Կարդիոսելեկտիվ b-պաշարիչները կարելի է կիրառել կրծքի հեղձուկի բուժման ժամանակ այն անձանց մոտ, որոնք տառապում են բրոնխիալ ասթմայով, շաքարային դիաբետով, Ռեյնոյի համախտանիշով, ինչպես նաև կրծքի հեղձուկով տառապող հղի կանանց մոտ: Սակայն b1-ընտրողական պաշարումը հարաբերական է և դրսևորվում է միայն փոքր դեղաչափեր նշանակելիս: Այդ դեղաչափերով նրանք էական ազդեցություն չեն թողնում b2-ընկալիչներով միջնորդվող ֆիզիոլոգիական ռեակցիաների վրա (բրոնխալայնացում, ինսուլինի սեկրեցիա, լյարդից գլյուկոզայի մոբիլիզացիա, անոթալայնացում և հղի արգանդի կծկողունակություն): b1-պաշարիչները չնչին չափով են սահմանափակում ֆիզիկական ակտիվությունը, քանի որ, ի տարբերություն ոչ ընտրողական b-պաշարիչների, նրանք չեն առաջացնում կմախքային մկանների անոթների կծկում և ավելի քիչ է արձանագրվում մկանային թուլություն և հոգնածություն: b1-պաշարիչները, ի տարբերություն b2-պաշարիչների, չեն ազդում ԸԾԱԴ վրա: b2-պաշարիչները նույնիսկ կարող են նպաստել կատեխոլամինների հանդեպ դրսևորվող անոթակծկումային ռեակցիայի ուժեղացմանը:

Ոչ ընտրողական b-պաշարիչները ունեն մի շարք առավելություններ  b1-պաշարիչների կամ ՆՍԱ օժտված b-պաշարիչների հանդեպ՝

1.Կատեխոլամիններից առաջացած հիպոկալիեմիայի կանխում: Սրտային անբավարարության բուժման ժամանակ միզամուղները անհրաժեշտ է զուգորդել ոչ ընտրողական b-պաշարիչների հետ:
2.Ոչ ընտրողական b-պաշարիչները ունեն որոշակի առավելություն թիրեոտոքսիկոզի, պորտալ հիպերտենզիայի, միգրենի և էսենցիալ դողի բուժման ժամանակ:

ՆՍԱ օժտված b-պաշարիչները խթանելով սրտամկանի չպաշարված b1-ընկալիչները դրսևորում են մի շարք դրական հատկություններ: Նախ և առաջ նրանք ավելի քիչ են նվազեցնում սրտի կծկման հաճախականությունը և առաջ են բերում "կարգավորված" բացասական ինոտրոպ էֆեկտ: Դա շատ դրական անդրադարձ կարող է ունենալ հիպոտոնիայով, հազվասրտությամբ և սրտի կծկման թուլությամբ զուգորդվող կրծքի հեղձուկի բուժման ժամանակ: Բացի այդ, նրանց ընդունման դադարից հետո կառաջանա ավելի թույլ արտահայտված հանման ֆենոմեն:

Տարբերում են ՆՍԱ օժտված b-պաշարիչների 3 ենթախումբ՝

1.b-պաշարիչներ, որոնց ՆՍԱ արտահայտվում է b1-ընկալիչների նկատմամբ (էպանոլոլ)
2.b-պաշարիչներ, որոնց ՆՍԱ արտահայտվում է b2-ընկալիչների նկատմամբ (պինդոլոլ, դիլեվալոլ, ցելիպրոլոլ)
3.Ոչ ընտրողական ՆՍԱ օժտված b-պաշարիչներ (օքսպրենոլոլ, բուցինդոլոլ): Այս խումբը կլինիկական նշանակություն չունի:

b-պաշարիչների ՆՍԱ դեպի b1- և b2-ընկալիչները տարբերվում են, որն առավելագույնս դրսևորվում է  հանգստի պայմաններում: Այսպես, էպանոլոլը հանգստի պայմաններում նվազագույն չափով է իջեցնում սրտի կծկման հաճախականությունը (ՍԿՀ), ԱՃ և սրտի արտամղումը, բայց իջեցնում է ՍԿՀ և ԱՃ բարձրացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Էպանոլոլի այս հատկությունները շատ օգտակար են նորմալ կամ ցածր ԱՃ ունեցող լարվածության կրծքի հեղձուկող տառապող հիվանդների բուժման ժամանակ: Մյուս կողմից պինդոլոլը, խթանելով անոթների b2-ընկալիչները, առաջացնում է անոթալայնացում: Հանգստի պայմաններում նա իջեցնում է ընդհանուր ծայրամասային անոթների դիմադրությունը (ԸԾԱԴ) և ԱՃ, չփոխելով սրտի արտամղումը և չազդելով կամ մեծացնելով ՍԿՀ, ինչը դարձնում է նրան շատ օգտակար հիպերտոնիկ հիվանդության բուժման ժամանակ: Բացի այդ, նա կարող է շատացնել արյան մեջ գլյուկոզայի քանակությունը գիշերային ժամերին: b-պաշարիչները տարբերվում են նաև իրենց անոթալայնիչ ակտիվության առկայությամբ:

b-պաշարիչների անոթալայնիչ ազդեցությունը պայմանավորված է՝

1.Արտահայտված ՆՍԱ անոթների b2-ընկալիչների հանդեպ (պինդոլոլ)
2.Անոթների a1- և (կամ) a2-ընկալիչների պաշարամով (լաբետալոլ)
3.Ուղղակի անոթալայնիչ ազդեցությամբ (BW A575c): Այս նյութը ընկճում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ակտիվությունը:

