Դիգօքսինի կիսասինթետիկ ածանցյալն է: Իր ազդեցությամբ էապես չի տարբերվում դիգօքսինից, սակայն նշանակալիորեն տարբերվում է նրանից ըստ ֆարմակոկինետիկական չափանիշների, β-մեթիլդիգօքսինը ներքին ընդունման դեպքում գրեթե լրիվ (ընդունած դեղաչափի 90-100%-ը) և արագ ներծծվում է արյան մեջ, և 5-20 րոպե անց դրսևորվում են նրա սկզբնական ազդեցությունները (ներերակային ներարկումից հետո ազդեցությունը սկսվում է 1-4 րոպե անց), ընդ որում, նշանակումը հանելուց հետո ազդեցությունը շարունակվում է 4-8 օրվա ընթացքում:

 

β-մեթիլդիգօքսինը ենթարկվում է նյութափոխանակության լյարդում (Օ-դեմեթիլացում)՝ առաջացնելով ակտիվ արգասիք՝ դիգօքսին: Նրա էլիմինացիայի արագությունը օրվա ընթացքում կազմում է մոտավորապես 22%:

 

Բացի կարդիոտոնիկ ազդեցությունից ցուցաբերում է նաև ռիթմակարգավորիչ (հակաառիթմիկ) ազդեցություն նոպայաձև վերփորոքային հաճախասրտության, նախասրտերի ֆիբրիլյացիայի և թրթռումների ժամանակ: Սակայն β-մեթիլդիգօքսինը հակացուցված է փորոքների ֆիբրիլյացիայի և փորոքային հաճախասրտության ժամանակ:

 

β-մեթիլդիգօքսինի էական առավելությունը, դիգօքսինի համեմատությամբ, ազդեցությունն արագ հասունացնելու ունակությունն է: Այսպես,օրինակ՝ ձախփորոքային սուր անբավարարության և նոպայաձև

վերփորոքային հաճախասրտության ժամանակ հագեցնող դեղաչափը կազմում է 0.2 մգ (լուծույթի 2 մլ) ներերակային՝ օրը 3 անգամ կամ երկու դեղահատ (յուրաքանչյուր դեղահատը պարունակում է 0.1 մգ β -մեթիլդիգօքսին)՝   օրական       3   անգամ 2-3   օրվա   ընթացքում,   իսկ պահպանողական դեղաչափը՝ 1-2 մլ ներերակային կամ 1-2 դեղահատ՝ օրական երկու անգամ: Կարող է նշանակվել նաև կաթիլների ձևով ներքին ընդունման համար: Ներքին ընդունման լուծույթի 1 մլ-ում կամ 45 կաթիլի մեջ պարունակվում      է      0.6      մգ     β-մեթիլդիգօքսին:      

 

β-մեթիլդիգօքսինի պահպանողական դեղաչափը կազմում է 7 կաթիլ՝ օրական 2-3 անգամ կամ օրվա ընթացքում մեկ դեղահատ (0.1 մգ): Երիկամների խանգարված ֆունկցիայով հիվանդների մոտ ստանդարտ պահպանողական դեղաչափը անհրաժեշտ է փոքրացնել՝ հաշվի առնելով արյան շիճուկում կրեատինինի խտությունը: