Փոքր եղբոր կամ քրոջ ծնունդը հաճախ սթրես է երեխայի համար և կարող է լուրջ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ, եթե ծնողները չկարողանան ժամանակին ճիշտ մոտեցում ցույց տալ: Ահա մի քանի գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին մեծ երեխային նախապատրաստել փոքրիկի լույս աշխարհ գալուն:
Նախապատրաստական փուլ
- Ձեր երեխային պատմեք իր նորածին ժամանակի մասին. պատմեք՝ ինչպես է նա ծնվել, ինչպես եք կերակրել նրան, խնամել, գրկել, օրորել: Երեխային լուսանկարներ ցույց տվեք, որտեղ նրան լողացնում, կերակրում եք:
- Երեխային ձեզ հետ տարեք նախածննդաբերական հետազոտությունների: Թույլ տվեք, որ երեխան լսի փոքրիկի սրտխփոցը, զգա շարժումները:
- Երեխային տիկնիկ նվիրեք, որպեսզի նա նույնպես զբաղվի «երեխայի» խնամքով:
- Երեխայի համար պատրաստեք «ես մեծ քույր եմ» կամ «ես մեծ եղբայր եմ» գրությամբ շապիկ և խնդրեք նրան կրել այն, երբ երեխան կծնվի:
- Միասին պատրաստեք փոքրիկի սենյակը, թույլ տվեք, որ նա իր ներդրումն ունենա:
- Մեծ երեխայի լուսանկարը փակցրեք այն սենյակում, որտեղ որ ձեր ընտանիքը հաճախ է հավաքվում:
- Երեխայի հետ պատկերացրեք՝ ինչպիսին է լինելու փոքր քույրը կամ եղբայրը: Օգտագործեք գրքեր, որտեղ նկարներով ցույց է տրվում, թե երեխան ինչ կարող է անել:
- Երեխային մանրամասն ներկայացրեք, թե ով պետք է զբաղվի իր խնամքով, երբ դուք ծննդատանը կլինեք:
- Ծննդատանը եղած ժամանակ աշխատեք երեխայի հետ հեռախոսային կապ պահել:
Ծննդատնից վերադառնալը տոն դարձրեք ամբողջ ընտանիքի համար
- Փոքրիկի ծննդյան կապակցությամբ տորթ պատվիրեք, որպեսզի ծննդատնից վերադառնալիս նշեք իրադարձությունը:
- Մեծ երեխայի համար փոքրիկ նվերներ պատրաստեք, որոնք նա կբաժանի մանկապարտեզի կամ դպրոցի իր ընկերներին՝ քույր կամ եղբայր ունենալու կապակցությամբ:
- Երեխայի ծննդից առաջ մեծ երեխայի հետ փոքրիկի համար նվեր ընտրեք:
Թույլ տվեք երեխային ձեր հսկողությամբ հոգ տանել փոքրիկի մասին
- Նրան հանձնարարեք փոքրիկի համար պատմություններ պատմել, օրորոցային երգել:
- Թույլ տվեք, որպեսզի երեխան օրորի փոքրիկին:
- Փոքրիկի տակդիրը փոխելիս կամ բարուրելիս երեխային խնդրեք, որ օգնի ձեզ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland clinic
Աղբյուրը՝ Doctors.am