Հոգեկան առողջությունը երջանիկ ու ապահով կյանքի առաջնային նախապայմաններից է:  Հոգեկան խանգարումները ազդում են մեր մտածական գործընթացների, զգացողությունների, այլ մարդկանց և շրջակա աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքի ու գործողությունների վրա: Դրանք նպաստում են կյանքի որակի անկմանը և մեծապես դժվարացնում առօրյան: 

Ինչու՞ են առաջանում հոգեկան խանգարումներ

Բժիշկները դեռևս չգիտեն շատ հոգեկան խնդիրների առաջացման հստակ պատճառները: Սակայն դրանց մեջ կարևոր դեր ունեն մարդու գեներն ու կյանքի փորձառությունը:  Շատ հոգեկան խանգարումներ փոխանցվում են ժառանգաբար, սակայն սա չի նշանակում, որ եթե Ձեր ծնողներից մեկն ունեցել է հոգեկան խնդիրներ, ապա Դուք նույնպես ունենալու եք:  Հոգեկան խնդիրների պատճառ կարող են լինել նաև գլխուղեղի վնասվածքները, ինչպես նաև նեյրոնային շղթաները, որոնք պայմանավորում են մարդու մտածողությունը, տրամադրությունը, վարքագիծը:  Օրինակ, կարող է դիտարկվել այդ շղթաներում եղած նեյրոհաղորդիչների չափազանց շատ կամ նորմայից պակաս ակտիվություն (նեյրոհաղորդիչները հատուկ քիմիական նյութեր են, որոնք մեկ նեյրոնից մյուսը տեղեկատվություն են փոխանցում): 

Որոշ հոգեկան խնդիրներ կարող են առաջանալ կամ խորանալ, եթե մանկության տարիներին կամ դեռահասության ժամանակ եղել է լուրջ հոգեբանական տրավմա՝ օրինակ, ծանր էմոցիոնալ, ֆիզիկական կամ սեռական բռնություն, վաղ տարիքում ծնողների կորուստ:  

Սթրեսի հիմնական աղբյուրները՝ հարազատի մահ, բաժանություն, ընտանեկան հարաբերություններում եղած խնդիրներ, աշխատանքի կորուստ, ինչպես նաև ալկոհոլի և թմրանյութի չարաշահումը, ևս կարող են հոգեկան խնդիրների պատճառ դառնալ: Սակայն, միանշանակ սխալ կլինի պնդել, որ եթե Դուք անցել եք նմանօրինակ սթրեսային իրավիճակներով, ապա անպայման կունենաք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Նմանատիպ իրավիճակներում բնականոն է զայրույթ, տխրություն, ընկճվածություն զգալը, սակայն այս ամենը հստակ տարբերվում է հոգեկան խանգարումներից: 

Որո՞նք են հոգեկան խնդիրների ախտանշանները 

Հոգեկան խանգարումներն ունեն տարատեսակ դրսևորումներ:  Մենք առանձնացրել ենք առավել հաճախ հանդիպող ախտանշանները, որոնք կարող են հուշել այս կամ այն խնդրի մասին: Դրանք են՝

  • չափազանց ցրված, շփոթված, կասկածամիտ, ջղային կամ տխուր լինելը

  • ինքնամփոփ և պարփակված վարքագիծը

  • տրամադրության հաճախակի տատանումները

  • հալուցինացիաները

  • ինքնասպանության մասին մտքերը, ինքն իրեն կամ ուրիշներին վնասելու փորձերը

  • քնի հետ կապված խնդիրները (երբ մարդը չափից շատ կամ քիչ է քնում)

 Նմանատիպ ախտանշանների դեպքում ցանկալի է դիմել հոգեբանի կամ հոգեբույժի օգնությանը և հասկանալ, թե ինչ է կատարվում:

Ինչպե՞ս են բուժվում հոգեկան խանգարումները

Հոգեկան խնդիրների բուժման տարբերակը կախված է նրանից, թե ինչ հիվանդության հետ գործ ունենք: Ըստ այդմ, կարող են ընտրվել բուժման մեկ կամ մի քանի մեթոդներ:  Բուժման առաջնային տարբերակը համապատասխան դեղորայքների կիրառումն է, քանի որ հոգեկան խանգարումներն ունեն կենսաբանական հիմքեր, իսկ կենսաբանական հիմքերի վրա կարելի է ազդել կենսաբանական մեթոդներով:  

Դեղորայքային բուժումը հաճախ համադրվում է հոգեթերապիայի հետ, որը օժանդակ մեթոդի դեր է կատարում, սակայն կարող է նաև խնդրի հաղթահարման միակ տարբերակը լինել:  Հոգեկան ոչ ծանր խանգարումների պարագայում դրական ազդեցություն ունեն նաև ապրելակերպի փոփոխությունները: Օրինակ, միջին ծանրության դեպրեսիայի պարագայում խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ կատարել: 

Բուժման ընթացքը կարող է ներառել նաև արթ-թերապիա; երաժշտական թերապիա, մեդիտացիա և այլն:   Առավել ծանր դեպքերում բժիշկները կարող են դիմել ուղեղի աշխատանքը խթանող թերապիաների (օրինակ՝ էլեկտրոկոնվուլսիվ (նախկինում հայտնի՝ էլեկտրաշոկային) թերապիա)  օգնությանը:  

Իսկ վերջում հիշեցնենք, որ հոգեկան խանգարումների մեծ մասը բուժելի է: Անհրաժեշտ է միայն ժամանակին իրականացնել գրագետ բուժում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապրել լիարժեք  կամ որոշակի դեղամիջոցների օգնությամբ ունենալ կյանքի բավականաչափ բարձր որակ: 

Նյութի աղբյուրը՝ https://www.webmd.com/