Որպես դեղ՝ օգտագործվում է շողավարդի (գարնանային ադոնիս) խոտը, որը պարունակում է ակտիվ գլիկոզիդներ՝ ցիմարին և ադոնիտօքսին:

Կուժկոտրուկի գլիկոզիդները դեղաբանական հատկություններով նման են մատնոցուկի գլիկոզիդներին, սակայն նրանց և' սիստոլային, և' դիաստոլային ազդեցություններն անհամեմատ ավելի թույլ են: Բացի դրանից, այդ գլիկոզիդներն օրգանիզմում արագ քայքայվում են և գործնակորեն օրգանիզմում չեն կուտակվում:

 

Կուժկոտրուկի տարբերակիչ հատկությունը հանգստացնող (սեդատիվ) ազդեցությունն է, որը կիրառվում է նևրոզների ժամանակ (Բեխտերևի դեղախառնուրդը, Ադոնիսբրոմ դեղահատերը, ինչպես նաև Կարդիովալեն կոմպլեքսային պատրաստուկը և այլն):

 

Ջրաթուրմի ձևով կուժկոտրուկի խոտը (Infusum herbae Adonidis vemalis; 4-10 գ խոտը 200 մլ ջրին) ներքին ընդունման համար նշանակվում է արյան շրջանառության անբավարարության համեմատաբար թեթև ձևերի ժամանակ՝ օրը 3-5 անգամ 1 ճաշի գդալ դեղաչափով:

 

Բ.Ե.Վոտչալի կարծիքով (1963), ադոնիսի սրտախթան ազդեցությունը ստանալու նպատակով նրա օրվա դեղաչափը (խոտի քանակը) պետք է լինի 2 գ-ից ոչ պակաս, իսկ ավելի հաճախ այն պետք է նշանակվի օրը 3-6 և նույնիսկ 8 գ դեղաչափով: Սակայն այս դեղաչափերով ջրաթուրմի ձևով ընդունվող ադոնիսը առաջացնում է փորլուծություն, բացի դրանից, մեկ օրվա ընթացքում ջրաթուրմում գտնվող գլիկոզիդները քայքայվում են, և նրա ընդունումը սրտախթան ազդեցություն չի առաջացնում: 

 

Այս կապակցությամբ Բ.Ե. Վոտչալը (1963) առաջարկեց կիրառել ժամանակին Ֆ.Գ. Յանովսկու մշակված մեթոդը, հիվանդին դուրս է գրվում ոչ թե օգտագործման համար արդեն պատրաստ ջրաթուրմը, այլ փաթեթիկների մեջ օրական ընդունման համար նախատեսված ադոնիսի խոտը: Հիվանդն ինքն է պատրաստում ջրաթուրմը (երեկոյան փաթեթիկի պարունակությունը թրմվում է մեկ բաժակ եռացրած ջրով, և հաջորդ օրվա ընթացքում օգտագործվում է ամբողջ պատրաստված ջրաթուրմը):