Ի տարբերություն մյուս անոթալայնիչների' դիբազոլն ի հայտ է բերում ոչ միայն թերճնշումային ազդեցություն, այլ նաև սպազմոլիտիկ և ողնուղեղի ֆունկցիան խթանող ունակություն: Դիբազոլին բնորոշ է արյան շրջանառության տեղային (ռեգիոնային) խանգարումները վերացնելու հատկությունը, հատկապես' գլխուղեղում, սրտում և երիկամներում (Մ.Դ. Դաևի, 1971, Տ.Ա. Մակինսկի, 1972, և այլոք): Պսակային արյունահոսքի ծավալային արագության մեծացումը սովորաբար ուղեկցվում է սրտի ծանրաբեռնվածության միաժամանակյա իջեցմամբ:

Չնայած անոթալայնացում առաջացնելու ունակությանը' դիբազոլը օժտված չէ բավարար հակագերճնշումային ազդեցությամբ (Բ.Ե. Վոտչալ, 1965, Ի. Կ. Շխվացաբայա, 1975), և նրա կիրառումը գերճնշումային հիվանդության ժամանակ (բայց ոչ գերճնշումային կրիզի դեպքում) քիչ է հիմնավորված (Վ.Գ.Վոգրալիկ, Ա.Պ. Մեշկով, 1981): Դիբազոլը գերճնշմամբ հիվանդների բուժման ժամանակ կարող է կատարել միայն օժանդակ դեր' հանդես գալով որպես դեղ, որն ունակ է լավացնելու ուղեղային արյան հոսքը, հատկապես տարեց և ծեր հիվանդների շրջանում (Ե.Վ. էրինա, 1973):

Սրա հետ մեկտեղ կան դիբազոլի' ԷՍԳ-ն ցուցանիշները վատացնող ունակության մասին տվյալներ, հատկապես մեծահասակ հիվանդների շրջանում այն որպես հակագերճնշումային դեղ երկարատև կիրառելիս, քանի որ նրա գերճնշումային ազդեցությունը պայմանավորված է սրտի հարվածային ծավալի փոքրացմամբ (Օ. Վ. Կորկուշկո և ուրիշներ, 1971): Այս կապակցությամբ դիբազոլը որպես հակագերճնշումային դեղ ավելի նպատակահարմար է կիրառել միայն գերճնշումային կրիզների ժամանակ (1%-անոց լուծույթի 3-4 մլ կամ 0.5%-անոց լուծույթի 6-8մլ ներերակային կամ միջմկանային), իսկ այնքան հանրաճանաչ դեղաձևերը, որոնք պարու¬նակում են դիրազոլ (պապազոլ, դիվենալ, դիբազոլի դեղահատեր և այլն)' նյարդային հիվանդությունների (պոլիոմիելիտի մնացորդային երևույթներ, ծայրամասային կաթվածներ), ներքին օրգանների հարթ մկանունքի ջղակծկման (սպազմի) ժամանակ (ստամոքսի խոցային հիվանդություն, ստամոքսաելքի, սպիների ջղակծկում):