Հակացնցումային են համարվում այն դեղերը, որոնք կիրառվում են տարբեր ծագման ցնցումների վերացման նպատակով:
Ցնցումային համախտանիշի առաջացման հիմքում ընկած է գլխուղեղի էլեկտրական ակտիվության զգալի բարձրացումը: Այն կրում է մեծ վտանգ մարդու կյանքի համար և կարող է հանգեցնել շնչառական, սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային և այլ համակարգերի լուրջ ախտահարմանը:

Ըստ պատճառագիտության ցնցումները կարող են հանդես գալ որպես առաջնային էպիլեպսիայի դրսևորում, կամ կրել ախտանիշային բնույթ: Ախտանիշային ցնցումների ծագման հիմքում կարող են ընկած լինել ԿՆՀ-ի զանազան հիվանդությունները (մենինգիտ, էնցեֆալիտ, բիլիրուբինային էնցեֆալոպաթիա, ուռուցքներ, գլխուղեղի անոթային անոմալիաները, գլխուղեղի վնասվածքները և այլն), օրգանիզմում նյութափոխանակային գործընթացների խանգարումները (հիպոկալցիմիա, հիպոգլիկեմիա, հիպերթրմիա, հիպօքսիա  և այլն), գերբարձր դեղաչափերով դեղերի ընդունումը (կորազոլ, բեմեգրիդ, ամիդոպիրին, մորֆին և այլն) և այլն:   

Ըստ ցնցումների ծագման հակացնցումային դեղերը կարելի է բաժանել հետևյալ 2 խմբերի.

1.հակաէպիլեպսիային դեղերի
2.ախտանիշային ցնցումների ժամանակ կիրառվող դեղերի:


Ըստ ազդեցության տեղակայման տարբերում են

1.կենտրոնական ազդողներ՝ ընդհանուր անզգայացնողներ, պարալդեհիդ, բարբիտուրատներ, դիազեպամ
2.առավելապես ողնուղեղի վրա ազդողներ՝ մեֆենեզին
3.ծայրամասային միոռելաքսանտներ՝ տուբոկուրարին և սուկցինիլխոլին:


Հակաէպիլեպսիային են համարվում այն դեղերը, որոնք կանխում և նվազեցնում են էպիլեպսիայի ժամանակ ցնցումային նոպաների և նրանց համապատասխան համարժեքների զարգացման հաճախականությունը և ինտենսիվությունը:

 

Աբսանսների ժամանակ կիրառվող հակաէպիլեպսային դեղերը պաշարում են կալցումական անցուղիները, որի հետևանքով թալամուսում նվազում է գործողության պոտենցիալների առաջացման հաճախականությունը և կանխվում է նրա խթանիչ ազդեցությունը կեղևի վրա:
Էպիլեպսիայի ժամանակ խանգարվում է արգելակող ԳԱԿԹ-էրգիկ սինապսների գործունեությունը, մեծանում է ակտիվացնող ամինաթթուներ՝ ասպարգինաթթու և գլուտամինաթթու ձերբազատող սինապսների գործունեությունը:
Արգելակող սինապսների գործունեության նվազումը 20%-ով ուղեկցվում է ցնցումային նոպաների զարգացմամբ:

ԳԱԿԹ-էրգիկ համակարգի ակտիվությունը խթանում են ֆենոբարբիտալը, հեքսամիդինը, բենզոնալը, կլոնազեպամը, տոպիրամատը, վալպրոատը, վիգաբատրինը, գաբապենտինը:
Ակտիվացնող համակարգի ֆունկցիան ընկճում են լամոտրիջինը և տոպիրամատը:
Առավելապես ԳԱԿԹ-էրգիկ համակարգի վրա ազդող դեղերը օժտված են արտահայտված սեդատիվ ազդեցությամբ, իսկ գլուտամատի ներհակորդները՝ ակտիվացնող ազդեցությամբ:
Որոշ հակաէպիլեպսային դեղեր էպիլեպտոգեն օջախում ընկճում են էներգագոյացումը և նվազեցնում են ֆոլաթթվի մակարդակը: