Թմրամիջոցների առանց բժշկի նշանակման և ինքնուրույն օգտագործելը, առավել ևս՝ ներարկվելը, խիստ վտանգավոր փորձություն է: Պնդել, որ թմրամիջոցի հենց առաջին ներարկումը կարող է հանգեցնել կախվածության (drug dependence), համոզիչ չէ, քանի որ դուք ինքներդ երևի թե ականատես եք եղել այնպիսի դեպքերի, երբ թմրամիջոց չարաշահող անձն ինքնակամ դադարեցնում է դրա ընդունումը: Ավելին, կախվածության զարգացումը որոշակի ժամանակ է պահանջում, այնինչ ապօրինի թմրամիջոցները կարող են "պատուհաս" դառնալ արդեն իսկ առաջին ընդունման դեպքում:

Կյանքի համար վտանգ կարող է ներկայացնել թմրամիջոցի հենց առաջին անգամ օգտագործելու փորձը, քանի որ օրգանիզմի համար դեռևս անսովոր նյութը կարող է դրսևորել սովորականից ավելի մեծ ազդեցություն՝ առաջ բերելով գերդոզավորում: Սա նշանակում է, որ առաջին իսկ ընդունումը կամ ներարկումը կարող է ունենալ մահացու ելք:

Նույն կերպ, դեռևս թմրամիջոցի շշմեցնող կամ շարժողական կոորդինացիան խախտող կամ էլ հալյուցինացիաներ առաջացնող ունակություններին անծանոթ անհատը կարող է իրեն և ուրիշներին ենթարկել ավտովթարների, վրաերթերի և տարատեսակ այլ վնասվածքների ռիսկին: Սա առավել վտանգավոր է դառնում հատկապես ցնորածինների պարագայում:

Ներարկային թմրամիջոցների դեպքում հնարավոր է, որ անփորձ երիտասարդը հենց առաջին ներարկման պատճառով վարակվի ՄԻԱՎ-ով կամ հեպատիտներով: Իհարկե, արյունածին վարակներ ձեռք բերելու վտանգը մեծանում է կրկնակի ներարկումների հետ զուգահեռ, բայց չի բացառվում, որ վարակումը տեղի ունենա առաջին իսկ ներարկման դեպքում: Ոչ ստերիլ ասեղի, ներարկիչի կամ ներարկման պարագաների օգտագործմամբ հնարավոր է նաև սուր բակտերիալ բարդությունների առաջացումը, այդ թվում՝ սուր ֆլեբիտի (երակաբորբ) և սեպսիսի ("արյան վարակում") զարգացումը:

Հայաստանում թմրամիջոցի առանց բժշկի նշանակման օգտագործումն ինքնին նախատեսում է քրեական պատասխանատվություն, և ոչ ոք չի հարցնի՝ առաջի՞ն, թե՞ հերթական անգամն է ապօրինի թմրամիջոցն օգտագործվել: Նույն կերպ, անախորժություններ և կոնֆլիկտներ են սպասվում թմրամիջոց օգտագործած մարդուն, եթե այդ փաստի մասին տեղեկանան նրա ընտանիքի անդամները, աշխատակիցները կամ ղեկավարությունը: Արդյունքում կարող է նա աշխատանքից հեռացվել կամ լավագույն դեպքում ընկնել "սև ցուցակի" մեջ և կորցնել իր անձի հանդեպ նախկին աշխատանքային ընկերների և ղեկավարների, առավել ևս՝ ընտանիքի անդամների վստահությունը: