Նոյեմբերի 14-ին կայացավ ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի կազմակերպած սեմինար-համաժողովը: 

Կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյան.

Ո՞րն է սեմինարի հիմնական նպատակը: Ի՞նչ է այսօր ներկայացվելու:

- Այսօրվա սեմինարը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքել նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, խորագրված է «Նեյրովիզուալիզացիա», ներկայացվելու են ինչպես մագնիսա-ռեզոնանսային (ՄՌՏ) ախտորոշման նորագույն մեթոդները, որոնք մեր կենտրոնի ներմուծմամբ առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում, այնպես էլ, բժշկական այս ուղղության ներկայացուցիչների համար հետաքրքրություն ներկայացնող նաև այլ՝ արդեն հայտնի թեմաներ՝ ցրված սկլերոզի ախտորոշում, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ՄՌ և համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում: Ներկայացվելու է ոլորտում ախտորոշիչ նորագույն մեթոդ հանդիսացող ֆունկցիոնալ ՄՌՏ-ն, ՄՌՏ սպեկտրոսկոպիան, ՄՌՏ պերֆուզիան… Այս ուղղություններն ամբողջ աշխարհում դեռ նոր են զարգանում, և մեր կենտրոնը սա ներդրել է նաև Հայաստանում:

 

Ճառագայթաբանության ուղղությունն ի՞նչ առաջընթաց ունի Հայաստանում: Կարելի՞ է ենթադրել, որ ոլորտը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

- Մեր կենտրոնը, ուժերի ներածին չափով աշխատում է մեր երկրում հասանելի դարձնել: Սա իհարկե դյուրին չէ, քանի որ պահանջում է տեխնիկական հագեցվածություն, մասնագետների պատրաստվածություն:

Կարող եմ ասել, որ Հայաստանում կան բժշկական ոլորտներ, որ բավական մոտ են համաշխարհային զարգացումներին. սա ուրախալի է և ողջունելի:

Հյուրերի շարքում մասնագետներ են միայն Երևանի՞ կլինիկաներից:

- Աշխատել ենք ներգրավել մասնագետներ Երևանի գրեթե բոլոր կլինիկաներից, նաև մարզային խոշոր բժշկական կենտրոններից:

Սեմինարի հիմնական նպատակը հայաստանյան մասնագետներին գիտության, բժշկական այս ուղղության նորագույն ձեռքբերումների մասին տեղեկացումն է:

Նյարդաբան, «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ նմանատիպ սեմինարները կարևոր են հատկապես պրակտիկ, իրական օրինակների, կլինիկական դեպքերի ներկայացման տեսանկյունից: 

- Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը մեծ օգտակարություն ունի, քանի որ շատ հասկանալի և մատչելի կերպով ներկայացվում է նեյրոռադիոլոգիական հիմնական մեթոդների ամբողջ ցանկը: Կարևոր եմ համարում հատկապես, որ դիագնոստիկ մեթոդները և ենթամեթոդները ներկայացվեցին կլինիկական դեպքերի հիման վրա: Ուրախ եմ, որ այս ամենը հնարավոր է իրականացնել նաև Հայաստանում: Նախկինում նման հանդիպումները կարելի է ասել, ունեին տեսական բնույթ, այժմ՝ գործնականում կիրառելի և հասանելի են: Ողջունում եմ ԿՀՄԻ ԲԱԿ Երևան-ի նախաձեռնությունը:

Ձեզ համար հնչե՞ց որրևէ նորություն զեկույցների ներկայացման ընթացքում. մի բան, որին դեռևս ծանոթ չէիք՝ որպես նյարդաբան:

- Ինձ համար որոշ նորություններ հնչեցին հատկապես տեխնիկական մասով, ավելի պատկերավոր ներկայացվեց հետազոտությունների ընթացքը, սարքավորումների հնարավորությունների մասին տեղեկատվությունը: Մասնագետները բավական հանգամանորեն պատասխանեցին նաև հնչած բոլոր հարցերին,- ասում է Ս. Խաչատրյանը:

Ճառագայթաբան՝ Հովհաննես Վարդևանյան .

Ըստ Ձեզ, ի՞նչ արդյունավետություն ունեն նման միջոցառումները, հյուրերին որքանո՞վ հետաքրքրեցին ներկայացված զեկույցները:

- Կարող եմ ասել, որ ամբողջությամբ ներկայացվեցին ՀՏ և ՄՌՏ դիագնոստիկ մեթոդների բոլոր առանձնահատկությունները: Կարծում եմ, որ ներկա բժիշկներն արդեն գիտեն՝ ո՞ր մեթոդին վստահել: Քանի որ շատ մեթոդներ՝ ինչպես օրինակ ֆունկցիոնալ ՄՌՏ-ն, Հայաստանում դեռևս բացառիկ են, բժիշկները գուցե լավ ծանոթ չէին, և տեղեկացվածությունը թույլ էր:

Զեկույց ներկայացվեց ցրված սկլերոզի ՄՌՏ ախտորոշման թեմայով: Սա իսկապե՞ս հիվանդության ախտորոշման համար լավագույն մեթոդ է:

- Հիվանդության համար առավել խոցելի խմբում են երիտասարդները, և ամենափոքր կասկածի դեպքում արժե դիմել ՄՌՏ հետազոտության, քանի որ սա ճառագայթային մեթոդ չէ, չկա ճառագայթային ծանրաբեռնվածություն՝ ի տարբերություն ՀՏ-ի, սակայն հստակ կարելի է տեսնել խնդիրը:

Որո՞նք են հիվանդության հիմնական ախտանիշները:

- Ընդհանուր թուլություն, վերջույթներում կամ մարմնի այլ հատվածներում ցավի, թուլության զգացողություն, որոշակի ֆունկցիայի խանգարում՝ խոսքի և այլն:

Հիշեցնենք, որ սեմինարի ընթացքում զեկույցներ ներկայացրեցին ԿՀՄԻ ԲԱԿ Երևան-ի ճառագայթաբանները հետևյալ թեմաներով՝ Ինգա Մինասյան՝ «Նեյրովիզուալիզացիայի նորագույն ՄՌ մեթոդները», Նարեկ Մատինյան՝ «ՄՌՏ-ի դերը ցրված սկլերոզի ախտորոշման մեջ», Հովհաննես Վարդևանյան՝ «Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ՀՏ ախտորոշում», Դիանա Սահակյան՝ «Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ՄՌ վիզուալիզացիա»:

Նյութը՝ Ամալյա Գրիգորյանի

Աղբյուրը՝ Doctors.am