Պոլիչհագեցած ճարպաթթուները օրգանիզմում պրոստագլանդինների, պրոստացիկլինների, թրոմբօքսանի և այլ կենսաակտիվ նյութերի սինթեզի նախորդներն են, ընդ որում, ձկան յուղի բաղադրության մեջ առկա էյկոզապենտաենաթթվից սինթեզվում են A3 ոչ ակտիվ թրոմբօքսանը և ակտիվ I3 պրոստացիկլինը, որն օժտված է ոչ միայն արտահայտված հակաագրեգանտային հատկությամբ, այլ նաև պակաս արտահայտված հակաաթերոգեն ազդեցությամբ:

 Հավանաբար, հատկապես I3 պրոստացիկլինի սինթեզի խթանմամբ է պայմանավորված շատ հետազոտություններում հայտնաբերված օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների (ω-3 polyunsaturated fatty acids), ինչպես նաև I3 պրոստացիկլինի պրեկուրսոր համարվող էյկոզապենտաենաթթու պարունակող ձկան յուղի հակաաթերոգեն ազդեցությունը: Հաստատվել է, որ ձկան յուղը նպաստում է աթերոսկլերոզով ախտահարված անոթների հյուսվածքներում I3 պրոստացիկւինի սինթեզին, ընկճում է էնդոթելի հիպերպլազիան և վերականգնում անոթների լայնանալու հատկությունները:

 Մի շարք հեղինակների տվյալներով (D.H. Israel, R. Gorlin, 1992)' սրտամկանի ինֆարկտ տարած տղամարդկանց երկու տարվա ընթացքում ձկան յուղի օգտագործումը նպաստել է ընդհանուր և ՍԻՀ-ն մահացության իջեցմանը, իսկ այլ տվյալներով' մաքուր էյկոզապենտաենաթթվի օրական 2.7 գ դեղաչափը հանգեցնում է արյան մեջ ընդհանուր ԽՍ-ի և ԽՍԲԽԼՊ-ի մակարդակի իջեցմանը, սակայն այս դեպքում A-1 ապոպրոտեինի մակարդակր բարձրանում է:

Աթերոսկլերոզի և ՍԻՀ-ն կանխարգելման ժամանակ օմեգա-3- պոլիչհագեցած ճարպաթթուների նշանակությունը հետազոտվում է, սակայն կլինիկական պրակտիկայում արդեն կիրառվում են մի քանի դեղեր (MaxEPA, Lachsol-bipharm, Eucanol Իխթիենային յուղ և այլն):

Մասնավորապես, մարդու օրգանիզմում չսինթեզվող և սառը ջրերի սաղմոնների լյարդից ստացված բնական պոլիչհագեցած ճարպաթթուների (էյկոզապենտաենաթթու, դոկոզապենտաենաթթու և դոկոզահեքսաենաթթու) խառնուրդ Lachsol-bipharm-ը նպաստում է աթերոսկլերոզի զարգացման առաջընթացի  դանդաղեցման, դրականորեն փոփոխում պոլիչհագեցած ճարպաթթուների բաղադրությունը սրտում և իջեցնում արյան մակարդելիությունը: Դեղը ցուցված է 40 տարեկանից բարձր հիվանդներին սթրեսի, ծխելու, ոգելից խմիչքների չարաշահման ժամանակ: