Ֆանկոնիի սակավարյունությունը (ՖՍ) արյունաստեղծման բնածին խանգարում է և բնորոշվում է պանցիտոպենիայով, արյունաստեղծման ընկճումով և բազմաթիվ բնածին արատներով: Հիվանդության ժառանգումը ռեցեսիվ տիպի է կամ էլ ծնողներից մեկի մոտ քրոմոսոմների ռեցիպրոկ տրանսլոկացիայի առկայության հետևանք է: Բջջագենետիկ հետազոտության արդյունքում, հատկապես դիէպօքսիբութանային թեստի միջոցով (ԴԷԲ - թեստ)  հայտնաբերվում են քրոմոսոմների հավաքածուի յուրահատուկ տիպեր  և քրոմոսոմային անկայունություն: 

Հիվանդությունը սկսվում է 4-10 տարեկան հասակում՝ առավելապես հիվանդանում են տղաները: Բնորոշ են ցածրահասակությունը, գանգի փոքր չափերը, կմախքի զարգացման արատները  (դաստակի առաջին մատի բացակայություն կամ կարճացում, նախադաստակի ոսկրերում ոսկրացման կենտրոնների բացակայություն, ճաճանչոսկրի բացակայություն կամ կարճացում, ազդրային հոդերի բնածին հոդախախտ, ծուռթաթություն):

Նկարագրվում է նաև մելանինի կուտակման արդյունքում ախտաբանական բծավոր տիպի պիգմենտավորում: Նյարդային տիպի շեղումներից կարող են  լինել շլություն, ակնաճեղքերի նեղացում, վերին կոպի իջեցում, խլություն, մտավոր թերզարգացում, միզասեռական օրգանների կողմից նրանց թերզարգացում, կրիպտորխիզմ, հիպոսպադիա, առնանդամի և ամորձիների տեղակայման շեղումներ, երիկամների ապաճ, ավազանի և միզածորանի երկատում, երիկամների բազմակիստայություն: Հաճախակի դիտվում են սրտի բնածին արատներ:

Ծայրամասային արյան պատկերը բնորոշվում է ռետիկուլոցտների բացարձակ քանակի նվազումով, լեյկոցիտների և գրանուլոցիտների քանակների  իջեցումով, երբեմն կարող են հանդիպել սակավաթիվ մեծ տրամագծով էրիթրոցիտներ, թիրախանման  էրիթրոցիտներ, կորիզավոր էրիթրոբլաստներ և նորմոբլաստներ: Էրիթրոցիտներում բարձր է ‎ֆետալ (պտղային) հեմոգլոբինի պարունակությունը: Ոսկրուղեղը կարող է կինել բարձր կամ նորմալ բջջայնության՝ պլազմատիկ բջիջների և մաստոցիտների մեծ քանակով:
Հիվանդության հարաճուն զարգացմանը զուգահեռ ոսկրուղեղի բջջայնությունը շեշտակի նվազում է:

Բուժում
 
Որոշակի դրական, բայց կարճատև արդյունք դիտվում է անդրոգենների  և  ԳԿ օգտագործումից: Իմունաճնշիչ բուժումը ՖՍ ժամանակ գրեթե անարդյու¬նավետ է: Վերջին տարիներին ի հայտ են գալիս տեղեկություններ ՖՍ ժամանակ դրական արդյունքով իրականացված ոսկրուղեղի փոխպատվաստման (ՈՓՊ) վերաբերյալ:

Հիվանդության կանխաիմացությունը հիմնականում անբարենպաստ է: Մահացու ելքի պատճառներն են վարակային բարդությունները և արյունահոսությունները: ՖՍ ծամանակ բարձր է սուր միելոբլաստային լեյկոզով և այլ ուռուցքային հիվանդություններով հիվանդացության հավանականությունը: