Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են արտաժամյա աշխատանքի վտանգավոր կողմերը: Ինչպես գրում է MedicalXpress-ը, հետազոտության արդյունքներով պարզվել է, որ այն մարդիկ, որոնք 50 օր շարունակ 10 ժամ եւ ավելի աշխատել են, 29%-ով մեծացրել են ինսուլտի հավանականությունը, համեմատ այն մարդկանց, ովքեր աշխատել են ավելի քիչ: Հետազոտությանը մասնակցել է 18-69 տարեկան 140 000 մարդ, որոնց առողջական վիճակին հետեւել են յոթ տարի շարունակ:

Նման գրաֆիկով 10 տարի շարունակ աշխատելու դեպքում ինսուլտի ռիսկը մեծանում է 45%-ով: Ընդ որում՝ տասժամյա աշխատանքային գրաֆիկը հատկապես բացասական է անդրադառնում 50 տարեկանից ցածր մարդկանց վրա:

Ի դեպ, վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հուզական այրման համախտանիշը (գերհոգնածություն) պաշտոնապես ճանաչել է որպես հիվանդություն: Այս վիճակի առաջացմանը նպաստում են միատեսակ եւ լարված օրակարգով աշխատանքը, հուզական լարվածությունը դժվար անձնակազմի հետ աշխատելիս։ Դրան նպաստում է նաեւ աշխատանքի դիմաց բավարար վարձատրության (ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական) բացակայությունը, ինչն անձին ստիպում է մտածել, որ իր աշխատանքն արժեք չունի։