Դիազօքսիդը որոշակի կառուցվածքային նմանություն ունի թիազիդային միզամուղների, մասնավորապես քլորթիազիդի հետ, և ծայրամասային արյունատար անոթների վրա թողնում է որակապես համանման ազդեցություն: Սրա հետ մեկտեղ դիազօքսիդի ազդեցությունը տարբերվում է շատ կարճատև գաղտնի (լատենտ) շրջանով և զգալի ինտենսիվությամբ, զերճնշմամբ հիվանդներին դիազօքսիդի ներերակային ներարկումից հետո արագ և համեմատաբար երկար ժամանակով իջնում է և սիստոլային, և դիաստոլային ճնշումը (այս ազդեցությունը տևում է 2-16 ժամ), սակայն սրտի հարվածային ծավալը և կծկումների հաճախականությունը զգալիորեն մեծանում են:

Դիազօքսիդը նախ առաջացնում է դիմադրողունակ (ռեզիստիվ) անոթների (զարկերակիկների) լարվածության թուլացում, իսկ տարողունակ անոթների (երակների) վրա նրա ազդեցությունը ավելի թույլ է արտահայտված: Հաստատվել է, որ դիազօքսիդը չի ցուցաբերում սիմպաթալույծ ազդեցություն, բացի դրանից, գրեթե չի փոփոխում նորադրենալինի և անգիոտենզինի նկատմամբ անոթների հարթ մկանունքի զզայնությունը: Անուղղակի տվյալները վկայում են կալցիումի ազդեցության նկատմամբ դիազօքսիդի ներհակորդության մասին:

Չնայած թիազիդային միզամուղների հետ կառուցվածքային նմանությանը' դիազօքսիդը օժտված չէ միզամուղ հատկությամբ, ավելին' նպաստում է օրգանիզմում Na+-ի կուտակմանը և արտաբջջային հեղուկի քանակի մեծացմանը: Դիազօքսիդով հրահրվող' պլազմայի ծավալի մեծացումը կարող է նպաստել սրտամկանի կծկողական անբավարար ֆունկցիայով հիվանդների շրջանում այտուցների զարգացմանը:
Դիազօքսիդի' օրգանիզմում ջրի կուտակում առաջացնելու մեխանիզմները անբավարար են ուսումնասիրված, սակայն դրանցից մեկը միզաթթվի խողովակային արտազատման (էքսկրեցիայի) ընկճումն է:

Դիազօքսիդը գերճնշումային կրիզը վերացնող արդյունավետ դեղերից մեկն է: Գերճնշումային կրիզների ժամանակ դիազօքսիդը ներարկվում է 75- 300 մգ դեղաչափով' ներերակային, արագ' 10-30 վայրկյանների ընթացքում (առավելագույն միանվագ դեղաչափը 600 մգ է), ընդ որում, ներերակային ներմուծման անհրաժեշտության դեպքում ներմուծումը կարելի է կրկնել օրը 4 անգամ: Նկատի ունենալով պսակային արյան շրջանառության հնարավոր վատացումը' որոշ հեղինակներ առաջարկում են կիրառել դիազօքսիդի ավելի փոքր դեղաչափեր (սկսել 75 մգ դեղաչափի ներերակային ներարկումից, իսկ ազդեցության բացակայության դեպքում անհրաժեշտ է դեղը ներմուծել յուրաքանչյուր 5 րոպեն մեկ անգամ 150 մգ-ից, սակայն ընդհանուր դեղաչափը չպետք է գերազանցի 300-600 մգ-ը):

Արյան պլազմայում դիազօքսիդի ներմուծված դեղաչափի 90%-ր կապվում է սպիտակուցների հետ, այդ պատճառով ներերակային  ներմուծման ժամանակ անհրաժեշտ է դեղն արագ ներարկել: Արյան պլազմայում կիսադուրսբերման պարբերությունը հավասար է 24 ժ:
Կողմնակի ազդեցությունները: Դիազօքսիդի հրահրած հիմնական կողմնակի ազդեցություններից է սիմպաթային նյարդային համակարգի ռեֆլեքսային դրդումը (հատկապես զարկերակային ճնշման կտրուկ իջեցման ժամանակ), որն արտահայտվում է ոչ միայն հաճախասրտությամբ, այլ սրտամկանի իշեմիայի խորացմամբ ու անգամ սրտի ինֆարկտի զարգացմամբ:

Դիազօքսիդը առաջացնում է օրգանիզմում ջրի կուտակում և մեծացնում է այտուցների զարգացման վտանգը