Ցիստիտն ինֆեկցիոն բորբոքային պրոցես է, որն ընթանում է միզապարկի լորձաթաղանթում: Ցիստիտով հիվանդանում են թե երեխաները, թե մեծահասակները: Կանայք ցիստիտով հիվանդանում են 5-6 անգամ ավելի հաճախ քան տղամարդիկ: Դա պայմանավորված է նրանով, որ կնոջ միզուկն ավելի կարճ և լայն է քան տղամարդունը և գտնվում է մոտ հեշտոցին ու հետանցքին, որի պատճառով էլ ինֆեկցիան միզուկով հեշտությամբ թափանցում է միզապարկ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր կին կյանքում առնվազն մեկ անգամ ունենում է ցիստիտի գանգատներ, որից 37%-ի մոտ հիվանդությունը ձեռք է բերում քրոնիկ բնույթ:
Հիվանդների 35% գտնվում են 20-45 տարիքային խմբում, ինչը պայմանավորված է սեռական կյանքի ակտիվությամբ: Խնդիրն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային միկրոօրգանիզմները հեշտությամբ են ներթափանցում միզուկ:

Երբեմն ցիստիտի պատճառ կարող են հանդիսանալ այլ օրգանների ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ` անգինան, գրիպը, ՍՌՀ, ինչպես նաև միզապարկի լորձաթաղանթը գրգռող սննդի օգտագործումը (թթու, կծու, աղի և այլն), ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, մրսածությունը և սթրեսը:

Ախտանիշներ: Հիմնական գանգատներն են հաճախամիզությունն, այդ թվում և գիշերային, միզարձակության ժամանակ այրոցի, ցավի զգացումը, մեզի պղտորությունը, իսկ հիվանդների 1/3 – ի մոտ նաև կարող է լինել արյունային մեզ: Երբեմն ցիստիտն ընթանում է առանց գանգատների և հանկարծակի հայտնաբերվում է, երբ հիվանդին նշանակում են մեզի քննություն այլ պատճառներով:

Բուժումը և կանխարգելումը: Ժամանակին բուժօգնության դիմելը` բուժման հաջողության գրավականն է: Պետք է հիշել, որ նույնիսկ մի քանի օրով բուժման հետաձգումը կարող է զգալիորեն դժվարացնել գործընթացը: Բուժման համար օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք նկատելիորեն բարելավում են հիվանդի վիճակը առաջին 3-4 օրվա ընթացքում: Սակայն որպեսզի կանխվի ռեցիդիվն, անհրաժեշտ է շարունակել հակաբորբոքային թերապիան ոչ պակաս, քան 3 շաբաթ:

Ցիստիտի ժամանակ պետք է հրաժարվել կծու, թթու, ապխտած, աղի, տապակած սննդամթերքից, քաղցրավենիքից և կոնսերվանտներից: Նախասիրությունը պետք է տալ հեղուկների առատ օգտագործմանը` թեյ, հյութեր, միզամուղ խոտաբույսեր: Քրոնիկ ցիստիտով տառապող հիվանդները պետք է  ստանան երկարատև բուժում և պահպանեն անկողնային ռեժիմ: Դեղորայքային բուժումից բացի կատարվում է նաև միզապարկի լվացում հեղուկ լուծույթներով, ինչն ապահովում է կայուն ապաքինում:

Քրոնիկ ցիստիտի բուժումը հեշտ խնդիր չէ, քանի որ երբեմն հիվանդների մոտ հայտնաբերվում են միզապարկի կառուցվածքային փոփոխություններ, ինչն էլ ենթադրում է հիվանդության երկարատև բուժում: Անհրաժեշտ է նաև իմանալ, որ տվյալ պաթոլոգիայի բուժմամբ զբաղվում են ուրոլոգները, որոնք գիտեն այդ հիվանդության ծագումնաբանությունը:

Քրոնիկ ցիստիտի բուժումը տևում է առնվազն երեք ամիս, որից հետո հիվանդը տարին մեկ անգամ պետք է հետազոտվի ուրոլոգի կողմից: Ցիստիտը, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել հաշմանդամության, որը դրսևորվում է անմիզապահությամբ կամ միզարձակման հաճախակի ցանկությամբ:



Դավիթ Կ. Ֆանարջյան
Բժշկական գիտությունների թեկնածու
"Արմենիա" Հանրապետական Բժշկական Կենտրոնի բժիշկ-ուրոլոգ
"Ֆանարջյան Ընտանեկան Կլինիկա"

Աղբյուրը` Doctors.am