Ճարպեր

Կրծքի կաթի բաղադրիչներից ամենափոփոխականը ճարպերն են. դրանց քանակությունը համապատասխանում է աճող երեխայի պահանջներին: Ճարպերի պարունակությունը փոփոխվում է նույնիսկ նույն օրվա, նույն կերակրման ընթացքում: Կերակրման սկզբում ճարպերը քիչ են, կաթի սերը կարծես թե քաշած է. քիչ-քիչ ճարպերը շատանում են, երեխան ուտում է կաթի վերջին բաժինը` << սերուցքը >>, որը հագեցնում է փոքրիկին ու նա դադարում է ծծել: Եթե երեխան ծարավ է, կծծի մի քանի րոպե, կբավարարվի, իսկ եթե սոված է, երկար կծծի, որ կշտանա: Հետագայում երեխայի աճն ընթանալու է կարճատև ընդմիջումներով, ու այսպես կոչված մարաթոնային սնուցման օրերինփոքրիկն ահագնաբար կսնվի, որպեսզի աճի համար անհրաժեշտ կենսական ուժ հավաքի:
Ճարպերի բաղադրությունը նույնպես կարևոր է: Կրծքով կերակրվող երեխան ոչ միայն անհրաժեշտ քանակով, այլև հատկապես իրեն անհրաժեշտ ճարպեր է ստանում: Գոյություն ունեն առողջությանն օգտակար, զարգացող հյուսվածքները սնուցող ճարպեր, կան նաև պակաս օգտակար ճարպեր, որոնց մեծ քանակությունը վնասակար է, կարող է առաջացնել սրտային հիվանդությունների նկատմամբ որոշակի հակվածություն: Մոր կրծքի կաթը պարունակում է ճարպերի ամենաճիշտ համամասնությունը:

Սպիտակուցներ

Սպիտակուցներն օրգանիզմի աճի հիմքն են: Բարձրորակ սպիտակուցները շատ կարևոր են փոքրիկի կյանքի առաջին տարում, քանի որ նա այդ շրջանում ավելի արագ է աճում, զարգանում, քան երբևէ: Կրծքի կաթի մեջ կան հատկապես զարգացող, աճող երեխային անհրաժեշտ սպիտակուցներ, որոնք հնարավոր չէ գնել կամ պատրաստել և որոնք շատ օգտակար են երեխային: Նորածնի աղեստամոքսային համակարգին ավելի հարմար է կրծքի կաթը, որն արագ մարսվում, յուրացվում է օրգանիզմում: Երեխայի աղիքները յուրատեսակ դռնապաններ են, որոնք փակում են փոքրիկին վնասող ալերգենների ճանապարհը: Կայնքի առաջին ամիսներին փոքրիկի աղիքների պատերն ավելի թափանցելի են, << դարպասները >> բաց են, օտարածին սպիտակուցներն անցնում են արյան մեջ: Մոտավորապես 6 ամսական հասակում երեխայի աղիքներն ավելի զարգացած են և փակում են օտար սպիտակուցների ճամփան: Կրծքով կերակրելիս բացառվում է ալերգենների` երեխայի արյան մեջ թափանցելը: Բացի դրանից, կրծքի կաթը պարունակում է նաև այնպիսի սպիտակուցներ, որոնք պաշտպանում են վարակներից և գոյություն չունեն կովի կաթի, արհեստական սննդի մեջ: Կրծքի կաթի և արհեստական կերի համեմատությունից պարզ է դառնում, թե ինչու են փոքրիկները նախընտրում առաջինը: Կրծքի կաթն ունի թարմ համ, իսկ արհեստական կերը` պահածոյացված մթերքի համ: Կրծքի կաթի մեջ լակտոզան (շաքար) ավելի շատ է, քան կենդանիների կաթի մեջ (20-30 տոկոսով ավելի, քան կովի կաթի մեջ): Արհեստական սննդին ավելացնում են սուկրոզա կամ գլյուկոզա, որպեսզի համով քիչ թե շատ նմանվի կրծքի կաթին: Լակտոզան հարկավոր է ուղեղի և ոսկորների աճի համար, բարելավում է կալցիումի յուրացումը օրգանիզմի կողմից, նրա շնորհիվ աղիքներում բազմանում են խիստ օգտակար մանրէներ:

Վիտամիններ, հանքային աղեր և երկաթ

Կրծքի կաթը բոլորից լավ է ապահովում երեխայի զարգացող օրգանիզմը վիտամիններով, հանքային աղերով և երկաթով: Այս նյութերը եզակի են իրենց կենսաբանական արժեքով. դրանց զգալի մասն օգտագործվում է օրգանիզմի կողմից: Սննդի որակը որոշվում է ոչ թե նրա պարունակած սննդարար նյութերի քանակությամբ, այլ դրանց յուրացման հնարավորությամբ` աղիքների և արյան մեջ անցնելով: Կովի կաթի և արհեստական սննդի բաղադրամասերը լրիվ չեն յուրացվում օրգանիզմի կողմից և չունեն կենսաբանական մեծ արժեք: Եթե կրծքի կաթի այդ բաղադրամասերի 70 տոկոսը յուրացվում է փոքրիկի օրգանիզմի հյուսվածքներում, ապա կովի կաթով կամ արհեստական սննդով կերակրելու ժամանակ արդյունքն այլ է` արյան մեջ անցնում է կովի կաթի պարունակած երկաթի 10 տոկոսը, իսկ արհեստական սննդի պարունակածի 4 տոկոսը: Պարզ է, որ կերակրման այդ միջոցներն արդյունավետ չեն:
Կրծքի կաթի առավելություններից է նաև նրա բաղադրամասերի փոփոխությունը երեխայի աճին զուգահեռ: Առաջին կաթի` խեժի բաղադրամասերը չկան արհեստական սննդի և ոչ մի տեսակի մեջ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am