Կանաչ թեյին նվիրված են չինացի փիլիսոփաների և հնդիկ բժիշկների բազմաթիվ տրակտատներ. այս ըմպելիքն օժտված է բազմաթիվ յուրահատուկություններով և օգտագործվում որպես դեղամիջոց մի շարք հիվանդությունների դեպքում: Այն հիանալի տոնուսավորում է, լուծում է կենդանական ճարպը և նպաստում է մարսողությանը: Վերջապես, այն պարզապես համեղ է:
Արդյո՞ք այն այնքան օգտակար է, ինչքան մենք ենք կարծում: Հնարավո՞ր է, որ կանաչ թեյն իր մեջ թաքցնում է ոչ միայն երիտասարդության և գեղեցկության կենսաըմպելիք, այլ նաև՝ թույն:
Սկսենք նրանից, որ մեր օրերում այն համարվում է հզոր հակաօքսիդանտ, սակայն օքսիդանտների ինհիբիտորների օգուտի մասին փաստը կասկածելի է: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ մեծ չափաբաժնով հակաօքսիդանտի կիրառումը բացի վնասից, ոչինչ չի տալիս. սկսում են զարգանալ մի շարք հիվանդություններ, օրգանիզմը դադարում է դիմադրել որոշ տեսակի բակտերիաների:
Դա է պատճառը, որ չի կարելի կանաչ թեյը չարաշահել: Եթե օրվա մեջ օգտագործում եք 5-6 ոչ մեծ բաժակ կանաչ թեյ, ապա այն վտանգավոր չէ: Իսկ 1.5 լիտրից ավել թունդ եփված թեյ օգտագործողներն ինքնաբերաբար ընդգրկվում են ռիսկի խմբի մեջ:

Կանաչ թեյն անբարենպաստ ազդեցություն է թողնում նաև նյարդային համակարգի վրա: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ խոսքը գնում է խիտ ըմպելիքի մասին:  Կոնցենտրացված ըմպելիքը խթանում է նյարդային գերգրգռումը: Չէ՞ որ այն պարունակում է ավելի շատ կոֆեին, քան սև սուրճը:

Այսպիսով, խորհուրդ չի տրվում կանաչ թեյի օգտագործումն այն մարդկանց համար, ովքեր ունեն նյարդային հիվանդություն, կամ ովքեր հակված են տրամադրության հաճախակի անկման: Խորհուրդ չի տրվում այս ըմպելիքի օգտագործումը նաև քնելուց առաջ, ինչը վերաբերում է նույնիսկ առողջ մարդկանց. հաճախ հենց այն է դառնում անքնության  պատճառ: 

Կանաչ թեյը պետք է զգուշորեն օգտագործեն այն անձինք, ովքեր ունեն ինչ-ինչ խնդիրներ սիրտ-անոթային համակարգում (առիթմիա և հաճախասրտություն): Այս ըմպելիքում պարունակվող բաղադրիչները առաջացնում են արագացված սրտխփոց, որը ոչ միայն հանգեցնում է հիվանդության սրացմանը, այլև կարող է սրտի ռիթմի խանգարման պատճառ հանդիասնալ:

Բացի այդ, կանաչ թեյը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը. հետևաբար,  չպետք է այն խմել դատարկ ստամոքսին:  Բանն այն է, որ այն խթանում է մարսողությունը, այսինքն՝ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, և եթե ստամոքսը դատարկ է, այն սկսում է ինքն իրեն «մարսել», ինչն էլ հանգեցնում է էրոզիաների առաջացմանը, որոնք հետագայում կարող են վերափոխվել խոցերի:

Այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն գաստրիտ և խոց, հատկապես պետք է խուսափեն նման ըմպելիքի օգտագործումից սոված ժամանակ: Բազմաթիվ աղբյուրներից կարելի է տեղեկանալ, որ այս հիանալի ըմպելիքը կանխում է այս հիվանդությունները, բայց այս պարագայում պետք է հետևողական լինել և հասկանալ, որ այն գործում է որպես թույն. ամեն ինչ կախված է չափաբաժնից և ընդունման ժամանակից:

Հետևաբար, ստամոքսի քրոնիկ հիվանդությունների սրման ժամանակ կա՛մ պետք է ընդհանրապես հրաժարվել կանաչ թեյից, կա՛մ այն պետք է կիրառել ոչ շատ կոնցենտրացված վիճակում՝ ուտելուց հետո: Այդ դեպքում այն իսկապես կգործի որպես դեղամիջոց և չի նպաստի պրոցեսի կրկնմանը:
Կանաչ թեյը հիանալի ըմպելիք է. այնուամենայնիվ պետք է հաշվի առնել վերջինիս «խորամանկ» հատկությունները և Ձեր օրգանիզմի յուրահատկությունները: Այս դեպքում կանաչ թեյի օգտագործումը միմիայն օգուտ կտա:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ health.passion.ru