«Մաշկի ուռուցքների դեմ պայքարը սկսվում է քեզանից». այս կարգախոսի ներքո մայիսի 10-ին Գյումրիում նշվեց Եվրոմելանոմայի օրը Հայաստանում: Գյումրու Բեռլին պոլիկլինիկայում տեղի ունեցավ մաշկի գոյացությունների եւ խալերի պրոֆիլակտիկ անվճար զննում, դերմատոսկոպիա, որին մասնակցեցին բազմաթիվ հետազոտվողներ: Ծրագրի երկրորդ մասում Բեռլին Արտ հոթելում անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Մելանոմայի վաղ հայտնաբերումը եւ կանխարգելումը» եւ «Դերմատոսկոպիա» թեմաներով:

Զեկուցումներով հանդես եկան բ.գ.թ. Էնդովիժն բժշկական կենտրոնի ուռուցքաբան-մաշկաբան, վիրաբույժ, Հայաստանում Եվրոմելանոմայի ներկայացուցիչ Անժելա Հայրապետյանը եւ մաշկաբան-ուռուցքաբան, Գերմանիայի հայ բժիշկների եւ բուժաշխատողների միության ներկայացուցիչ Միքայել Համբարձումյանը: Միջոցառմանը կայացմանն աջակցել էր նաև Ֆյուր Արմենիեն հիմնադրամը:

Doctors.am-ի հետ զրույցում Հայաստանում Եվրոմելանոմայի ներկայացուցիչ, վիրաբույժ-ուռուցքաբան, օնկոդերմատոլոգ Անժելա Հայրապետյանը նշեց, որ նախորդ երեք արշավներն իրականացվել են Երեւանում, եւ սա ծրագրի շրջանակներում իրենց առաջին այցն է Գյումրի.

«Մայիսն ամբողջ աշխարհում համարվում է մելանոմայի ամիս, եւ տարբեր երկրներում ամսվա ընթացքում նշում են Մելանոմայի օրը, որի նպատակն է հասարակության տեղեկացվածության բարձրացումն ու կենտրոնացումը մի խնդրի վրա, որը բավականին լուրջ հիվանդություն է»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ ի տարբերություն մյուս հիվանդությունների, որոնք երբեմն կարող են ուղեկցվել առանց գանգատների, մելանոմայի զարգացումը տեղի է ունենում պացիենտի աչքի առաջ, հետեւաբար՝ մարդկանց զգոնությունն այս հարցում անչափ կարեւոր է.

«Փոքր ուշադրության դեպքում կարելի է հայտնաբերել բոլոր փոփոխությունները եւ անմիջապես դիմել բժշկի: Եթե ախտորոշումը կատարվում է վաղ, եւ բուժումը ժամանակին է արվում, բավականին հուսադրող արդյունքներ  են գրանցվում: Այդ է պատճառը, որ այսօր մենք ոչ միայն զննում ենք հիվանդներին, այլեւ  նպատակ ունենք բարձրացնել իրազեկվածությունը տվյալ խնդրի վերաբերյալ, որպեսզի մարդիկ ուշադրությունը կենտրոնացնեն այն ամենի վրա, ինչը կարող է բերել մելանոմայի առաջացման:

Հիմնական պատճառներից է արեւի երկարատեւ վնասակար ազդեցությունը, ապա՝ խալերի վնասումները, հատկապես հասանելի հատվածներում՝ գլխի վրա, պարանոցին, ոտքերին, երբ խալը կարելի է վնասել վարսահարդարման կամ աքսեսուարների, կոշիկների միջոցով: Նման դեպքերում նույնիսկ խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ հեռացնել խալերը, որովհետեւ երկարատեւ քրոնիկ տրավմաները կարող են բերել անցանկալի փոփոխությունների»,- նշեց բժշկուհին՝ ընդգծելով, որ երբեմն մելանոման կարող է առաջանալ առողջ մաշկի վրա, երբեմն էլ  առկա խալից:
Ա. Հայրապետյանի խոսքով՝ ցանկալի է, որ մարդը գոնե երեք ամիսը մեկ ինքը զննի իր խալերը, իսկ տարին մեկ անգամ դիմի մասնագետի:

Իսկ ինչպե՞ս ինքնուրույն հասկանալ, որ խալերի հետ մի բան այն չէ: Պարզվում է՝ կա մի կանոն, որը թույլ է տալիս տարբերակել մելանոման, ինչպես նաեւ կանխել դրա հետագա զարգացումը: Այն կոչվում է «ԳԵՏԱՓ»-ի կանոնը անգլերեն ABCDE հայկական տարբերակը առաջարկված մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից, երբ «բացելով» յուրաքանչյուր տառ, կարելի է գնահատել խալի հետ կատարվող նորագոյության բնորոշ փոփոխությունները:

Գ – գույն

Սովորաբար խալն ունենում է հոմոգեն՝ միասեռ գունավորում, եւ եթե այդ գունավորումը սկսում է փոփոխել, այսինքն՝ խալի մեջ առաջանում են մուգ կամ բաց հատվածներ, ապա դա ահազանգերից մեկն է՝ դիմելու բժշկի:

Ե – եզրեր

Նորմալ խալն ունի հստակ եզրեր: Երբ դրանք դառնում են կտրտված, ոչ հստակ, ուրեմն՝ մի բան այն չէ:

Տ – տրամագիծ

Երբ խալը ինտենսիվ մեծանում է, այսինքն՝ գոյացության տրամագիծը 6մմ-ից մեծ է:

Ա – ասիմետրիա կամ անհամաչափություն

Երբ խալը մտովի կիսում ենք երկու մասի, եւ տեսնում, որ աջ եւ ձախ կողմերը նման չեն իրար, ասիմետրիկ են, դա եւս խոսում է ոչ այնքան լավ փոփոխության մասին:

Փ – փոփոխություն

Խալի ցանկացած կտրուկ փոփոխություն պետք է ընդունել որպես ահազանգ, որ դրա հետ ինչ-որ բան է կատարվում:

«Եվրոմելանոմայի օրը Հայաստանում» ծրագիրն իրականացնող բժիշկներից է ուռուցքաբան-մաշկաբան Միքայել Համբարձումյանը: Գյումրիում իրականացրած հետազոտության արդյունքները, ընդհանուր առմամբ, գոհացրել են նրան.

«Արդյունքները, կարելի է ասել, մի կողմից վատ են, մյուս կողմից՝ լավ: Վատ են այն իմաստով, որ հիվանդներ կան, որոնք շատ ուշացած ստադիաներում են, ունեն այնպիսի գոյացություններ, որոնք հնարավոր էր մեկ տարի առաջ շատ հեշտ եղանակներով բուժել կամ հեռացնել, իսկ հիմա ավելի բարդ միջոցներ են հարկավոր: Իսկ լավ էր այն իմաստով, որ շատ իրազեկված երիտասարդների եմ տեսնում, որոնք մտածում են իրենց առողջության մասին, ինչը շատ է ուրախացնում մեզ»,- Doctors.am-ին ասաց Համբարձումյանը:


Աղբյուրը՝ Doctors.am
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի