: Լևոն Ալթունյանի խոսքով, անտեղյակ լինելու պատճառով է, որ ծնողները խուսափում են պատվաստումներից՝ մահացու ռիսկի ենթարկելով եւ տառապանքների դատապարտելով իրենց երեխաներին:
Այն օգտակար կլինի ոչ միայն հայ մասնագետներին, այլ նաև բժշկությամբ ու հատկապես պատվաստանյութերով հետաքրքրվող մարդկանց: Վաչե Գաբրիելյանի խոսքով, բժշկագիտական բեսթելլերը համաշխարհային գիտության նվաճումները ներկայացնում է պարզ և հասկանալի լեզվով։      
Փոլ Օֆիթը գիրքը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այն թարգմանվել է ավելի քան 10 լեզվով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը: Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Սա դժնի համաճարակների վերադարձը կանխելու և մահաբեր ընտրությանը չտրվելու ուղեցույց է:


Աղբյուրը՝ Newmag.am