Կանանց համար կուրծքը հանդիսանում է մարմնի ամենագեղեցիկ  մասերից մեկն ու ուրաքանչյուր կին ցանկանում է դրա ձևը հասցնել կատարյալի: Doctors.am-ը «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում ներկայացնում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ Սեդա Նիկողոսյանի նյութը՝  կրծքերը մեծացնելու, ձգելու և փոքրացնելու մասին:

Կրծքերի մեծացումը կատարվում է իմպլանտներով և լիպոֆիլինգի միջոցով:

Իպլանտներով կրծքերի մեծացումը թույլ է տալիս ստանալ այն ձևը, որը կցանկան հիվանդը: Ըստ ձևի՝ իմպլանտները լինում են անատոմիական ու կլոր: Միշտ համարվել է, որ կնոջ կրծքագեղձի ձևն առավելապես նման է անատոմիական տեսք ունեցող իմպլանտներին: Ինչպես նշում է պլաստիկ վիրաբույժը, հոկտեմբերի 23-ից  նոյեմբեր 27-ը Փարիզի Hopital Saint-Louis-ում կայացած վերապատրաստման ժամանակ քննարկվել է, որ կլոր իմպլատներ օգտագործելիս զգալիորեն պակասում են հետվիրահատական բարդություններն՝ իմպլանտների ռոտացիաները: Բացի դրանից, քանի որ կնոջ կուրծքը գրավիտացիայի ուժի ազդեցությամբ միշտ հակված է կախվելու, վիրահատությունից 5 տարի անց կլոր իմպլանտներով կրծքերն ունենում են էսթետիկ ավելի լավ արդյունք: Նշված կլինիկայում օգտագործում են միայն հարթ թաղանթով իմպլանտներ, քանի որ իրենց փորձը ցույց է տվել, որ այդ իմպլանտներն ավելի քիչ են հակված կոնտրակտուրայի առաջացման:

Լիպոֆիլինգը դա սեփական ճարպի տեղափոխումն է մարմնի մի հատվածից մյուս հատված: Այն հնարավորություն է տալիս օգտագործել տվյալ անհատի սեփական հյուսվածքները, չօգտագործելով օտար մարմին (իմպլանտ) օրգանիզմի համար: Լիպոֆիլինգի միջոցով կարելի է մեծացնել շրթունքները, հետույքը, կրծքերը, շտկել քիթ-շրթունքային ծալքերն ու լրացնել ցանկացած փափուկ հյուսվածքային դեֆեկտ: Սակայն, լիպոֆիլինգի միջոցով կրծքերը մեծացնելիս, պետք է քննարկել պացիենտի հետապագա կրծքերի ցանկալի ծավալն ու արդյոք վերջինս  ունի ճարպի ռեսուրս՝ ավելցուկ մարմնի այլ հատվածներում: Եթե ոչ, ապա միանշանակ ընտրությունը տրվում է իմպլանտների կիրառմանը: Մեծ նշանակություն ունի ճարպը վերցնելու ու մշակելու տեխնիկան, թե տեղափոխված ճարպը որքանով կմնա կրծքերում և չի քայքայվի: Ներկայումս նախապատվությունը տրվում է ճարպը չցենտրիֆուգելուն, հնարավորինս ապահովվում է վակումային փակ մեխանիզմը: Ճարպը վերցնելիս շատ կարևոր է կանյուլյաների, մխոցների և ճիշտ ճնշում ապահովելու հարցը՝ այլապես կունենանք տեղափոխված ճարպի լրիվ քայքայում և չենք ստանա արդյունք: Իսկ ճիշտ վերցնելու, մշակելու և տեղափուխելու ժամանակ կունենանք մինչև 70 տոկոս կենդանի ադիպոցիտներ:

Մաստոպեկսիան վիրահատություն է, որն ուղղված կրծքերի ձգմանը: Կնոջ կուրծքը տարիների ընթացքում ու հետլակտացիոն շրջանում գրավիտացիայի ուժի ներքո կորցնում է իր էլաստիկությունն ու կախվում: Սա երիտասարդ կնոջ համար երևի թե ամենաանցանկալի երևույթն է: Մաստոպեկսիայի միջոցով, հեռացվում է կրծքերի ավելորդ մաշկը, այսինքն կրծքերը մնում են նույն չափսի, բայց դառնում են ավելի ձիգ ու վերադառնում իրենց հին ֆիզիոլոգիական դիրքին: Գոյություն ունեն մաստոպեկսիայի մի քանի տեսակներ՝

• շրջանաձև- այս եղանակով սպին լինում է միայն արեոլայի շուրջ: Բայց պետք է նշել, որ այս եղանակով հնարավոր չէ հասնել մեծ փոփոխությունների, կարելի է կատարել մեծացած արեոլայի փոքրացում և կրծքերի թեթևակի ձգում,
• ուղղահայաց՝ կտրավածքը լինում է արեոլայի շուրջ և ուղղահայաց՝ արեոլայի ստորին հատվածից մինչև ստորկրծքային ծալք,
• T-աձև մաստոպեկսիա՝ այս եղանակը հանդիսանում է ամենադասական մաստոպեկսիայի տարբերակը: Կտրվածքը լինում է հարարեոլային, ուղղահայաց և ստորկրծքային ծալքով: T-աձև մաստոպեկսիայով հնարավոր է փոքրացնել արեոլայի չափսը և կուրծքը հետ բերել ցանկալի ֆիզիոլոգիական դիրքին: Մաստոպեկսիա կատարելուց հետո գեղձը չի վնասվում, կինը կարող է հանգիստ կերակրել իր մյուս բալիկնեին:

Ռեդուկցիոն մամմոպլաստիկան որոշ չափով նման է մաստոպեկսիային, բայց տարբերությունը կայանում է նրանում, որ բացի կախված մաշկից հեռացվում է նաև գեղձային հյուսվածքի մի մասը: Ռեդուկցիոն մամմոպլաստիկան ցուցում է մեծ կրծքերի պարագայում, որոնք բացի էսթետիկ առումից կարող են առաջացնել առողջական խնդիրներ՝ ողնաշարի և սրտի հետ կապված: Ռեդուկցիոն մամմոպլաստիկայի դասական կտրվածքը T-աձև կտրվածքն է: Բայց այստեղ վիրահատության բարդ խնդիր ըպտուկ-արեոլային կոմպլեքսի սնուցման ապահովվումն է ճիշտ անոթավորում պահպանելով, եթե ոչ կլին են բազմաթիվ բարդություններ, պտուկ-արեոլային կոմպլեքսի նեկրոզ՝ քայքայում, և կինը կզրկվի պտուկից և արեոլայից:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
11Դեկտեմբերի, 2017