Գուցե անկարևոր թվա, բայց ծնողները պետք է երեխաների հետ լրջորեն խոսեն կորոնավիրուսի մասին՝ բացատրելով այնպես, որ երեխան հստակ պատերացում կազմի դրա մասին: Պետք է լսել իրավիճակի հետ կապված երեխայի վախերը, առաջացած հարցերին տալ սպառիչ պատասխաններ:

Ինչպե՞ս զրուցել

Մի՛ խուսափեք ուղիղ հարցադրումներից: Երեխային հարցրեք, թե նա ինչ գիտի կորոնավիրուսի մասին: Նրանք կարող են ընկերներից կամ մեծահասակներից տարբեր մեկնաբանություններ լսել այդ ամենի մասին և սխալ պատկերացում կազմել: Երեխաներն իրենց հերթին կարող են սխալ տեղեկատվություն տարածել, և առաջ կգա առավել մեծ խուճապ:

Մի՛ մոռացեք երեխային հարցնել՝ ինչպես է նա իրեն զգում կորոնավիրուսի մասին տեղեկություններից հետո: Այդպիսով նա կկիսվի իր վախերով, մտածմունքներով և անհանգստությամբ:

Եթե երեխան մանկահասակ է, ճիշտ ժամանակն է քննարկել և սովորեցնել նաև սանիտարահիգիենիկ խնամքի բոլոր կանոնները: 

Ճշմարտությունը բացատրեք մատչելի կերպով, այնպես, որ երեխան հասկանա: Երեխային պետք է բացատրել դանդաղ, զգուշորեն՝ օգտոգործելով այնպիսի բառեր, որոնք խուճապ չեն առաջացնի: Եթե երեխան չի հասկանում «վիրուս» բառի իմաստը կամ չի կարողանում արտաբերել «կորոնավիրուս» բառը, փորձեք բացատրել ավելի մատչելի բառերով: Այդպիսով երեխան ամբողջապես պատկերացում կկազմի իրավիճակի մասին՝ զերծ մնալով ստահոդ լուրերից:

Բացատրեք հիգիենայի կարևորությունը: Եթե դեռ չեք խոսել երեխայի հետ հիգիենայի մասին, հիմա ճիշտ ժամանակն է: Բացատրեք, թե որքան կարևոր է ձեռքերը հաճախակի լվանալը: Սովորեցրեք, որ հատկապես հազալիս կամ փռշտալիս պետք է դիամկով ծածկել բերանը և քիթը: Այս ամենը նրանց իրավիճակը վերահսկելու վստահություն կտա:

Մեդիայում տարածվող լուրերի ճիշտ ընկալում: Աշխատեք երեխայի կողքին լինել այն ժամանակ, երբ նա կորոնավիրուսի վերաբերյալ որևէ նորություն է կարդում, լսում կամ դիտում: Այդպիսով կկարողանաք վերահսկել, թե երեխան ինչ տեղեկատվություն է ստանում: 
Հիշեցրեք նրանց, որ ցանկացած պահի ձեզ կարող են հարցեր տալ ձեզ: Երեխայի հետ պահեք անկեղծ և բաց հարաբերություններ հատկապես ստեղծված պայմաններում: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա վիրուսը, բայց երեխայի վախերն ու զգացողությունները այդ օրերի կամ շաբաթների ընթացքում ամենակարևորն են: Բացատրեք երեխային, որ դուք միշտ պատրաստ եք խոսել, պատասխանել առաջացած ցանկացած հարցի: 

Ամեն կերպ վստահություն ներշնչեք: Բացատրեք երեխային, որ հազարավոր բժիշկներ, բուժքույրեր և բուժաշխատողներ անդադար աշխատում են ու հոգ տանում բոլորի առողջության և անվտանգության մասին: Շատ կարևոր է իմանալ և գիտակցել, որ մարդիկ օգնում են միմյանց նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակը տագնապային է: Վստահեցրեք երեխային, որ տեղի ունեցող իրադարձությունները (դպրոցների և այլ հաստատությունների աշխատանքի դադարեցումը) համաճարակի կանխարգելմանն են ուղղված: 

Երեխաները շատ զգացմունքային են և հաճախ կարող են տպավորվել այնպիսի խոսքերից կամ իրադարձություններից, որ ձեր մտքով չի անցնում: Նրանք կարող են տպավորվել խոսքերից, նույնիսկ շշուկներից, կամ ծնողների մոտ առաջացած խուճապի զգացողությունից: Երեխաներն ունեն սահմանափակ կյանքի փորձ, այնպես որ խոսեք նրանց հետ և բացատրեք ամեն մանրուք:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland clinic