Դիսլիպիդարյունությունների ժամանակ կլոֆիբրատի կիրառումը հիմնավորվում է ՇՑԽԼՊ-ի պարունակության նվազեցման ճանապարհով արյան պլազմայում ԵԳ-ի խտությունը իջեցնելու ունակությամբ:Դեղը ՑԽԼՊ-ի պարունակության նվազեցմամբ իջեցնում Է նաև ԽՍ-ի խատությունը: ԵԳՇՑԽԼՊ-ի և ԽՍՑԽԼՊ-ի պարունակության վրա կլոֆիբրատի ազդեցությունը միանման չէ. ՇՑԽԼՊ-ի նվազեցումը ավելի հստակ է, քան ՑԽԼՊ-ի պարունակության պակասեցումը:

Միայն ընտանեկան դիսբետալիպոպրոտեինարյունության ժամանակ կլոֆիբրատը  ԽՍՑԽԼՊ-ի և ԵԳՇՑԽԼՊ-ի պարունակությունը նվազեցնում է միանգամայն ցայտունորեն' ելքային մակարդակից 50%-ից ոչ պակաս' կախված դեղաչափից (R.J. Levy et al„ 1972):
Հատուկ ուշադրության է արժանի կլոֆիբրատի ազդեցության որոշակի ինքնատիպությունը. դեղով հրահրվող ՇՑԽԼՊ-ի մակարդակի էական նվազեցումը որոշ դեպքերում (հատկապես դիսլիպիդարյունության IV տեսակի ժամանակ) կարող է ուղեկցվել արյան պլազմայում ոչ թե ՑԽԼՊ-ի նվազեցմամբ, այլ ընդհակառակը, բարձրացմամբ: Նման ազդեցության պատճառը պարզ չէ:

 Այնուամենայնիվ, կլոֆիբրատի ազդեցության ներքո ՑԽԼՊ-ի մակարդակի բարձրացման հավանականությունը պետք է անպայման հաշվի առնվի, հատկապես տևական ժամանակով նշանակման դեպքում (անհրաժեշտ է որոշել արյան պլազմայում ԼՊ-ի պարունակությունը): Այս անցանկալի ազդեցությունը (ՑԽԼՊ-ի քանակի շատացում) կարող է կանխվել բիգուանիդների միաժամանակյա նշանակմամբ (K. Vogelberg et al., 1977):
Կլոֆիբրատի ազդեցության ժամանակ արյան լիպիդների մակարդակի առավելագույն իջեցումը դրսևորվում է ոչ պակաս, քան 2-4 շաբաթ անց, իսկ կիրառման դադարից հետո դրանց մակարդակն արագ բարձրանում է, այդ պատճառով կլոֆիբրատը նշանակվում է տևական ժամանակով:

Կլոֆիբրատի ազդեցության մեխանիզմը պարզաբանված չէ: Ենթադրվում է, որ դեղն ուժեղացնում է ՇՑԽԼՊ-ի և ՑԽԼՊ-ի ներանոթային քայքայումը' լիպոպրոտեինլիպազի ակտիվության խթանման միջոցով: ՑԽԼՊ-ի նախորդներ համարվող ՇՑԽԼՊ-ի գոյացումը լյարդում եռգլիցերիդարյունության ժամանակ կլոֆիբրատի ազդեցության ներքո չի փոփոխվում: Կլոֆիբրատի ազդեցության նշված մեխանիզմով (լիպոպրոտեինլիպազի ակտիվացման ուղիով անոթների պատում ուժեղացնում է ՇՑԽԼՊ-ի քայքայումը) կարելի է բացատրել դրա' խոլեստիրամինի կամ կոլեստիպոլի (անուղղակիորեն ուժեղացնում են ՑԽԼՊ-ի քայքայումը) հետ համակցության ժամանակ արտահայտված սիներգիզմը:

Կլոֆիբրատը հաճախ նշանակվում է ՇՑԽԼՊ-ի պարունակության մեծացմամբ դիսլիպոպրոտեինարյունության ժամանակ (III, IV և V' ըստ Ֆրեդրիքսոնի), որոնք ուղեկցում են պսակային, ուղեղային և ծայրամասային անոթների աթերոսկլերոզը, շաքարախտային անգիոպաթիան, քսանտոմատոզը, ցանցենախտը (ռետինոպաթիան):

 Սակայն 55-60 տ-ից մեծ մարդկանց կլոֆիբրատի նշանակումը հիմնավորված չէ, քանի որ կողմնակի ազդեցությունների վտանգը գերազանցում է դեղի բուժական ազդեցությանը: Կլոֆիբրատի հարուցսւծ կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փսխումը, ախորժակի խթանման արդյունքում քաշի ավելացումը, մկանացավը և մկանաբորբը, ճաղատացումը, կանանց մոտ լիբիդոյի իջևցամր և տղամարդկանց մոտ սեռական անկարողությունը:

Կլոֆիբրատի լուրջ կողմնակի ազդեցություններից է լիթոգեն ազդեցությունը, դեղը նպաստում է լեղապարկում քարագոյացմանը և լեղապարկի բորբոքմանը: Կլոֆիբրատով' քարագոյացման խթանման մեխանիզմներում, հավանաբար, նշանակություն ունի լեղու հետ խոլեստերինի դուրսբերման ուժեղացումը, ընդ որում, այս կողմնակի ազդեցությունը պոտենցվում է ներքին ընդունման հակաբեղմնավորիչների հետ միաժամանակյա ընդունման դեպքում:

Որոշ հիվանդների շրջանում կլոֆիբրատի ազդեցության ներքո սրվում է սրտի իշեմիկ հիվանդությունը, խանգարվում է ռիթմը, հաճախանում են կրծքահեղձուկի նոպաները:
Տեղեկություններ կան կլոֆիբրատի քաղցկեղածին ազդեցության մասին ֆենիտոինի, հակամակարդիչների կամ տոլբուտամիդի հետ միաժամանակ նշանակելիս կլոֆիբրատը ունակ է բարձրացնելու այդ դեղերի թունայնությունը' ալբումինների հետ կապերից դրանց դուրս մղման արդյունքում, ինչի պատճառով վերոնշյալ դեղերի դեղաչափը պետք է 30-50%-ով փոքրացվի:

Կլոֆիբրատը հակացուցված է երիկամների խանգարված ֆունկցիայի, հղիության, լեղապարկի բորբոքման, սեռական կարողության խանգարումների ժամանակ: Հարկ է հաշվի առնել այս դեղի' ներքին ընդունման հակաշաքարախտային դեղերի ազդեցությունը խթանկա ունակությունը: