Մազերին լավ տեսք տալու, ինչպես նաև  տրամադրությունը փոխելու նպատակով  երբեմն դիմում ենք կոսմետիկ միջոցների. ներկում ենք մեր մազերը տարբեր ներկերով: Ուրախանում ենք առաջարկվող բազմաթիվ ներկերի ու երանգների առատությամբ ու երևի ամենից քիչ մտածում առողջությանը հասցված վտանգի մասին:

Այսօր մազերը ներկում ենք  ինչպես տնային պայմաններում, այնպես էլ մասնագիտացված սրահներում,,,: Սակայն, ինչ ներկ էլ կիրառելու լինենք, արժե իմանալ վերջերս կատարված հետազոտության մասին:

Կամավոր կանանց  հետ  կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ մազերի ներկերը քայքայիչ ազդեցություն ունեն կանանց լյարդի վրա: Պարզվել է, որ կոսմետիկական այս արտադրանքի  բաղադրության մեջ կան նյութեր, ծայրահեղ վտանգ ներկայացնող քիմիական միացություններ, որոնք կարող են հանգեցնել լյարդի ցիրոզի:  Պարզվել է նաև, որ վտանգահարույց  նյութեր կան գրեթե բոլոր ներկերի բաղադրության մեջ: Բազմամյա հետազոտությունների արդյունքները հանգեցրել են այն համոզման, որ 5 տարի  ամենամսյա պարբերությամբ մազերի ներկ օգտագործող կանայք  կարող են առողջական լուրջ  խնդիրներ ունենալ:

Գիտնականները վաղուցվանից են փողհարում, որ մազերը ներկելը վտանգավոր է ոչ միայն մազերի, այլև ողջ օրգանիզմի  համար: Ահա ծանրակշիռ հինգ փաստարկ.

1.Բժիշկները մազերի ներկերից վտանգավոր են համարում հատկապես կապույտը, մորու գույնը և կանաչը: Այս ներկերի բաղադրության մեջ  հաճախ առկա են այնպիսի նյութեր, որոնք կարող են ալերգիաների ու մաշկային զանազան հիվանդությունների  պատճառ դառնալ: Եվ դրանից կարող է  ոչ միայն գլխամաշկը  տուժել. հավանական է դեմքին ցանի  ու քորի առաջացումը:

2.Մազերի հաճախակի ներկումը, նույնիսկ հասարակ ներկերով, որոնք մազերին նոր երանգ  են հաղորդում, կարող են միզապարկի քաղցկեղի պատճառ դառնալ: Ասվածն ապացուցել են Կալիֆոռնիայի գիտնականները դեռևս 5 տարի առաջ: Պատճառը կրկին  ներկերի մեջ պարունակվող քիմիական տարրերն են:

3. Այս ամենից բացի, մազերի հաճախակի ներկումը կարող է  լեյկոզ (արյան քաղցկեղ) առաջացնել: Ընդ որում, հիվանդությունը սպառնում է ոչ միայն կանանց, այլև մազերը  ներկող տղամարդկանց:

4.Մի ահավոր փաստ ևս.  մազերը հաճախակի ներկող կանանց մոտ լիմֆոմայով (քաղցկեղի տարատեսակ) հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Այս հիվանդությունը քայքայում է լիմֆային համակարգը: Ընդ որում, արհեստական սևահերները «ներկված» շիկահերներից ավելի շատ են վտանգված: Բնությունից ոչ սևահեր կանանց  մոտ հիվանդության դեպքերը երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում:

5. Եվ, վերջապես, երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ներկը, եթե այն նույնիսկ շատ որակյալ է համարվում, ինչ ազդեցություն  կունենա մազերի որակի վրա (բարակելը, չորությունը, թեփոտությունը, անփայլությունն ու մազաթափությունը): Գոյություն ունի սխալ կարծիք, թե կոնկրետ այս կամ այն ներկից կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ: Յուրաքանչյուրի մոտ ռեակցիան ներկերի բաղադրության այս կամ այն բաղադրիչի  նկատմամբ կարող է տարբեր լինել:

Իսկ եթե այս նորությունը ձեզ համար հետաքրքիր էր, սակայն, միևնույն է, ցանկանում եք ներկել ձեր մազերը, գուցե փորձեք  օգտագործել բնական ներկեր, ասենք` հինա ու բասմա: Սրանք ամենատարածված բնական ներկերն են, որոնք   կարելի է նույնիսկ տնային պայմաններում  նույն հաջողությամբ  օգտագործել, իսկ դրանց  բարերար ազդեցության մասին խոսել երևի արժե: Հինայով ներկված մազերը ոչ միայն հաճելի երանգ են ստանում, այլև փայլ: Դրանք խթանում են մազերի աճը, դադարեցնում կամ նվազագույնի հասցնում մազաթափությունն ու  թեփը, չեն «վառում» մազերը:

Արևելքի կանայք հազարամյակներ առաջ դեռևս դրանով ներկում էին կտորը, մազերն ու նույնիսկ եղունգները: Եգիպտոսի կայսրուհիները ևս դրանով բուժում  ու ամրացնում էին մազարմատները:

Հինայով ներկելը նմանվում է արևայրուքի (մեր օրգանիզմն արևի ճառագայթների ներքո  պիգմենտ է  «արտադրում») ազդեցության: Այդպես է լինում նաև հինա օգտագործելու դեպքում, այսինքն` գույնը պայմանավորված է մեր օրգանիզմի առանձնահատկություններով, մազի կառուցվածքով  ու այլ ֆիզիկական պատճառներով: Մազերի գունային պիգմենտներն են (տարբեր մարդկանց մոտ դրանք տարբեր են) որոշում գույնը, իսկ հինան ընդամենն այդ պիգմենտներին հնարավորություն է տալիս դրսևորելու այդ հատկությունները: Ի դեպ, նույն մեխանիզմով են աշխատում նաև մազերի տարբեր երանգների համար նախատեսված շամպունները:  Իսկ մազերի գույնը բացացնելու հատկությամբ շամպունները, ըստ էության, թափանցում են կուտիկուլայի մեջ և փոխազդում գունային պիգմենտի հետ: Քիմիական ներկերը ևս նույն կերպ են ազդում, սակայն` շատ կոպիտ:

Հինան էկոլոգիական ներկ է, առանց ամոնիակի, օքսիդանտների ևն: Առաջին անգամից իսկ տարբերությունը խիստ զգալի կլինի: Մազերը դառնում են առատ ու ամուր: Առաջին անգամ հինա օգտագործելու դեպքում հիշեք, որ բաց գույնի մազերը կստանան վառ գազարագույն երանգ, որը մեղմացնելու նպատակով կարելի է պարզապես ձեթ քսել մազերին:  Որքան հինան թարմ լինի, այնքան մազերն արագ կներկվեն: Մուգ գույնի մազերի վրա այն կարող է նույնիսկ չերևալ: Իսկ սև մազերին խարտյաշություն հաղորդելու համար հարկավոր է նախապես մազերը ջրածնի պերօքսիդով գունաթափել: Ինչևէ, եթե որոշեք մազերը ներկել հինայով կամ բասմայով, օգտագործման  եղանակը կկարդաք հենց փաթեթի վրա:

Ի դեպ,հինա ստանում են հինայի ծառի` լավսոնիայի տերևներից:

Amkakh.com