Նշենք, որ անոթալայնիչ էֆեկտի հիմքում կարող է ընկած լինել մի քանի մեխանիզմ: Օրինակ՝ լաբետալոլ (1+2),  ցելիպրոլոլ (1+2+3):
b-պաշարիչները դասակարգվում են նաև ըստ ազդեցության տևողության, որը կարող է կապված լինել նրանց ֆարմակոկինետիկ առանձնահատկությունների հետ: Բացահայտված է, որ ազդեցության երկարատևությունը կախված է քիմիական կառուցվածքի առանձնահատկություններից, լիպոֆիլությունից և արտազատման ճանապարհներից: Լիպոֆիլ b-պաշարիչները ենթարկվում են նյութափոխանակության լյարդում և ունեն համեմատական կարճ կիսաարտազատման ժամանակահատված, իսկ հիդրոֆիլ պաշարիչները դուրս են բերվում հիմնականում անփոփոխ վիճակում երիկամներով և ունեն ավելի երկար  կիսաարտազատման ժամանակահատված: Բացի այդ, սինթեզված են գերկարճ ազդեցության b-պաշարիչներ (ֆլեստոլոլ և էսմոլոլ), որոնք քայքայվում են արյան էսթերազների կողմից և օգտագործվում են միմիայն ներերակային ներարկումների ձևով: Էսմոլոլը օգտագործում են սուր իշեմիայի ախտանիշների բուժման համար և վերփորոքային տախիառիթմիաների պարոքսիզմները հսկելու նպատակով:

Այսպիսով, տարբերում են՝

1.Ճարպալույծ b-պաշարիչներ (ալպրենոլոլ, կարվեդիլոլ, մետապրոլոլ, օքսպրենոլոլ, պրոպրանոլոլ, տիմոլոլ և այլն), որոնք համարյա լրիվ (90% ավելի) ներծծվում են ստամոքս-աղիքային ուղուց: Նշանակում են օրական 2-3 անգամ, իսկ որոշ դեպքերում 4-6 անգամ: Նվազած լյարդային արյունահոսքով հիվանդների մոտ (տարեց մարդիկ, սրտային անբավարարություն ունեցող կամ լյարդի ցիռոզով տառապող հիվանդներ) դեղաչափը պետք է իջեցնել:

2.Հիդրոֆիլ b-պաշարիչներ (ատենոլոլ, նադոլոլ, սոտալոլ և այլն) ոչ լրիվ են ներծծվում ստամոքս-աղիքային ուղուց (30-70%): Կարելի է նշանակել օրական 1 անգամ, իսկ լարվածության կրծքի հեղձուկով հիվանդներին՝ 2-4 անգամ: Ստեղծվել են երկարատև ազդեցության հիդրոֆիլ b-պաշարիչներ (պրոպրանոլոլ-ռետարդ, մետոպրոլոլ-ռետարդ, օքսպրենոլոլ-ռետարդ), որոնք նշանակվում են օրը 1 անգամ: Երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդներին, ինչպես նաև տարեց մարդկանց մոտ (կծիկային ֆիլտրացիայի նվազման պայմաններում) դեղաչափը անհրաժեշտ է իջեցնել:

3.Ճարպալույծ և ջրալույծ b-պաշարիչներ (ացեբուտոլոլ, բիսոպրոլոլ, պինդոլոլ, ցելիպրոլոլ և այլն): Ունեն արտաթորման 2 ուղի՝ լյարդային և երիկամային: Ստամոքս-աղիքային ուղուց ներծծված դեղի 40-60% ենթարկվում է նյութափոխանակության լյարդում, մնացած մասը դուրս է գալիս երիկամով անփոփոխ վիճակում: Նշանակում են օրական 1-3 անգամ:

Այսպիսով, β-ադրենոպաշարիչները պաշարում են ընդերածին կատեխոլամինների դրական քրոնոտրոպ և ինոտրոպ ազդեցությունը` նվազեցնելով սրտի կծկման հաճախականությունը և սրտամկանի կծկողունակությունը: Այս դեղերը նորմալ զարկերակային ճնշում ունեցող հիվանդների մոտ չեն իջեցնում զարկերակային ճնշումը, բայց հիպերտենզիայով տառապող հիվանդների մոտ կարող են իջեցնել զարկերակային ճնշումը:

β-ադրենոպաշարիչների երկարատև կիրառումը կարող է հանգեցնել ծայրամասային անոթային դիմադրության նվազման, որի մեխանիզմը դեռևս պարզաբանված չէ: Ծայրամասային անոթային դիմադրության և սրտի արտամղման ծավալի նվազումը ապահովում են այս դեղերի հակագերճնշումային ազդեցությունը: Ոչ ընտրողական β- ադրենոպաշարիչները պաշարում են նաև բրոնխների հարթ մկաններում տեղակայված β2–ընկալիչները, որն կարող է հանգեցնել կյանքին սպառնացուղ բրոնխաջղակծկումների առաջացման այն հիվանդների մոտ, որոնք տառապում են բրոնխիալ ասթմայով և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ  հիվանդությամբ: Ավելին, շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ ոչ ընտրողական β- ադրենոպաշարիչները կարող են քողարկել հիպոգլիկեմիայի նշանները: Այդ իսկ պատճառով ստեղծվել են ընտրողական β- ադրենոպաշարիչներ: