Որպես բուժական միջոց մերսումը կիրառվել է վաղ անցյալում և զարգացել է ժողովրդական  բժշկության մյուս տեսակներին զուգընթաց: Հատկանշական է, որ մարդը բնազդորեն անմիջապես սեղմում կամ շփում է վնասված, ցավոտ հատվածը:
Թերևս բնազդական այդ ամոքումից են մեր նախնիները մտահանգել մերսման հետևողական կիրառմանը, իսկ հետագայում էլ գիտականորեն հիմնավորված կիրառմանը:

Մերսումը  գիտականորեն հիմնավորված, մեխանիկական չափավորված ազդեցություն է մարդու մարմնի վրա, որը բուժական և կանխարգելիչ նպատակով իրականացվում է մասնագետի ձեռքերի կամ էլ հատուկ սարքավորումների միջոցով:

Հետաքրքրական  են մերսում բառի ծագումնաբանական տվյալները: Մասնագետների կարծիքով` այն առաջացել է արաբերեն masch բառից /նրբորեն քսել, տրորել/: Ոմանք  էլ համարում են, որ սկիզբ է առել հունարեն masso բառից /շփել, քերել, ձեռքերով սեղմել/: Այլոց կարծիքով` այն առաջացել է լատիներեն massa բառից /կպչել մատներին/:

Մերսումը զարգացել և կիրառվել է դեռևս մ.թ.ա. 12-րդ դարում  Հին Հունաստանում, Չինաստանում, Եգիպտոսում: Չինաստանում, ուր եղել են բժշկամարմնամարզական  դպրոցներ, մերսման մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2698թ-ին  "Կոնգ-Ֆու" գրքում: Այդ երկրում մերսումը այնքան է զարգացել, որ հետագայում ստեղծվել են բուժկանխարգելիչ կենտրոններ, ուր մերսման ու մարմնամարզության միջոցով բուժել են մի շարք հիվանդություններ ու վնասվածքներ:

Հերոդիկոսը /մ.թ.ա. 484-425թթ./ առաջին հույն բժիշկներից էր, որ խորհուրդ էր տալիս մերսումը կիրառել որպես առողջարարական միջոց, այնուհետև այդ միտքը զարգացրել է նրա աշակերտ Հիպոկրատը /մ.թ.ա.460-377թթ./, որն էլ հետագայում մեծ ավանդ ունեցավ մերսման զարգացման գործընթացում:

Արդի ժամանակշրջանում մերսումը բաժանվում է բազմաթիվ ճյուղերի, բայց, այնուհանդերձ, դասակարգվում է հետևյալ հիմնական տեսակների՝ բուժական, հիգիենիկ, կոսմետիկ, մարզական: Սրանցից  յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում է տարատեսակների,որոնք կոչված են լուծելու ավելի կոնկրետ, մասնավոր խնդիրներ:


Հեղինակ` Գևորգ Նալբանդյան
Կինեզիոթերապիայի, բուժական և սպորտային մերսման մասնագետ


Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին