Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման [3]:

Զարգացած երկրներում ՆՀԻ առաջացրած ֆինանսական ծախսերի ուսումնասիրությունները սկսել են իրականացնել 50–60-ական թթ-ին: Այնուամենայնիվ, դրանցով պայմանավորված իրական ծախսերը մինչև օրս դժվարանում են հաշվարկել: Հաշվարկը հիմնականում կատարվում է հիվանդանոցային փաստաթղթերի հիման վրա, որոնք սակայն ոչ միշտ են պարունակում ամբողջական (համարժեք) տեղեկատվություն լրացուցիչ կատարված բոլոր ծախսերի վերաբերյալ: Այդ պատճառով դրանց ճշգրիտ գնահատումը դժվարանում է և, երբեմն, նույնիսկ դառնում անհնար: Մինչև օրս ԱՊՀ երկրներում ՆՀԻ-ով պայմանավորված ծախսերի համակարգված հետազոտություններ չեն կատարվել [1]: Չնայած խնդրի մեծ ծավալին ու բարդությանը, Էրեբունի Բժշկական Կենտրոնում այնուամենայնիվ փորձել ենք այն իրականացնել: Այդ նպատակով կատարել ենք. [2]:

1. Ինֆեկցիոն բարդություններով ուղեկցվող հիվանդության ծախսերի հետազոտություն, որը ՆՀԻ ֆինանսական ծախսերի գնահատումն է ևկազմում է այն խնայողությունը, որը կարելի է ստանալ ինֆեկցիան կանխելու հետևանքով: Դրանք դասակարգել ենք՝ ուղղակի ևանուղղակի ծախսերի:

Ուղղակի ծախսերը այն ծախսերն են, որոնք անմիջականորեն առնչվել են ՆՀԻ ախտորոշման, բուժման, դեղորայքի, լրացուցիչ տևողության հետ: Հաշվարկի նպատակով կատարել ենք ՆՀԻ հիվանդների հիվանդանոցային և այլ ֆինանսական փաստաթղթերի համեմատում նմանատիպ այնպիսի հիվանդների փաստաթղթերի հետ, որոնք ինֆեկցված չեն եղել: Դիտարկման տարիներին հանրապետությունում անընդմեջ տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և հաճախ փոխվել են տնտեսական տարբեր ապրանքների, ինչպես նաև բուժական զանազան միջոցների գները: Արդյունքում փոփոխվել է նաև ՆՀԻ դեպքերի վրա կատարած լրացուցիչ ծախսերի չափը:

Ուստի, 1998թ. նրա բացարձակ արժեքի համեմատումը 2003թ տվյալների հետ սխալ կլիներ: Այդ պատճառով էլ փորձել ենք ՆՀԻ յուրաքանչյուր դեպքի արժեքը ներկայացնել ոչ թե գոյացած բացարձակ գումարի տեսքով, այլ հաշվարկել նրա գերազանցության մակարդակը այն դեպքերի նկատմամբ (յուրաքանչյուր տարվա համար առանձին), որոնք ինֆեկցիա չեն կրել: Հաշվարկները ցույց են տվել (օրինակ, 2001թ.-ի համար` նկար 1), որ որդանման ելունի հեռացման արժեքը միայն վերքային ինֆեկցիոն բարդության առաջացման հետևանքով բարձրացելէ հիմնական արժեքի նկատմամբ 0,7–1,5 անգամ, իսկ նաև որովայնամզի տարածուն բորբոքման, շնչառական, արյան հունի ինֆեկցիաների և կրկնակի որովայնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ 2–4,5 անգամ:

Միզային ուղիների հետվիրաբուժական ինֆեկցիոն բարդությունները նրա արժեքը բարձրացրել են 0,2–5 անգամ:

Ստամոքսահատման հետվիրաբուժական ինֆեկցիոն բարդությունները՝ 0,5–4, ճողվածքահատման հետվիրաբուժական ինֆեկցիոն բարդությունները՝ 0,2–3,5 անգամ:

Այս եղանակով հաշվարկած արդյունքների ճշգրտությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են նմանօրինակ եղել համեմատվող հիվանդների խմբերը: Հաճախ միայն սեռը, տարիքը և ախտորոշման չափանիշները բավարար չեն նման հաշվարկների նպատակով հիվանդների խմբավորումը իրականացնելու համար: Բացի այդ, հաճախ դժվար է միանշանակ պնդել, թե ուսումնասիրված այս կամ այն միջամտությունը կիրառվել է միայն ինֆեկցիայի հայտնաբերման հետևանքով: Այս մեթոդում հաճախ դեր են խաղում նաև հետազոտողի նախատրամադրվածությունը և սեփական հայեցողությունը որևէ բուժմիջոցառման կիրառման նկատմամբ: Երբեմն դժվար է եղել նաև ճշգրտորեն հայտնաբերել ինֆեկցիոն բարդության առաջացման սկիզբը: Ուստի, այս մեթոդը պարունակում է բացթողումների և սխալների հնարավորություն:



Անուղղակի ծախսերը ընդգրկում են աշխատունակության կորուստը (մասնակի կամ լրիվ), հիվանդի և նրա ընտանիքի անդամների բարոյահոգեբանական ընկճվածությունը: Դրանք օբյեկտիվ չափանիշներ չեն և ֆինանսական գնահատման չեն ենթարկվում, սակայն վերածվում են սոցիալական խնդրի և ունեն ոչ պակաս նշանակություն, քան հաշվարկված ֆինանսական ծախսերը:

2. Ինֆեկցիոն հսկողության ծրագրի (ԻՀԾ) իրականացմամբ պայմանավորված ծախ­սե­րի խնայողություն:

ԻՀԾ-ի կարևորագույն խնդիրներից մեկը գործնականում չարդարացված կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվելը և փոխարենը ինֆեկցիոն հսկողության արդյունավետ մեթոդների մշակումն ու կիրառումն է: Այսօր, դեռևս, քիչ չեն այն միջոցառումները, որոնք շարունակվում են իրականացվել` սովորույթի կամ նախքին հրամանների համաձայն: Միաժամանակ բացակայում են գիտափորձնական այն հիմքերը, որոնք թույլ կտան դրանք փոխարինել կամ վերացնել: Դրանց թվին են պատկանում պարտադիր պարբերականությամբ իրականացվող արտաքին միջավայրի պլանային սանիտարամանրէաբանական հետազոտությունները (ՍՄՀ):

1997թ. Էրեբունի Բժշկական Կենտրոնի ԻՀԾ-ում մշակվել են սանիտարամանրէաբանական հետազոտությունների իրականացման նոր մոտեցումներ: Դրանք բացառապես իրականացվել են կլինիկամանրէաբանական հետազոտությունների (ԿՄՀ) արդյունքներից ելնելով, ինչը հնարավորություն է ստեղծել կատարել նպատակաուղղված ՍՄՀ-ներ և շահել ինչպես ժամանակի, այնպես էլ ֆինանսների մեջ: Կայուն գների բացակայության պատճառով փորձել ենք ԻՀԾ-ի այս միջոցառման արդյունքում գոյացած ֆինանսական խնայողությունը ներկայացնել պլանային և նպատակային կարգով հետազոտված լաբորատոր նմուշների քանակների տարբերությամբ: Դրանք դրամաարժեքի վերածելիս ներկայացնում են հետազոտվող նմուշների քանակի կրճատման շնորհիվ առաջացած խնայողությունը (նկ. 2):



1997թ. արտաքին միջավայրի պլանային սկզբունքով հետազոտված 2276 նմուշների փոխարեն 2001թ. նպատակային սկզբունքով հետազոտվել է ընդամենը 118 նմուշ, այսինքն՝ 19,3 անգամ պակաս, հետևաբար նույնքան նվազել են այդ նպատակի համար տրամադրված ֆինանսները: Սա միայն հետազոտված նմուշների քանակական նվազեցման մեխանիկական համեմատությունն է, սակայն որքան ավելի մեծ է եղել այն խնայողությունը, որը գոյացել է միայն նպատակային ՍՄՀ-ների հայտնաբերման բարձր արդյունավետությամբ, որի շնորհիվ կանխվել են դրանցով պայմանավորված ինֆեկցիաների տարածումը: Նպատակային ՍՄՀ-ով մանրէների հայտնաբերման մակարդակը գերազանցել է պլանային ՍՄՀ-ով՝ 8,1:7,7–ից (1997թ.) – 9,3: 1,1 (2001թ.) անգամ: Խնայված միջոցները տրամադրվել են ԿՄՀ-ների և ԻՀԾ-ով նախատեսված այլ միջոցառումների կիրառմանը:

Անհրաժեշտ է նշել, որ բերված տվյալները ներկայացնում են ԻՀԾ-ի կատարումով պայմնավորված ֆինանսական խնայողության փոքր մասը, քանի որ մեկ աշխատանքում անհնար է այն ամբողջ ծավալով ներկայացնել:

Արդյունքում.

- ՆՀԻ-ով պայմանավորված ֆինանսական ծախսերի ուսումնասիրությունը պետք է կազմի յուրաքանչյուր բուժհիմնարկի ԻՀԾ-իպարտադիր բաղկացուցիչ մասը:
- ՆՀԻ-ի կանխարգելմամբ հաջողվել է կատարել ծախսերի խնայողություն 0,7- 5,0 անգամ:
- Չարդարացված պլանային կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվելու շնորհիվ հաջողվել է հիվանդանոցի կողմից տրամադրվող ծախսերը խնայել 8,1-9,3 անգամ:
- Բուժհիմնարկի առանձնահատկություններին համաձայնեցված ԻՀԾ-ը լավագույն միջոցն է հիվանդանոցային ծախսերի խնայողության և բուժկանխարգելիչ միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար:

Գրականություն

1. Тайц Б.М., Зуева Л.Л. Инфекционный кон­троль в лечебно-профилактических учреждениях.
2. Bennett V., Brashman P. Hospital infections.
3. Dashner F.D. Economic aspects of hospital infections.

Հեղինակ: Ա.Ս. Սարգսյան Էրեբունի Բժշկական Կենտրոն, կլինիկական համաճարակաբան
Աղբյուր: Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2005 (23) 30-33

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am