Հոկտեմբերի 10-ին կայացավ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով գիտաժողովը: 

Տեղի ունեցած գիտաժողովի մասին առավել մանրամասն զրուցել ենք  Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյի հետ:

Ինչի՞ն էր նվիրված գիտաժողովը։

Գիտաժողովի անցկացման օրը պատահական չէր ընտրված. հոկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր։ Գիտաժողովի շուրջ հավաքվեցին անձինք, որոնք վստահ են, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը։ Այս միջոցառումը համախմբել է կառավարության ներկայացուցիչներին, որոշումներ կայացնողներին, հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին, ծառայություններ մատուցողներին և այլ գործընկերներին, որոնք համախմբված ջանքեր են գործադրել  զինված հակամարտության և  COVID-19  համավարակի պատճառով երկրում  ստեղծված արտակարգ իրավիճակում բնակչությանը հոգեսոցիալական աջակցության ցուցաբերելու համար:

Ինչո՞ւ էր կարևոր այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում։

COVID-19 համավարակը մեծ ազդեցություն է թողել մեր բոլորի կյանքի վրա: Մեզանից շատերը բախվում են մարտահրավերների, որոնք կարող են լինել սթրեսային, ճնշող և ուժեղ հույզերի պատճառ: Առողջապահական միջոցառումները, ինչպիսիք են սոցիալական հեռավորություն պահպանելը, պաշտպանիչ դիմակ կրելու պարտադիր պահանջը, անհրաժեշտ են COVID-19-ի տարածումը նվազեցնելու համար, բայց դրանք կարող են նպաստել սթրեսի և անհանգստության: Հայաստանի դեպքում համավարակին հաջորդեց նաև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում արձանագրվել է  տեղահանված բնակչության թվի աճ, զոհեր և վիրավորներ՝ ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինվորականների շրջանում: Սա տագնապի ու սթրեսի բարձր մակարդակ առաջացրեց տուժած և ընդունող բնակչության շրջանում: Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների տրամադրումը դարձան երկրի առաջնահերթություններից մեկը:

Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը դարձան Հայաստանի միջգերատեսչական արձագանքման ծրագրի կարևոր մասը և շարունակում են մնալ առաջնահերթություն:

Թեև հսկայական ջանքեր են գործադրվել ազգային, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից` տուժած բնակչությանը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության համակարգման և տրամադրման համար, բայց նաև շատ կարևոր է հաշվի առնել արտակարգ իրավիճակից անցումը դեպի վաղ վերականգնում:

Այս ընթացքում շատ մեծ էր նաև անձամբ Առողջապահության նախարարի ՝ Անահիտ Ավանեսյանի ներդումը հոգեկան առողջությունը Հայաստանի կառավարության գերակա ուղղություն դարձնելու գործում։ ՀՀ առողջապահության նախարարի՝ տարածաշրջանում հոգեկան առողջության «ջատագով» դառնալու հնարավորությունը նաև շատ կարևոր նախադեպ է և խոսում է երկրում հոգեկան առողջությունը որպես առողջապահական ոլորտի առաջնահերթություն ճանաչելու մասին:

Իսկ ինչպե՞ս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աջակցում Կառավարության հոգեկան առողջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության շրջանակներում։

Ի պատասխան արտակարգ իրավիճակի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծել և համակարգում է  հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հայաստանյան փորձագիտական աշխատանքային խումբ: ԱՀԿ-ն նաև թարգմանել է COVID-19-ի  հետ կապված արձագանքման և հոգեբանական ինքնաօգնության վերաբերյալ բազմաթիվ ուղեցույցներ:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սկսած COVID-19 համավարակից և դրան հաջորդած զինված հակամարտությունից, շարունակաբար աջակցել է Հայաստանի կառավարությանը հետևյալ գերակա ոլորտներում.

  • COVID-19 կորոնավիրուսային վարակից տուժած անձանց հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հասանելիության խթանում,
  • հաշմանդամություն և երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող անձանց համար արտակարգ իրավիճակների արձագանքման ուղեցույցերի մշակում, իրազեկում և գործարկում,
  • հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ամրապնդում ու զարգացում `որպես արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մի մաս։
  • հոգեկան առողջության ծառայությունների ծածկույթի բարելավում ՝ պատերազմից և COVID-19-ից տուժած բնակչության համար:

Մեր պատկերացմամբ՝ հոգեկան առողջության ոլորտում երկարաժամկետ ռազմավարությունը պետք է կենտրոնացած լինի հոգեկան առողջության ծառայությունների վերափոխման մեկնարկի վրա՝ անցում կատարելով հոգեկան առողջության և խնամքի կենտրոնացված ծառայություններից դեպի ավելի համայնքային ծառայություններ՝  հոգեկան առողջության բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, ոլորտային ֆինանսավորման ավելացմամբ և հոգեկան առողջության ոլորտի համապատասխան քաղաքականության մշակմամբ:

Այսօր, երբ շատերն ակնհայտորեն տեսան արտակարգ իրավիճակների ազդեցությունը անձի հոգեկան առողջության վրա, լավ պատմական պահ է ստեղծվել հոգեկան առողջության նկատմամբ ունեցած խարանի դեմ պայքարի համար։

Հարկավոր է բարձրաձայնել, որ ամաչելու ոչինչ չկա, եթե մարդը միշտ լավ տրամադրություն չունի, որ պետք չէ անհարմար զգալ՝ օգնություն խնդրել և մասնագետների հետ կիսել հոգեկան առողջության հետ կապված մտահոգությունները: Բացի այդ, հոգեկան առողջության ծառայությունները դեպի համայնք բերելու և բոլորի համար մատչելի, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված ծառայություններ մատուցելու ճիշտ ժամանակն է: Հոգեկան առողջության ոլորտում ներդրումները միշտ կարևոր են, ոչ միայն մարդկանց ծայրահեղ վշտից և դժվարություններից դուրս գալու ճանապարհը հարթելու, այլև ազգի վերականգնմանը աջակցելու համար: